Դիտարկումներ ընտրություններից

Հայաստանում այսօր անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ:  WomenNet.am-ը՝ հետևելով  օրվա իրադարձություններին, ֆիքսել  է միջադեպեր ու ընտրախախտումներ,  որոնց  թիրախում կանայք էին…    

 

«Ծառուկյան» դաշինքից՝ ՀՀԿ

 

Նախ, արձանագրենք, որ նախընտրական քարոզչության վերջին օրը կին թեկնածուների թիվը մեկով պակասեց: Արագածոտնի մարզի թիվ 7 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքով վարկանիշային ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Նարինե Առաքելյանը որոշում կայացրեց սատարել ԱԺ պատգամավոր, Հանրապետական կուսակցությունից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Արագած Ախոյանին։ Այս կապակցությամբ Նարինե Առաքելյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասված էր.

 

««Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրվելով որպես վարկանիշային թեկնածու Արագածոտնի մարզի թիվ 7 ընտրատարածքում, հավատ ունենալով կուսակցության առաջնորդի և թիմի նկատմամբ՝ ես փորձել եմ որպես թեկնածու հնարավորինս օգտակար լինել՝ բարձր պահելով այդ դաշինքի անունը: Սակայն մարտի 5-ից սկսած, տեսնելով Արագածոտնի մարզի ընտրատարածքում դաշինքի վարկանիշային թեկնածուների պառակտված վարվելաձևը, ոչ ճիշտ թիմային աշխատանքը, ես դադարեցնում եմ իմ գործունեությունը այդ դաշինքի հետ և հանդես եմ գալիս հետևյալ հայտարարությամբ. Իմ ընտրողների հետ միասին աջակցելու եմ թիվ 7 ընտրատարածքում Հայաստանի Հանրապետական կուսակցության վարկանիշային թեկնածու Արագած Ախոյանին՝ հաշվի առնելով նրա բարձր արժանիքները, հայրենանվեր գործունեությունը, հսկայածավալ աշխատանքները, որ նա կատարել է Հայաստանում և Հայաստանից դուրս՝  Արևմտյան Հայաստանում և միջազգային տարբեր կառույցներում՝ բարձր պահելով հայի պատիվը և արժանապատվությունը: Ես իմ թիմով սատարում եմ Արագածոտնի մարզի թիվ 7 ընտրատարածքի արժանի թեկնածուին, հայրենասեր մարդուն՝ Արագած Ախոյանին, ով ունի բարձր վարկանիշ և վայելում է մարզի համայնքների բնակիչների վստահությունը և հարգանքը»: 
Այդ հայտարարությունը անաձրագանք չմնաց. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Վանիկ Էլիզբարյանը այս կապակցությամբ հետևյալ գրառումն էր կատարել. «Դե ինչ, շնորհավորում ենք պարոն Ախոյանին՝ նման համախոհ ունենալու համար։ Տիկինը, կանխազգալով, որ մեզ հայտնի են դարձել իր կենսագրության հետ կապված խիստ ամոթալի եւ խայտառակ էջեր, ինչի մասին խոսում է ողջ համայնքը, որոշել է ինքնակամ լքել մի դաշինք, որտեղ նմանօրինակ սուբյեկտները տեղ չունեն։ Ցավոք, մեզ ուշ տրամադրվեցին փաստեր Նարինե Առաքելյանի կենսագրության խայտառակ էջերի հետ կապված, այլապես նա ի սկզբանե կլիներ Արագած Ախոյանի համակիրների շարքում։ Մեկ անգամ եւս շնորհավորում ենք պարոն Ախոյանին՝ նման համախոհ ունենալու համար։ Վստահ ենք, որ Արագած Ախոյանը, լինելով տեղացի, իրազեկ է Նարինե Առաքելյանի անվան հետ կապված խայտառակ պատմություններին»։

 

Ծաղկեպսակ

 

Կեսօրից հետո ահազանգ ստացվեց, որ Երևանի Այգեձոր փողոցի 76 շենքի 5-րդ բնակարանի մոտ, որտեղ բնակվում է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, «Ծառուկյան» դաշինքի առաջին կին թեկնածու Նաիրա Զոհրաբյանը, անհայտ անձիք ծաղկեպսակ են դրել`«Ողորմի Նաիրա Զոհրաբյանին» գրությամբ: Armlur.am-ի հաղորդմամբ՝ նշյալ անձիք, մինչ բնակարանի մոտ հայտնվելը, կոտրել են մուտքի մոտ տեղադրված տեսախցիկը, որպեսզի իրենց խուլիգանությունը չարձանագրվի:

 

Նշենք, որ քարոզարշավի ընթացքում Նաիրա Զոհրաբյանը բազմիցս ստիպված է եղել արձագանքել «Ելք» դաշինքի որոշ անդամների ու, մասնավորապես, Արամ Զավենի Սարգսյանի հայտարարություններին և որոշ դեպքերում այդ հեռակա բանավեճը անցել է անձնական վիրավորանքների:

 

Բռնություն լրագրողների նկատմամբ

 

Նախօրեին ԱրմԻնֆո լրատվական գործակալության խմբագիր Տաթևիկ Շահունյանը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, որ գիշերը կոտրել են իր ավտոմեքենայի ապակին: Շահունյանը դեպքը կապել է իր մասնագիտական գործունեության հետ, քանզի նախորդ օրը հոդված է հրապարակել այն մասին, որ Կենտրոն համայնքից ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Հակոբ Բեգլարյանի համակիրները ընտրողներին ընտրակաշառք են առաջարկում: Իսկ որպեսզի ընտրողները համոզվեն, որ չեն կարող գումարը վերցնել և խաբել, առաջարկում են նախքան ընտրատեղամաս գնալը այցելել շտաբ, որտեղ և՛ գումարը կստանան, և՛ կհամոզվեն, որ հետևում են, թե ինչ է կատարվում քվեախցիկում: Այդ հրապարակումից հետո Տաթևիկ Շահունյանի մեքենայի ապակին կոտրել են:

 

… Հաջորդ միջադեպը, որ տեղի է ունեցել արդեն հենց այսօր՝ քվեարկության օրը, ևս կապ ունի նույն Հակոբ Բեգլարյանի հետ: Երևանի Կոնդ թաղամասում այսօր հարձակման են ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանը՝  նա աչքի շրջանում վնասվածք է ստացել, և «Արարատնյուզ» լրատվական կայքի լրագրող Շողիկ Գալստյանը: Վերջինիս քաշքշել են, նա մարմնական վնասվածք, բարեբախտաբար, չի ստացել, սակայն տուժել է լրագրողի տեսանկարահանող սարքը:

 

Եվս մեկ բռնության դեպք արձանագրվել է Գյումրիում, այդ անգամ դիտորդ Նարինե Գրիգորյանի հանդեպ: ԶԼՄ-ները հաղորդել են, որ 32/34 տեղամասում, Գյումրու թիվ 3 դպրոցում, դիտորդը թույլ չի տվել տղամարդուն առանց գրանցվելու ուրիշի փոխարեն քվեարկել, վերջինս դանակով սպառնացել է դիտորդին: Նշվում է, որ միայն ոստիկանների գալուց հետո է իրավիճակը փոքր-ինչ շտկվել:

 

«Չոռնի Անո»․ «Լավ եմ անում, մարդկանց բերել եմ ու պտի բերեմ»

 

Գյումրիի  տեղամասերից մեկում ՀՀԿ-ական թեկնածու Մարտուն Գրիգորյանի օգտին քվեարկված թերթիկ դուրս բերելու դեպք  արձանագրվեց: Ընտրությունների մասնակից քաղաքական ուժերից ահազանգեր են ստացվել ընտրակաշառքներ բաժանելու մասին: «Ծառուկյան դաշինքի» պատգամավորության թեկնածու Արուսյակ Հովհաննիսյանը, այսպես կոչված, «կարուսելի» ահազանգ էր ստացել ու այցելել տեղամաս, պահանջելով արձանագրել դեպքը,  հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը :

 

«Զանգակ» մանկապարտեզում տեղակայված ընտրատեղամասից դուրս հանրապետական թեկնածու Մարտուն Գրիգորյանի և Արուսյակ Հովհաննիսյանի միջև վիճաբանություն տեղի ունեցավ: «Չոռնի Անո» մականունով մի կին էլ չթաքցրեց, որ մարդկանց ուղղորդում է, տներից հավաքում բերում տեղամաս: «Լավ եմ անում, տներից բերել եմ, էլի պտի բերերեմ, խնդիր էլ չեմ տեսնում»,- ասաց «Չոռնի Անոն»: 

 

Լիա Խոջոյան

 

Դիտումների քանակը` 2855

Գլխավոր էջ