ԵԽԽՎ համազեկուցողները հիշեցրել են  Ստամբուլի և Լանցարոտի կոնվենցիաների վավերացման մասին

Հայաստանի մոնիթորինգի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ Յուլյա Լյովոչկինան և Անդրեյ Շիրցելը մարտի 12-14-ը Երևան այցի արդյունքներով հանդես են եկել հայտարարությամբ, որում նշում են, որ Հայաստանի իշխանությունները հիանալի գիտակցում են փոփոխությունների հանդեպ բնակչության չափազանց բարձր ակնկալիքները։ Ըստ այդմ նրանք կարևորում են, որպեսզի ներկայում անցկացվող բարեփոխումները հանգեցնեն որոշակի և շոշափելի արդյունքների:

 

 

Համազեկուցողները ողջունել են Հայաստանի Ազգային ժողովին ինստիտուցիոնալ համակարգում կենտրոնական դեր հատկացնելու խորհրդարանականների հակվածությունը և իրավասությունների բաշխումը կատարելագործելու գործադիր իշխանության անդամների ցանկությունը։ Նշվում է, որ «իշխանության ուղղահայցության» ավանդույթը Հայաստանում հնացել է և ուժերի հավասարակշռություն հաստատելու ցանկացած պատրաստակամություն միայն պետք է ողջունել, քանի որ դա կարող է օգնել Հայաստանում իրական ժողովրդավարականմշակույթի արմատականացմանը։

 

 

Հայաստանում հանդիպումների ընթացքում համազեկուցողները տեղեկացվել են, որ որոշ ոլորտներում, ինչպիսին են սեռային հավասարությունը և կոռուպցիայի դեմ պայքարը, տեղի են ունեցել ակնհայտ փոփոխություններ, և որ առկա են կոռուպցիայի դեմ պայքարի առաջին շոշափելի արդյունքները։

 

 

«Մենք ողջունում ենք պատրաստվող խոշոր բարեփոխումները, որոնք վերաբերում են դատական իշխանության անկախությանը, նոր քրեական քաղաքականության ընդունմանը և հատուկ կոռուպցիայի և խտրականության դեմ պայքարի համար նախատեսված ինստիտուտների ստեղծմանը, և նույնքան ողջունում ենք այդ ուղղությամբ քաղաքականությունը զարգացնելու հայտարարված մտադրությունը: Մենք ուշադիր կհետևենք այդ բարեփոխումների իրականացմանը։ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին օգտվել ներկայի շատ բարձր հասարակական աջակցությունից, որպեսզի ակտիվացնեն սոցիալական բարեփոխումների, այդ թվում՝ բոլոր հայերի համար սոցիալական ծառայությունների, ինչպես նաև հայկական հասարակության մեջ նուրբ հարցերի՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի, կանանց և տղամարդկանց միջև անհավասարության կամ ԼԳՏԲ-ի հետ կապված բարեփոխումների իրենց ջանքերը։

 

 

Կոչ ենք անում նաև  ապահովել Հայաստանի կողմից ստորագրված  Ստամբուլի և Լանցարոտի բանաձևերի վավերացումը։ Անցյալ տարվա մայիսին նախկին այցից հետո մենք բարձր ենք գնահատում հասունությունը, որով հայկական քաղաքական ուժերը և հայ ժողովուրդը ղեկավարեցին խաղաղ հեղափոխությունը և հետագա քաղաքական անցումը։ Անցումն արդեն ավարտված է 2018թ․ դեկտեմբերի ընտրություններով, որը բոլոր միջազգային դիտորդները և Հայաստանի քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը, որոնց հետ մենք հանդիպել ենք, համարել են ազատ և արդար»,- նշել են համազեկուցողները։

 

 

Վերջում նրանք հավելել են, թե երկիրը խորը փոփոխություններ է ապրում։ «Եվրոպայի խորհուրդը և Խորհրդարանական վեհաժողովը հայ ժողովրդի և նրա ներկայացուցիչների տրամադրության տակ են, որպեսզի ապահովեն այդ փոփոխությունների հաջող նախապատրաստումը և իրականացումը»,- ասված է Հայաստանի հարցով համազեկուցողների հայտարարության մեջ։

 

 

Դիտումների քանակը` 1975

Գլխավոր էջ