«Դուռը բացվեց». Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջին անգամ սինոդի ավագ պաշտոնում կին է նշանակել

Խախտելով ավանդույթը՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջին անգամ սինոդի ավագ պաշտոնում կին է նշանակել։ Եպիսկոպոսների սինոդի փոխքարտուղար, ֆրանսիացի Նաթալի Բեկվարը առաջին կինն է, ով զբաղեցնում է այս պաշտոնը, որը նրան քվեարկության իրավունք է տալիս։

 

 

52-ամյա կինը սինոդի երկու նոր փոխքարտուղարներից մեկն է։ Նա այս կառույցում խորհրդատու է եղել 2019 թվականից: Եպիսկոպոսական այս մարմինն ուսումնասիրում է վարդապետական ուսմունքի հիմնահարցերը։

 

«Այս նշանակումն ապացուցում է Կաթոլիկ եկեղեցու հովվապետի ցանկությունը՝ ավելացնել կանանց մասնակցությունը եկեղեցում իրազեկման և որոշումների կայացման գործընթացներում», – ասել է սինոդի գլխավոր քարտուղար կարդինալ Մարիո Գրեչը:

 

 

Նա նաև նշել է, որ նախորդ սինոդների ժամանակ ավելացել է որպես փորձագետ և ունկնդիր ներգրավված կանանց թիվը․ «Քույր Նաթալի Բեկվարի առաջադրմամբ և քվեարկությանը մասնակցելու հնարավորությամբ՝ դուռ է բացվել»:

 

 

Սինոդը ղեկավարվում է եպիսկոպոսների և կարդինալների կողմից, ովքեր ունեն ձայնի իրավունք։ Դրա կազմում կան նաև փորձագետներ, ովքեր ձայնի իրավունք չունեն:

 

 

Ծնունդով արգենտինացի Հռոմի պապը վաղուց ազդարարել է իր ցանկությունը՝ բարեփոխել սինոդը և թույլ տալ, որ կանայք և աշխարհիկ մարդիկ ավելի մեծ դեր ունենան եկեղեցում:

 

 

Նշենք, որ Ֆրանսիայում բնակվող Բեկվարը կառավարման ոլորտի մագիստրոսի կոչում է ստացել Փարիզի հեղինակավոր HEC բիզնես դպրոցի կողմից  և մինչև եկեղեցական ծառայության անցնելը ուսանել է Բոսթոնում:

 

 

 

Դիտումների քանակը` 1007

Գլխավոր էջ