ԵԱՀԿ կոչը. «Ապահովել կանանց ու երեխաների անվտանգությունը մեկուսացումների ժամանակ»
ԵԱՀԿ ղեկավարները կոչ են անում կառավարություններին ձեռնարկել միջոցներ կանանց ու երեխաների պաշտպանության համար՝ վկայակոչելով նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում մեկուսացումների ու արգելափակումների հետևանքով ընտանեկան բռնության դեպքերի աճի վերաբերյալ ստացվող տեղեկատվությունը։ Հայտարարությունը հրապարակված է կազմակերպության Խորհրդարանական Վեհաժողովի պաշտոնական էջում։
ԵԱՀԿ ղեկավարները նշում են, ցավոք, կանանց ու երեխաների համար տունը միշտ չէ, որ ապահով ապաստան է։ Հաշվի առնելով, որ նրանք առավել շատ ենթարկվում են չարաշահումների, վիրավորանքների և կարիք ունեն պաշտպանվածության ավելացման ու ուժեղացման այս արտակարգ ժամանակաշրջանում։ Կազմակերպության ղեկավարները կոչ են արել իշխանություններին ապահովել նրանց անվտանգությունը բռնարարներից:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրիմինգերն ասել է. «Մինչ պայքար ենք մղում առողջապահական առկա ճգնաժամի հետ, մասնակից պետությունները չպետք է մոռանան պաշտպանել կանանց և երեխաների՝ բռնությունից ազատ ապրելու իրավունքը, քանի դեռ ընտանիքներն ինքնամեկուսացման մեջ են: Պետք է ձեռնարկվեն անհապաղ գործողություններ` նրանց կարիքները հոգալու, ինչպես նաև պետք է միջոցներ ձեռնարկվեն՝ նրանց պատշաճ անվտանգության համար»։
ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնթելան իր հերթին հայտարարել է, որ որոշ կառավարություններ արդեն ձեռնարկում են միջոցներ մեկուսացման ընթացքում ընտանեկան բռնությունների դեմ պայքարելու համար։ Նա հույս է հայտնել, որ այդ միջոցառումները կարող են դառնալ լավագույն փորձը նաև այլ երկրների համար։
Կազմակերպության պաշտոնյաները նկատել են, որ զուգընկերոջ կողմից բռնությունները կարող են ավելանալ տանը փակված լինելու ընթացքում, մինչդեռ այս ընթացքում բռնություններից տուժածներին ու զոհերին աջակցություն տրամադրող ծառայությունների հասանելիությունը նվազել է։
«Շատերը ենթարկվում են հոգեկան, ֆիզիկական և սեռական բռնությունների, իրավիճակը հաճախ սրվում է, երբ ընտանիքները գտնվում են սթրեսային վիճակում»,-ասել է ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի գենդերային հարցերով հատուկ ներկայացուցիչ, կանադացի պատգամավոր Հեդի Ֆրին։
Վերջինը ևս մեկ անգամ հորդորել է ԵԱՀԿ անդամ երկրների կառավարություններին ավելացնել ջանքերը, որոնք ուղղված կլինեն բռնության զոհերի համար անվտանգ տարածքների ապահովմանը, բռնություն գործադրողների հետապնդմանը, ընտանեկան բռնության դեմ պայքարի համար անհրաժեշտ այլ միջոցների ձեռնարկմանը։
ԵԱՀԿ պաշտոնյաները նշել են, որ ընտանեկան բռնության վտանգի նվազեցման ուղղությամբ ձեռնարկվել են մի շարք քայլեր, օրինակ եղել են հանրային տեղեկատվական արշավներ, որոնց օգնությամբ հասարակությանը տեղեկացրել են, որ կանանց համար նախատեսված կացարանները կշարունակեն բաց մնալ կորոնավիրուսի տարածմամբ պայմանանվորված սահմանափակումների ու ինքնամեկուսացումների ընթացքում։ Որոշ երկրներում արգելվել է ալկոհոլի վաճառքը՝ քայլը դիտարկելով ընտանեկան բռնությունը նվազեցնելուն ուղղված, մեկ այլ դեպքում տուժածներին հնարավորություն է տրվել ընտանեկան բռնության մասին զեկուցել հասանելի ու աշխատող օբյեկտներում, ինչպիսիք են օրինակ դեղատները:
Խիստ արգելափակումներ կիրառող երկրներից մի քանիսի կառավարությունները հայտարարել են, որ կանայք չեն տուգանվի, եթե տնից դուրս գալու նպատակը ընտանեկան բռնության մասին ահազանգելն է կամ անվտանգություն փնտրելը։
Միաժամանակ կառավարությունները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ընդլայնել են բռնության զոհերի համար նախատեսված առցանց և հեռախոսային ծառայությունների հասանելիությունը:
«Ընտանեկան բռնության դեմ պայքարը պետության պարտականությունն է: Քանի որ կառավարությունները ձգտում են մարդկանց անվտանգ պահել համաճարակից նրանք պետք է աչալուրջ կերպով հաշվարկեն իրականացրած միջոցառումների հնարավոր ազդեցությունը կանանց վրա, պետք է համոզվեն, որ պաշտպանությունը ինչպես իրական, այնպես էլ հավանական բռնությունից առաջնային է », – ասել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների (ԺՀՄԻԳ) գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրը։
«Որևէ մեկը ստիպված չպետք է լինի ընտրություն կատարել՝ շարժվել օրենքին համահո՞ւնչ, թե՞ ապահովել սեփական անձի անվտանգությունը։ Իշխանությունները պետք է ապահովեն իրենց բոլոր քաղաքացիների անվտանգությունը ՝ ինչպես վարակվելուց, այնպես էլ իրենց տանը բռնության ենթարկվելուց»։
Կազմակերպության ներկայացուցիչները մատնանշել են ԵԱՀԿ-ի կողմից գենդերային հիմքով խնդիրների վերաբերյալ ավելի վաղ ընդունված փաստաթղթերը, կատարված հետազոտություններն ու զեկույցները։
Մասնավորապես, ԵԱՀԿ-ն մարտի սկզբին հրապարակել էր կանանց և աղջիկների նկատմամբ բռնության վերաբերյալ Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայում իրականացված լայնամասշտաբ հարցման արդյունքները: Հետազոտության արդյունքները հիմնված են 15179 կանանց և աղջիկների հարցազրույցների վրա: Զեկույցը պատկերացում է տալիս տարածաշրջանում կանանց նկատմամբ բռնության տարածվածության և հետևանքների, ինչպես նաև բռնությունը սնող կայուն նորմերի և հանրության վերաբերմունքի մասին:
Թարգմանեց Հ. Կարապետյանը
Կարդացեք թեմայի շուրջ.
Ընտանեկան բռնությունը մեկուսացման պայմաններում. իրավիճակը Հայաստանում և այլ երկրներում
Ինչպե՞ս ստանալ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն ընտանիքում բռնության խնդիրներով
Ընտանեկան բռնության հետ կապված իրավիճակը՝ կորոնովիրուսի օրերին
Կանայք և COVID-19. հինգ քայլեր, որոնք այժմ կարող են անել կառավարությունները
COVID-19. «Համավարակի աճին զուգահեռ կանայք և աղջիկները բախվում են ավելի մեծ ռիսկերի»
Դիտումների քանակը` 1340