Դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ կապված սկանդալ. հարցեր, որոնք չենք նկատում

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում»  ՀԿ-ի կողմից  114 դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ ձայնագրությունների հրապարակումը մեծ աղմուկ բարձրացրեց :  Լրատվամիջոցներն  անմիջապես արձագանքեցին  աղմկահարույց վերնագրերով, սոցիալական ցանցերը ողողվեցին քննադատական, երբեմն հայհոյախառն արտահայտություններով, մայրաքաղաքում բողոքի երթ անցկացվեց` ԿԸՀ-ին կոչ անելով դիմել դատարան ՀՀԿ կուսակցության մասնակցությունն ընտրություններում չեղարկելու հայցով:  Այս ամենի լուսանցքում  մի շարք հարցեր հայտնվեցին, որոնք շատերը գերադասեցին չնկատել:   

 

 

Նախ, բուն  խնդրի շուրջ  հիշեցնենք, որ   «Իրազեկ քաղաքացի միավորում» ՀԿ-ն ՀՀկ-ի նախընտրական  շտաբի  անունից զանգահարել էր Երևանի և մարզերի դպրոցներ ու մանկապարտեզներ  և  դրանցից 84 դպրոցների և 30  մանկապարտեզների տնօրեններ խոստովանել էին, որ ցուցակներ են ներկայացրել ՀՀԿ-ի համար: Ըստ ՀՀԿ-ի կենտրոնական   շտաբի տարածած պատասխան հայտարարության,  «Ընտրական  օրենսգիքը  չի արգելում ՀՀ քաղաքացիներին ներգրավված լինել քարոզչական և կազմակերպչական աշխատանքների մեջ աշխատանքային ժամից և աշխատանքային պարտականություններից դուրս»:

 

 

Մինչդեռ,«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը պնդում է, որ կրթական հաստատությունների  տնօրենները  հենց աշխատանքային ժամին են կուսակցական աշխատանքում  ներգրավված եղել:  Նրա խոսքով,  ուսումնասիրության շրջանում կատարված բոլոր զանգերը եղել են աշխատանքային ժամերին՝ տնօրենների աշխատասենյակների քաղաքային հեռախոսահամարներից: «Երբ տնօրեններին ասել են ընտրողների ցուցակներում առկա անճշտությունների մասին, նրանցից շատերը պատասխանել են, որ կարող են հենց հիմա նայել իրենց ցուցակները, հետևաբար՝ բոլոր ցուցակները նրանք աշխատավայրում են պահել, իրենց աշխատասենյակներում և դրանք հավաքելով են զբաղվել աշխատանքային ժամերին», – ասում է   Իոննիսյանը:  

 

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում»  ՀԿ-ի տարածած տեղեկությունները գուցե և բավարար էին համապատասխան  մարմինների համար` օրենքով սահմանված իրենց լիազորությունները կատարելու և  վարչական ռեսուրսների չարաշահման իրական լինել-չլինելու հարցը քննության ենթարկելու համար:  Հայտնի է, որ կատարվածի առթիվ ուսումնասիրություններ են սկսել ՀՀ գլխավոր դատախազությունը, ԿԸՀ-ն, ԿԳՆ-ն: Երեկ  ՀՀ  կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնեցին, որ դեռ ուսումնասիրում են կազմակերպության տրամադրած ձայնագրությունները։ Իսկ  ՀՀ դատախազության լրատվության բաժնի  տեղեկացմամբ,  114 տնօրենների հետ զրույցներից  մեկում նկատելի են առերևույթ հանցագործության հատկանիշներ, մյուս 113 ձայնագրություններում հնարավոր խախտումները     պետական այլ իրավասու մարմինների լիազորությունների շրջանակում  են գտնվում: 

 

 

Ամենևին չստորադասելով  արված բացահայտումների   կարևորությունը` նկատենք, որ  օնլայն և տպագիր մեդիայով տարածված լուսանկարները գերազանցապես կին տնօրենների լուսանկարներով պատրաստված  համադրություններ էին, թեպետ դպրոցի տնօրենների հետ  հրապարակված ձայնագրությունների թվում  նաև 16 արական սեռի ներկայացուցիչների հետ զրույցներ կային:  Միայն  կին տնօրենների լուսանկարներով  համալրված  վիզուալ շարքը   հասարակության լայն շերտերի  համար  կանանց ևս մեկ անգամ թիրախավորելու  և սուր քննադատության ենթարկելու, իսկ որոշ դեպքերում նաև կոպիտ հայհոյելու  առիթ դարձավ: Մինչդեռ հասկանալի է , որ   բացահայտող  հրապարակման գլխավոր շարժառիթն ու նպատակակետն  բոլորովին  դա չէր:

 

 

Ինչպես նշում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ –ի  ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանը՝ խնդիրը 114 տնօրենների գործելակերպը չէ, հարցն ավելի խորը և համակարգային է և համակարգային լուծում է պահանջում: Ինչ վերաբերում է հրապարակման մեջ օգտագործված լուսանկարներին, որոնց մեծ մասը կանայք էին, ապա Դանիել Իոնիսյանը նշում է.

 

 

 -Լուսանկարները հիմնականում փնտրում էինք Dasaran.am-ում կամ այլ կայքերում, ոչ բոլոր տնօրենների լուսանկարները կային համացանցում: Ես չէի ասի, որ նկարները գտնելու համար մենք շատ մեծ ջանքեր ենք ծախսել: Եթե հեշտությամբ հնարավոր չէր գտնել, մենք դա բաց էինք թողնում, որովհետև այս պատմության մեջ գոնե մեր կողմից լուսանկարին այդքան կարևորություն չէր տրվում:

 

 

Սակայն փաստը մնում է փաստ.  նպատակ չունենալով այս բացահայտումներով թիրախավորել կանանց և հասարակության մեջ ամրապնդել այն կարծիքը, թե կեղծարարությամբ միայն կանայք են զբաղվում, այնուամենայնիվ, այնպես ներկայացրեցինք խնդիրը,  որ հենց կին  տնօրեններին բաժին հասավ քննադատությունների առյուծի բաժինը:

 

 

-Մենք չենք չենք փորձել դիսկրիմինացիա անել՝ սեռով պայմանավորված, ու չենք էլ փորձել նման եզրահանգումների բերել ընթեցողներին: Այն նկարները, որ կային մի քանի հայտնի օնլայն ռեսուրսներում, այդ նկարներն ենք օգտագործել մեր հրապարակման մեջ, իսկ լրատվամիջոցներով տարածված կոլաժները մենք չենք պատրաստել,-  հավաստիացնում է Դանիել Իոնիսյանը:

 

Տաթև Սարգսյան

Ծաղրանկարը՝  Medialab

 

 

 Հ.Գ.  Նշենք նաև, որ  քաղաքական ուժերի նախընտրական  ելույթներում  անընդունելի որակումներ և համեմատություններ  են հնչեցվում դպրոցի տնօրենների  հասցեին, բացի այդ նկատվում են նաև երեխաների շահերը  խաթարելու փորձեր : 

 Այսպես,  «ԵԼՔ» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը  քարոզարշավի շրջանակներում Արարատ քաղաքում կայացած  հանրահավաքում  անդրադառնալով  84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրենների կողմից ՀՀԿ-ի համար ձայներ հավաքելու փաստին` ասաց հետևյալը.   «ՀՀԿ-աններն ասում են, թե ձայներ հավաքելն օրինական է, երևանյան լճում կանգնող պոռիկները ևս օրինական են, դպրոցը պետք է ազատենք քաղաքական պոռնիկներից»:

Մեկ այլ քաղաքական գործչի ելույթի՝ երեխաներին դպրոցներից հանելու հրապարակային կոչերի վերաբերյալ հայտարարությամբ  հանդես է եկել  Մարդու իրավունքների պաշտպանի  աշխատակազմը:  

«​Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հրապարակային ելույթով կոչ է արել ծնողներին իրենց երեխաներին հանել դպրոցներից: Այդ հրապարակային կոչը լայնորեն տարածվել է զանգվածային լրատվության միջոցներով: Ընդ որում, ելույթում կոչը հիմնավորվում է դպրոցների տնօրեններին, Ն.Զոհրաբյանի ձևակերպմամբ, թաղի խուժանի, կրիմինալի հետ համեմատությամբ: ​Որևէ հանգամանք, այդ թվում՝ նախընտրական քարոզչության գործընթացը չի կարող արդարացնել երեխաների իրավունքները, այդ թվում՝ կրթություն ստանալու նրանց իրավունքը կոպտորեն ոտնահարող հայտարարությունները: Հատկապես վտանգավոր է, երբ այդպիսի կոչերն արվում են հանրային գործիչների կողմից: Պետք է միշտ նկատի ունենալ երեխայի շահը՝ որպես բացարձակ արժեք, իսկ դրա խաթարումը՝ որպես երեխայի իրավունքների խախտում», – նշված է ​​Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հայտարարության մեջ: 

 

 

Դիտումների քանակը` 3089

Գլխավոր էջ