Ելենա Նալբանդյան. «Եթե պայքարում ես՝ հնարավոր է, որ պարտվես, բայց եթե չես պայքարում՝ դու արդեն պարտված ես»

 

Ելենա Նալբանդյանը  8  տարի  արտերկրում ապրելուց հետո 2007 -ին վերադարձել է Հայաստան: Ավարտել է Միջազգային  ակադեմիական ինստիտուտը: Մասնագիտությամբ  ֆինանսիստ  Ելենան այժմ աշխատում է գովազդային ընկերությունում՝ որպես փոխտնօրեն: Նա ընդգրկված է Հայ ազգային կոնգրեսի` Երևանի ավագանու ընտրությունների ներկայացրած նախընտրական ցուցակի 14-րդ հորիզոնականում: WomenNet-ի  զրույցը նրա հետ սկսվեց ավանդական հարցից ՝  ինչո՞ւ որոշեցիք  քաղաքականություն մուտք գործել:

 

– Քաղաքական գործունեությունը սկսել եմ 17 տարեկանից, հայրենիք վերադառնալուց հետո: Երբ տեսա Հայաստանի անմխիթար վիճակը, հիասթափված մարդկանց՝  միացա Կոնգրեսի  շարժմանը: Գնում էի Լևոն  Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին, որտեղ բարձրաձայնվում էր Հայաստանում առկա բոլոր խնդիրների մասին: Դրանից հետո սկսեցի մասնակցել բոլոր հանրահավաքներին, ակցիաներին, քաղաքացիական շարժումներին, այնուհետև դարձա ՀԱԿ անդամ:

Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին, ապա այս անգամ ՀԱԿ-ը որոշեց հանդես գալ նոր ֆորմատով`  ավելի շատ երիտասարդներ ընդգրկելով նախընտրական ցուցակում:  Իրականում  մեր նախընտրական ցուցակում հիմնականում երիտասարդներ են ներկայացված:

 

 

Ծանո՞թ  եք  մայրաքաղաքի  խնդիրներին  և  ինչպե՞ս  եք պատկերացնում  Ձեր աշխատանքը Երևանի ավագանու կազմում:

– Ես մայրաքաղաքի խնդիրներին շատ լավ ծանոթ եմ: Այսօր թիվ մեկ խնդիրը մայրաքաղաքում իրականացվող ծառահատումներն են և կանաչ տարածքներում կառուցապատումը: Դրանք բոլորն էլ տեսնում են: Կարևոր խնդիրներից մեկն էլ  բազմաբնակարան շենքերի պահպանումն է: Մայրաքաղաքի գրեթե բոլոր շենքերի տանիքները, վերելակները վերանորոգման կարիք ունեն:  Թվում է, թե դրանք այդքան կարևոր խնդիրներ չեն, բայց իրականում մարդկանց համար մեծ  նշանակություն ունեն:

 

 

– Բնականաբար, այդ  խնդիրների  մասին  տեղյակ  է  նաև  քաղաքային իշխանությունը:  Ըստ Ձեզ՝ դրանց լուծում չի՞ տրվում: 

– Կարծում եմ, որ լուծում չի տրվում: Եթե չեմ սխալվում, օրինակ` Երևանում գործում է 1800 վերելակ, մինչդեռ վերջին տարիներին միայն դրանցից 40-ն է վերանորոգվել:

 

 

– Որո՞նք են Երևանում առկա խնդիրները, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն:

– Բոլորն էլ առաջնահերթ խնդիրներ են և քայլ առ քայլ  պետք է դրանք լուծվեն: Եվ դա շատ ռեալ է: Երևան քաղաքի բյուջեն կբավականացնի, եթե «ատկատի» մեխանիզմը չգործի:  Իսկ եթե մենք ներկայացված լինենք քաղաքապետարանում, ապա կկարողանանք այդ մեխանիզմը զսպել, որպեսզի գումարները ծախսվեն նպատակային: Չկա որևէ խնդիր, որ ցանկության դեպքում չլուծվի: Իհարկե, հատված ծառերը հնարավոր չէ վերականգնել, բայց հնարավոր է նոր տարածքներում ծառատունկ իրականացնել: Այսինքն՝ չպետք է թողնել, որ կանաչ տարածքների հաշվին կառուցապատում իրականացվի:

 

 

-Ի՞նչ  ակնկալիքներ  ունեք  Երևանի ավագանու  ընտրություններից  և ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել Երևանը մայիսի 5-ի ընտրություններից հետո:

 

-Իմ երազանքներից մեկն այն է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը պատկանի ՀՀ քաղաքացուն, նույնը վերաբերում է Երևանին:

 

 

–         Իսկ  եթե Ձեր ակնկալիքներն իրականություն չդառանա, հնարավո՞ր է, որ  նորից մտածեք  Հայաստանից  հեռանալու  մասին:

 

-Երբեք: Հիմա մենք դռնեդուռ ընկած մարդկանց հետ խոսում ենք, ծանոթանում ենք նրանց խնդիրներին, և ինձ համար ամենացավալին այն է, որ այսօր մայրաքաղաքի շենքերի բնակարանների մոտ 40 տոկոսի դռները փակ է: Նրանց մեծ մասը Հայաստանում չի ապրում: Դա շատ լոււրջ խնդիր է:  Ինչ վերաբերում է  նրան, թե ընտրությունների արդյուքներից գոհ կլինենք, թե ոչ, ապա այդպիսի խնդիր չկա: Պայքարում ենք մինչև վերջ և երբևիցե չի լինելու այնպես, որ ձեռքներս ծալած նստենք և հանդուրժենք անհանդուրժելին: Հուսահատություն չի կարող լինել. եթե պայքարում ես՝ հնարավոր է, որ պարտվես, բայց եթե չես պայքարում՝ դու արդեն պարտված ես:

 

 

Մերի Մարգարյան

Դիտումների քանակը` 5669

Գլխավոր էջ