Դրական փոփոխություն՝ ընտանեկան դրամագլուխը տնօրինելու կարգում
Երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով կառավաությունն այսօր ընդունել է որոշում, ըստ որի երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան համար տրվող ընտանեկան դրամագլխից տնօրինելու իրավունք ունեցող անձն իրավունք կստանա ամսական 25 հազար դրամի փոխարեն տնօրինել 50 հազար դրամ, անկախ երեխայի 1 տարին լրացած լինելու հանգամանքից:
Հիշեցնենք, որ գործող կարգի համաձայն՝ ընտանեկան դրամագլխի միջոցները ցանկացած բանկային հաշվի հնարավոր է փոխանցել երեխայի 1 տարին լրանալուց հետո, սակայն ամսական առավելագույնը 25000 դրամի չափով:
Փոփոխությունը կատարվել է բանկերի տրամադրած տեղեկատվության հիման վրա: Մասնավորապես, 2017 թ. բոլոր բանկերում գտնվող ընտանեկան դրամագլխի գումարներից (այդ թվում` նախորդ տարիներին փոխանցված) օգտագործվել է 3.6 մլրդ դրամ, որի 1.9 տոկոսը կամ 127.9 մլն դրամը` հիփոթեքային վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, 3.5 տոկոսը կամ 103.6 մլն դրամը` ուսման վարձի համար, 4.8 տոկոսը կամ 337.8 մլն դրամը` գյուղատնտեսական վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, 0.4 տոկոսը կամ 35.7 մլն դրամը` հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային գյուղական բնակավայրերում անշարժ գույք ձեռք բերելու համար, իսկ 83.2 տոկոսը կամ շուրջ 3 մլրդ դրամը` ամսական 25000 դրամ այլ բանկային հաշվի փոխանցելու միջոցով:
Ընդհանուր առմամբ, 2017թ. ընտանեկան դրամագլխի գումարը հիմնականում օգտագործվել է ամսական 25000 դրամ այլ բանկային հաշվի փոխանցելու միջոցով: Պատկերը նույնն է նաև 2016թ.: Այսինքն` գործնականում ընտանեկան դրամագլխի գումարը տնօրինվում է ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական կամ միանվագ վճարումներ կատարելով:
Այսօր հավանության արժանացած կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու հաջորդող օրվանից, անկախ երեխայի 1 տարին լրացած լինելու հանգամանքից, հնարավոր է ընտանեկան դրամագլուխը տնօրինել ամսական առավելագույնը 50000 դրամի չափով ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով:
Ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը դրամագլխի միջոցները նշված նպատակով օգտագործելու համար պետք է դիմի այն բանկ, որտեղ բացված է պետական աջակցության (ընտանեկան դրամագլխի) հաշիվը: Մեկ անգամ դիմելով բանկ` ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը կարող է հանձնարարական տալ բանկին պարբերական վճարումներ կատարել հետագա ամիսների համար:
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 1937