Եզդի ընտանիքները Իսլամական պետությունից փախչում են Հայաստան
Եզդի փախստականների երեք ընտանիքներ հաստատվել են Հայաստանում՝ լքելով իսլամական պետության կողմից վերահսկվող տարածքներում գտնվող իրենց տները Իրաքում: Այդ մասին լրագրողերին հայտնեց Հայաստանում «Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին:
«Հուլիսի 30-ին են եկել Հայաստան, երեք ընտանիք են՝ 19 անդամներով, այդ թվում 7 երեխա: Մենք երկու ամիս առաջ հայտարարել էինք, որ երկու եզդի փախստական է եկել այստեղ. նրանք այս ընտանիքների հայրերն էին: Մենք նրանց ներկայացրել էինք Հայաստանում առկա իրավիճակը, տեղեկացրել, որ հարուստ երկիր չէ, բայց այստեղ կրոնական և ազգային խնդիր չկա: Ապահովել ենք կացարանով և սնունդով», – նշեց Բորիս Մուրազին՝ ավելացնելով, որ կազմակերպությունը դիմել է միգրացիոն ծառայությանը, որպեսզի այս մարդկանց ճանաչեն փախստական: «Ընտանիքները մարդկային կորուստներ են ունեցել: Դատարկաձեռն Հայաստան են հասել, հարձակումն անսպասելի է եղել»,- նշեց նա:
Նրա խոսքով, մինչև այստեղ տեղափոխվելը նրանք ապրել են ընդամենը 5 կմ հեռավորության վրա այն վայրից, որտեղ հիմա իսլամական պետության զորքերն են տեղակայված:
«Փախստականներին օգնել ցանկացողները կարող են սնունդ բերել և մենք նրանց կտրամադրենք օգնությունը: Նրանք եզդիերեն և արաբերեն գիտեն, լեզվի խնդիր կա, իրենց համար դժվար է աշխատանք գտնել Հայաստանում, բայց կարող են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվել»,- տեղեկացրեց Մուրազին` հավելելով, որ ընտանիքներ կան, որ էլի Հայաստան են ցանկանում գալ, բայց իրենք խնդրել են սպասել:
«Ակնկալում ենք, որ Հայաստանը կարգավիճակ կտրմադրի փախստականներին և ՄԱԿ-ի գրասենյակը կարգավիճակի տրամադրումից հետո կօգնի նրանց: Լավ կլինի, որ որոշակի արտոնություններ տրվեն, ստեղծվեն պայմաններ, որ ընտանիքները գյուղատնտեսությամբ զբաղվեն »,-հավելեց կազմակերպության նախագահը: Նա նաեւ պատմեց, որ մի քանի օր առաջ բարեգործական ակցիա էին կազմակերպել այդ ընտանիքների համար սնունդ և հագուստ հավաքելու նպատակով, որպեսզի օգնեն նրանց հաղթահարել կյանքի դժվարությունները օտար երկրում մնալու առաջին իսկ օրերին: Երեք ընտանիքները տեղավորել են Արմավիրի Արաքս գյուղում` մեկ տան մեջ, որը նրանց տրամադրել է տեղի եզդիական համայնքը
«Իրաքում եզդիների դեմ իսլամակնների կողմից իրականացվող ցեղասպան գործողությունները և տեղահանությունները ձեռնտու են թե սյունի արաբներին, թե տեղի քուրդ բնակչությանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Իրաքից Հայաստան տեղափոխված եզդի փախստական Թարիք Ղանմը:
17 տարեկան փախստական Ֆադլ Դշարը ասաց, որ միակ բանը, որ նա գիտեր Հայաստանի մասին, այն էր, որ այն ոչ մահմեդական երկիր է: Նա ասաց, որ այն ժամանակ իր ընտանիքի անվտանգությունն ամենակարևորն էր իր համար:
«Մենք փախանք Իսլամական պետության զինյալներից, մեզ համար այլևս ապահով չէր մահմեդական երկրում մնալը: Կարևորն այն է, որ մենք հեռու լինենք այնտեղից: Այստեղ գոնե մեր կյանքը վտանգի տակ չէ», – ասաց նա:
Նշենք, որ անցյալ տարի իսլամական պետության ուժերը տեղահանել են ավելի քան 400 000 եզդիների Հյուսիսային Իրաքի իրենց տներից: Ավելի քան 20 000 եզդիներ սպանվել են և ավելի քան 5 000 կանայք և աղջիկներ գերության մեջ են ներկայումս : Հազարավորներն էլ անհայտ կորած են:
Ի պատասխան Հայաստանի եզդիների համայնքի ղեկավարների խնդրանքի՝ կառավարությունը անցյալ օգոստոսին որոշեց մարդասիրական օգնություն ցույց տալ այն եզդիներին, ովքեր տուժել են Հյուսիսային Իրաքում իսլամական պետության հարձակման պատճառով:
Ավելի վաղ այս տարի Հայաստանի Ազգային Ժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Իրաքում և Սիրիայում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների հետապնդումները Իսլամական պետության կողմից: Բոլոր վեց խորհրդարանական խմբավորումները սատարեցին այդ հայտարարությունը, որն առաձնացնում է Իրաքում եզդիների համայնքին՝ որպես ծայրահեղականների թիրախ:
Դիտումների քանակը` 4572