ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Հայաստանում մեկնարկում է դիտորդական առաքելությունը

ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)՝ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության հիմնական կազմը՝ պատվիրակության ղեկավար Էողան Մերֆիի  գլխավորությամբ Հայաստան է ժամանել։

 

 

ԵԱՀԿ պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, դիտորդական առաքելության կազմում կլինեն կազմակերպության անդամ 9 երկրների 11 միջազգային փորձագետներ։ Նրանք կլինեն Երևանում։ Բացի այդ, ԺՀՄԻԳ-ին խնդրել են Հայաստան ուղարկել երկարաժամկետ 24 դիտորդներ։ Նրանք մայիսի 26-ից տեղակայվելու են հանրապետության տարբեր հատվածներում։

 

 

Առաքելությունը կգնահատի, թե որքանով են ընտրություններն անցկացվում ստանձնած միջազգային պարտավորություններին և ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին, ազգային օրենսդրության, ինչպես նաև ԵԱՀԿ անդամ երկրների կողմից համաձայնեցված պարտավորություններին համապատասխան։

 

 

Դիտորդները մանրամասն կերպով ուսումնասիրելու են իրավական կարգավորումները, դրանց իրականացումը, հետևելու են քարոզչությանը, ընտրական մարմինների ու կաավարության մարմինների աշխատանքներին, այդ թվում ընտրողների գրանցմանն ու ընտրական վեճերի լուծումներին։ ԶԼՄ մոնիտորինգը լինելու է դիտարկման անբաժանելի մասը։

 

 

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նախատեսում է կազմակերպության անդամ երկրներից խնդրել 250 կարճաժամկետ դիտորդներ՝ քվեարկության օրը ընտրական պրոցեսին հետևելու համար։ Սակայն այն մեծապես կախված է կորոնավիրուսի համավարակի հետ կապված զարգացումներից, սահմանափակումներից, ինչպես նաև Հայաստանում առկա առողջապահական կարգավորումներից։

 

 

Դիտորդական առաքելության ընթացքում պատվիրակության անդամները հանդիպումներ կունենան իշխանությունների քաղաքական ուժերի, արդարադատության ոլորտի, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ ներկայացուցիչների հետ։  Քվեարկության օրը ԺՀՄԻԳ-ը առաքելությունն իր ջանքերը կմեկտեղի ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության հետ։

 

 

Երևան ժամանած պատվիրակության անդամներն արդեն սկսել են հանդիպումները։ Մայիսի 18-ին նրանք ԱԳ նախարարությունում էին։   ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար Արտակ Ապիտոնյանը վերահաստատել է  Հայաստանի՝ արդար, թափանցիկ և եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու պատրաստակամությունը։

 

 

 

Նույն օրը պատվիրակությունը հանդիպել է ԿԸՀ նախագահի հետ։ Տիգրան Մուկուչյանը կարևորել է դիտորդական առաքելության դերը գալիք ընտրությունների ժամանակ և ներկայացրել ԿԸՀ կողմից իրականացվող ընտրությունների կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները, ընտրական վարչարարությանն առնչվող խնդիրներն ու ընտրական հանձնաժողովների գործառույթները։

 

 

Հաջորդ օրը ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար Էոհան Մերֆին և մեդիա վերլուծաբան Իվան Գոդարսկին Հայաստանի մայրաքաղաքում հանդիպել են ԶԼՄ ներկայացուցիչներին։ Նրանք հիշեցրել են՝ այստեղ են քաղաքական իշխանությունների պաշտոնական հրավերով։

 

 

 

Անդրադառնալով Ընտրական օրենսդրության  վերաբերյալ վերջին փոփոխությունների մասին հնչած հարցին՝ պատվիրակության ղեկավարն ասել է՝ այս պահին դիտարկումներ ներկայացնել չի կարող, առաքելության ընթացքում ուսումնասիրելու են օրենսդրությունն ու կիրակումը։ Դրանց վերաբերյալ դիտարկումները կներկացնեն վերջնական զեկույցում։

 

 

 

 Բանախոսը նշել է՝ կարիքների գնահատման նպատակով տեղի ունեցած տարբեր հանդիպումների արդյունքում արդեն պատկերացում ունեն, թե ինչ դիտորդական առաքելություն է անհրաժեշտ կազմակերպել առաջիկա ընտրություններին։

 

 

«Թիմն այստեղ է, և մենք աշխատում ենք։ Արդեն այստեղ են տասնմեկ փորձագետներ, որոնք մասնագիտացված են ընտրական տարբեր բաղադրիչների մեջ։ Շուտով ակնկալում ենք 24 երկարաժամկետ փորձագետների այց Հայաստան»,-նշեց նա։

 

 

 

Ըստ ԵԱՀԿ պաշտոնական էջում հրապարակված ժամանակացույցի, երկարաժամկետ դիտորդները Հայաստան կգան մայիսի 24-ին, Հայաստանից կմեկնեն հունիսի 26-ին։ Հունիսի 14-ին Հայաստան կժամանեն կարճաժամկետ դիտորդները։ Նրանք մեր երկրից կմեկնեն հունիսի 26-ին։

 

 

Դիտորդական առաքելությունը միջանկյալ զեկույցը կհրապարակվի դիտարկման ընթացքում՝ հասարակության ու ԶԼՄ-ներին տեղեկատվության տրամադրման համար։ Քվեարկության հաջորդ օրը պատվիրակությունը հանդես կգա մամուլի ասուլիսով։  Ընտրական ողջ գործընթացի դիտարկումը ամփոփող վերջնական զեկույցը կհրապարակվի ընտրական գործընթացի ավարտից մոտ երկու ամիս անց:

 

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 1371

Գլխավոր էջ