Ելենա Մուրադյան: «Մեծերի հոգում էլ  հեքիաթը  շարունակում է ապրել»

Մեր զրուցակից հոգեբան Ելենա Մուրադյանը համոզված է,  որ  մեծերի հոգում էլ հեքիաթը  շարունակում է ապրել, և այդ համոզմունքի վրա է նա կառուցոււմ իր մասնագիտական գործունեությունը՝  օգտագործելով  հեքիաթաթերապիան ոչ միայն երեխաների այլ մեծահասակների հետ հոգեբանական, հոգեշտկող և հոգեթերապևտիկ աշխատանքում:

 

«Երբեմն մեծերն ավելի երեխա են, քան իրենք’ երեխաները: Հեքիաթի միջոցով մեծերն ու փոքրերը կարողանում են միմյանց հասկանալ. սա մի հրաշալի երևույթ է: Հեքիաթը  կարողանում է մեծերին ու փոքրերին միավորել, նրանց մեջ սեր ու ժպիտ արթնացնել, բարություն ու լավատեսություն սերմանել: Ուստի զարմանալի չէ, որ  հեքիաթներն են օգնում մարդու  ներաշխարհ թափանցելու միջոցով հաղթահարել ներքին  մի  շարք  խնդիրներ՝  վախ, տրտմություն, անհանգստություն, – այսպես է ներկայացնում WomenNet-ի  հետ զրույցում հեքիաթաթերապիայի  մեթոդիկան  ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Անձի և մասնագիտական գործունեության հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող Ելենա Մուրադյանը, ով   միաժամանակ համագործակցում է  «Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնի հետ:  Նրա խոսքով,  հեքիաթաթերապիան որպես գործնական հոգեբանության ուղղություն 2000 թվականի սկզբներին առաջին անգամ Հայաստանում ներդրել է հոգեբան, Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ Գայանե Ղազարյանը:

Ելենա Մուրադյանը՝ համագործակցելով  «Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնի  հետ,  կատարելագործում է այդ  գաղափարը՝ անցկացնելով   մեծահասակների համար թերապևտիկ,  բուժական  պարապմունքեր, իսկ  մասնագետների համար՝ վերապատրաստման  դասընթացներ: Նա համոզված է, որ  հեքիաթաթերապիան բարդույթներ, հոգեբանական սթրեսներ ունեցող մարդկանց համար շատ արդյունավետ մեթոդ է, քանի որ  հեքիաթի  օգնությամբ հնարավոր է դառնում բացահայտել ցանկացած մարդու գաղտնի վախերն ու կողմերը և  գտնել իրեն անհանգստացնող խնդիրների լուծումը: Մասնագետի փոխանցմամբ, հայտնի է, որ ժողովրդական հեքիաթը բարերար ազդեցություն է ունենում մարդու հոգեվիճակի վրա, այն դաստիարակում,  կրթում է անձին, նպաստում  նրա հոգևոր զարգացմանը,  շտկում  վարքի որոշ կողմեր,  զարգացնում են  մտածողությունը,  հիշողությունը,  երևակայությունը, օգնում  ազատվել լարվածությունից,  հոգնածությունից և գրգռվածությունից:  Հեքիաթների շնորհիվ երեխան ոչ միայն  նոր գիտելիքներ է ձեռք բերում: Նա  փորձում է նմանվել  իր սիրելի  հեքիաթի հերոսին վերապրում է նրա տխրությունն ու ուրախությունը, նրա հետ  միասին հայտնվում է խնդիրների մեջ և դրանցից ելքեր փնտրում: Դրա շնորհիվ իրական կյանքում նա սկսում է իրեն զգալ ավելի պաշտպանված և ինքնավստահ` օգտագործելով դրական հերոսի կիրառած հնարքները իր խնդիրները կարգավորելու հարցում: Այս ամենը վաղուց է կիրառվում երեխաների հետ աշխատանքում: Նոր խոսքն այստեղ այն է, որ հեքիաթաթերապիայի  համար չկա  տարիքային  սահմանափակում:

 «Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնում  Ելենա Մուրադյանը փորձում է կիրառել այդ մեթոդը 18 տարեկանից  բարձր  անձանց  հետ՝ հեքիաթային  տիկնիկ-թերապիայի, հեքիաթային  նկարչության, ներկայացման և խաղի միջոցով հնարավորություն  տալով  այցելուներին հասկանալ և ընդունել սեփական անձն ու շրջապատող աշխարհն այնպիսին, ինչպիսին  կա, բարձրացնել ինքնագնահատականը և փոխել ցանկալի ուղղությամբ:

 

-Վաղ  հասակից երեխաների մոտ  առկա են  լինում  վախեր, որոնք  չբուժվելու դեպքում  կարող են  առողջական  խնդիրներ առաջացնել և պահպանվել  մինչև  հասուն  տարիքը: Դրանք  հնարավոր է  վերացնել  հեքիաթաթերապիայի  միջոցով, որի  ընթացքում մարդուն սեփական  ներաշխարհն արտահայտելու  հնարավորություն  է  տրվում,  ինչն էլ  օգնում է  բացահայտել նրա  մոտ առկա վախը  կամ  խնդիրը,- ասում է Ելենա Մուրադյանը:

 

Նրա խոսքով, հեքիաթաթերապիայի  բարերար ազդեցությունը ակնհայտ է  մասնավորապես  տարեց  մարդկանց շրջանում  տարվող աշխատանքների արդյունքում: Ի  տարբերություն երեխայի, ում  համար հեքիթաը  նաև դաստիարակչական  նշանակություն ունի,  տարեց մարդու  համար այն  իրականությունն իր  կուտակած փորձի  տեսանկյունից  դիտարկելու և գնահատելու միջոց է:

 

Տարեց  մարդկանց  հետ  անցկացվող պարապմունքների ժամանակ կիրառվում է  մի քանի  տարբերակ: Հեքիաթն  ընթերցում կամ  պատմում է մասնագետը, որից  հետո  խմբի անդամներից  յուրաքանչյուրը մեկնաբանում է այն  յուրովի: Մեկ այլ  տարբերակով արդեն  ծանոթ  հեքիաթի սկիզբը կարդալուց  հետո  յուրաքաչյուրը  շարունակում է  պատմել այն:

 

-Հեքիաթաթերապիան օգնում է բացահայտել խնդիրը, հնարավորություն է տալիս խորհել դրա շուրջ: Շատ հաճախ մարդն  ինքն է  գտնում  խնդրի լուծումը: Տարեցների հետ այս  մեթոդի կիրառման հիմնական նպատակն ու իմաստը երևույթների և հետևանքների փոխկապակցվածության հայտնաբերումն է, հեքիաթն  օգնում է  նրանց խորապես  հասկանալ, գնահատել իրավիճակն ու ու բազմակողմանի  վերլուծության  շնորհիվ գտնել անհրաժեշտ լուծումը: Իսկ  լուծումը կարող է   հուշել  նաև խմբի  մյուս անդամների  արտահայտած տեսակետներն ու կարծիքները: Նրանց  մտածելակերպին առավել հոգեհարազատ են  հայկական  ժողովրդական հեքիթաները, թեև այլ ազգերի  հեքիաթներին  նույնպես քաջատեղյակ են, -ասում է նա:

 

Նրա խոսքով, հեքիաթաթերապիան հոգեպես հանգստացնում, թեթևացնում է տարեց մարդուն, վերականգնում նրա հոգեկան անդորըը, այն թույլ է տալիս դրականորեն վերաբերվել կյանքին, իր շուրջը տեղի ունեցող  երևույթներին, հուսահատված մարդուն՝ հատկապես դրական  ընթացք ու ավարտ ունեցող հեքիաթը ներշնչում է  լավատեսություն:

 

-Մարդը, անկախ  իր անցած ուղուց և ապրած կյանքից, անգամ նյութական կամ  մերձավորների հետ ունեցած  փոխհարաբերությունների դեպքում հեքիաթի  շնորհիվ փոխում է հայացքներն ու մոտեցումները  այդ  խնդիրների հանդեպ,   նա  իրականությունը դիտարկում  և  ընդունում է ավելի հանգիստ, այլ կերպ,  իրականության  հանդեպ փոխվում է  նրա աշխարհընկալումը», – ասում է Ելենա Մուրադյանը: 

 

Անուշ Ներսիսյան

Դիտումների քանակը` 2699

Գլխավոր էջ