Դիպուկահար կանայք. «ցանկացած ժամի` ցանկացած խնդիր »
ՀՀ Պաշտպանության նախարարության «Զինվոր» պաշտոնաթերթը ներկայացնում է հետախուզական և հատուկ նշանակության ստորաբաժանումներում պայմանագրային զինվորական ծառայություն անցնող կին դիպուկահարներին: Խիստ ընտրություն անցած, ֆիզիկական եւ հոգեբանական փորձությունները հաղթահարած, մասնագիտական ունակություններ ձեռք բերած կին զինծառայողներն այսօր պատրաստ են կատարելու իրենց առջև դրված խնդիրները բարձր մակարդակով: «Ցանկացած ժամի` ցանկացած խնդիր»,-այս սկզբունքով են նրանք առաջնորդվում…
ԱՆԻՆ
Քսաներկուամյա հետախույզ-դիպուկահար Անին 17 տարեկան էր, երբ առաջին անգամ ձեռքը վերցրեց AK-74 ինքնաձիգը, սովորում էր Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռազմական ամբիոնում, մոտոհրաձգային դասակի հրամանատար պիտի դառնար, բայց առաջին իսկ կրակոցով խոցեց թիրախը, եւ ամբիոնի պետի արձագանքը չուշացավ. «Իզուր էլ եկել ես, պիտի դիպուկահար դառնայիր»:
Ոմանց համար գուցե ամբիոնի պետի խոսքերը այդքան արժեքավոր չլինեին, իսկ Անին դրանք որպես օրհնություն ընկալեց. «Փոքրուց սիրել եմ զինվորական համազգեստով կանանց, Հայրենական Մեծ պատերազմի մասին պատմող ֆիլմերում նրանց կերպարը այնքան լիարժեք էր, ոգեւորիչ, որ երազում էի նմանվել նրանց, նրանց նման ապրել նույն կյանքով: Երբ ծանոթ սպայից իմացա, որ կարող եմ համալրել հատուկ նշանակության ստորաբաժանման կին զինծառայողների շարքերը, չհապաղեցի, ներկայացա, մասնակցեցի քննություններին եւ ընդունվեցի»,-պատմում է Անին եւ ավելացնում, որ ընդունվելու համար միայն գերազանց ֆիզիկական պատրաստվածությունը բավական չէ, կարեւոր են նաեւ վարքի նկարագիրը, բարոյական ըմբռնումները: Աղջկա կայացրած որոշումը միանշանակ չընդունեց հայրը, բայց հետագայում մտափոխվեց:
Անծանոթ շրջապատում, որտեղ մեծամասնությունը տղամարդիկ էին, Անին չհասցրեց կաշկանդվածություն եւ լարվածություն զգալ. «Բոլորը ինձ ջերմ ընդունեցին: Հաջորդ օրն արդեն գնացինք կրակայինի, եւ երկու օր դաշտային պայմաններում ապրեցի, չհասցրի ինձ նույնիսկ օտար զգալ, միանգամից տարվեցի գործով»,-ասում է Անին եւ ավելացնում, որ իրենց կողքին ծառայող տղամարդիկ, տեսնելով աղջիկների անսպառ ձգտումը, հնարավորությունները, այնուամենայնիվ, որպես թույլ ու նուրբ էակի են վերաբերվում.
«Պետք է ոտքով հաղթահարեինք 350 կմ ճանապարհը: Սա մեր հերթական, բայց ամենատպավորիչ փորձնական առաջադրանքն էր: Օրական 30-40 կմ ճանապարհ էինք անցնում` 20 կգ ուսապարկով, բարդ եղանակային պայմաններում: Ոգեւորությունը մեծ էր, ուզում էինք ապացուցել, որ աղջիկները նույնպես կարող ուժ են: Իսկ տղամարդիկ անընդհատ հարցնում էին` «օգնե՞մ, հո չե՞ս հոգնել»: Աշխատում էինք չդիմել նրանց օգնությանը, որովհետեւ պետք է ցույց տայինք, որ իրենց չենք զիջում: Մեզ դա հաջողվեց, նրանք հիացած էին մեզնով՝ մեր կամքի ուժով»:
Անին ընդգծում է, որ կինն ավելի լավ դիպուկահար է, քան տղամարդը, եւ ասածը հիմնավորում է. «Ֆիզիոլոգիական առումով կնոջ բազուկի մկանները թույլ են զարգացած, եւ կրակելու ժամանակ լարվածությունը փոքր է, ձեռքը չի դողում»:
«Ընտանի՞ք, թե զինվորական ծառայություն». Անիին նման երկընտրանք չի սպառնում, քանի որ իր ընտրյալը եւս հետախույզ-դիպուկահար է. «Ծանոթացել ենք ծառայության ընթացքում, առավոտից երեկո միասին էինք, միշտ իրար օգնում էինք, ընթացքում էլ երկուսիս մեջ ջերմ զգացմունքներ առաջացան, մի քանի օր առաջ նշանվեցինք: Եղել են դեպքեր` աղջիկները ամուսնացել են եւ չեն շարունակել ծառայությունը, զորացրվել են: Հայ տղամարդը մի քիչ դժվար է համակերպվում, որ իր կինը խոհանոցում ճաշ պատրաստելու փոխարեն պետք է համազգեստ հագնի եւ դժվարություններ հաղթահարի»:
Ծառայության դժվարությունները չեն խանգարում Անիին ե՛ւ կանացի լինելու, ե՛ւ տոկուն ու գեղեցիկ. «Միամսյակի կապակցությամբ մաղթում եմ, որ կանայք ու աղջիկները երբեք չկորցնեն իրենց կանացի հմայքն ու գեղեցկությունը, քանի որ աշխարհը փրկում է գեղեցիկը իր բոլոր դրսեւորումներով»:
ՄԱՐԻՆԵՆ
Մարինեն մասնագիտությամբ մանկավարժ է, կարող էր որպես անգլերենի ուսուցչուհի աշխատել մայրաքաղաքի դպրոցներից մեկում, բայց մեկ տարի առաջ ընդունվեց հատուկ նշանակության ստորաբաժանում: Դիպուկահար է: Աղջիկները հիշում են, որ ծառայության առաջին օրերին փոքրամարմին Մարինեից ուժերի գերլարում էր պահանջվում մի քանի կիլոգրամանոց զենքը ձեռքին պահելու համար: Մեկ տարի անց ամեն ինչ այլ էր:
Մարինեն եւ ամուսինը, որ նույնպես դիպուկահար է, առավոտյան բարի լույս են մաղթում երեքամյա իրենց դստերը եւ շտապում ծառայության. «Աղջիկների ծառայության համար ստեղծված են բոլոր պայմանները, ունենք առանձին սենյակ, որտեղ զգեստափոխվում ենք, նաեւ` հանգստի համար նախատեսված սենյակ: Օրն ինձ համար ամբողջանում է ֆիզիկական վարժությունների համալիր առաջադրանքների կատարմամբ, հրում հատակից վարժությունը ամենաշատն եմ սիրում, հաճույքով եմ կատարում: Ծառայությունը ենթադրում է անձնազոհ ապրելակերպ, մի քիչ դժվար է, քանի որ ինձ զրկում եմ աղջկաս հետ ավելի շատ լինելու հնարավորությունից, սակայն ինձ մեկ այլ ոլորտում այլեւս չեմ պատկերացնում, չեմ պատկերացնում առօրյաս առանց մարզումների, մարտավարամասնագիտական պարապմունքների»,-ասում է Մարինեն:
Նա հասցնում է նաեւ հաճախել դասերի, հոգեբանություն է ուսումնասիրում եւ իրեն բնութագրում է այսպես` անվախ, մշտապես պատրաստ պայքարելու, համառ, նպատակասլաց եւ համբերատար. «Դիպուկահարը միշտ պիտի կարողանա հավասարակշռել տրամադրությունը, թոթափել լարվածությունը առաջադրանքը կատարելուց առաջ եւ պարտավոր է հիշել, որ ինքը ընդամենը մեկ կրակոցի հնարավորություն ունի, որը մենք բնորոշում ենք որպես ճակատագրական: Երկրորդ կրակոցից սովորաբար բացահայտվում ես: Հակառակորդիդ պետք է դիտարկես որպես թիրախի, այլ ոչ թե մարդու, հասկանալով, որ եթե չխոցես, մի քանի վայրկյան անց դու ես խոցվելու»:
Մարտի 8-ի կապակցությամբ Մարինեն կանանց եւ աղջիկներին բարեմաղթեց ապրել բարեկեցիկ եւ խաղաղ կյանքով:
ԱՆԱՀԻՏԸ
Անահիտը մասնագիտությամբ մանկավարժ հոգեբան է, հոգով` մանրանկարիչ (սովորել է գեղարվեստի դպրոցում), իր կյանքի կարեւոր առաքելությունն է համարում հայկական բանակում ծառայելը: Երկու երեխաների մայր է. «Ընդունվել էի թիկնապահների ակադեմիա, որտեղ էլ աչքի ընկա դիպուկ կրակելու ունակությամբ, եւ ինձ առաջարկեցին ծառայության անցնել զինված ուժերում: Արդեն երկու տարի է` դիպուկահար եմ: Երբեք չեմ պատկերացրել, որ մի օր մեր զինված ուժերում կանանց կվստահեն նման պատասխանատու գործ: Կարեւորն այն է, որ ե՛ւ հոգեբանի, ե՛ւ նկարչի ունակություններս համատեղ կիրառում եմ եւ ինձ լիարժեք մարդ եմ զգում: Աշխատանքիս հոգեբանական կողմը ենթադրում է ապրումների եւ զգացմունքների կառավարում, հաճախ նաեւ գծագրելու կարիք է լինում, այսպես դրսեւորվում է նկարչական ձիրքս»:
Քիչ խոսել, շատ տեսնել. այս սկզբունքն է որդեգրել Անահիտը: Նա կարծում է, որ իրենց գործում շատ կարեւոր է ուշադիր լինելը մանրուքների նկատմամբ. «Տղամարդիկ իրավիճակն ընկալում և գնահատում են համալիր, մինչդեռ կանայք շեշտն ավելի շատ դնում ենք մանրուքների վրա, իսկ մեր գործը ենթադրում է մանրակրկիտ վերաբերմունք եւ պատրաստվածություն»:
Ուշադիր լսում եմ Անահիտին եւ մտածում` եթե նրան տեսնեի փողոցում, սրճարանում կամ խանութում, արդյոք կենթադրեի՞, որ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է: Մտքերս բարձրաձայնում եմ. «Մեր կառուցվածքին բնորոշ առանձնահատկություններից, կեցվածքից ու քայլվածքից, կարծում եմ, կարելի է ենթադրել. հաճախ, երբ քրոջս հետ տեղ եմ գնում, հանդիմանում է ինձ, ասելով՝ «ամոթ է, շնորհքով քայլիր» (ժպտում է): Բայց մենք էլ բոլոր կանանց նման սիրում ենք բարձրակրունկ կոշիկներ, շրջազգեստներ, խնամված եղունգներ եւ գեղեցիկ սանրվածք: Մեր հայ աղջիկներին ու կանանց ցանկանում եմ, որ միշտ բարձր տրամադրություն ունենան, գնահատված ու սիրված լինեն»:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Աղբյուրը՝ «Զինվոր» պաշտոնաթերթ
Կարդացեք «Կանայք եւ բանակը» խորագրի ներքո մեր կայքւմ հրապարակված նյութերը.
Հավսա՛ր, զգա՛ստ. բանակի աղջիկները / տեսանյութ
Մարիեթ Շուրման. «Կանանց դերը խաղաղության հասնելու համար չափազանց որոշիչ է»
«Վաշտի աղջիկները». Ծանոթացեք ռազմական ինստիտուտի կուրսանտների հետ
«Դեռ չեմ հանդիպել մեկին, ում բանակից շատ կսիրեմ»…
Ինչո՞ւ էին կանայք գնում պատերազմ
Ջոն Հեֆերնը հիշեցրեց խաղասիրական եւ անվտանգության գործընթացներում կանանց դերի մասին
Նորվեգացի կանայք պարտադիր զինծառայության կանցնեն
«Կոտրի՛ր կարծրատիպերը, անցի՛ր մեր շարքերը». բանակի կոչը հայ կանանց / տեսանյութ
Այս պահին հայոց բանակում ծառայում են 2000-ից ավելի կանայք
Հայ կանայք բանակում. կողմ եւ դեմ
Պատրա՞ստ է բանակն ընդունել հայ աղջիկներին ու կանանց
«Զենքը կվերցնեմ ու կգնամ տղայիս հետեւից»
«Ինձ համար իսկապես պատիվ է աշխատել հայոց բանակում»
Զորամասի միակ կին ենթասպան ցանկանում է սպա դառնալ
«Ես ինձ զինվորի մայր եմ համարում, քանի որ զինվորների բոլոր հոգսերին տեղյակ եմ»
Աղջիկների մուտքը ռազմական հաստատություններ՝ բանակի բարեփոխումների մի մասն է
«Անժելիկան տղես ա. պիտի ծառայի»…
Դրա մասին կարող են երազել ոչ միայն «իսկական տղամարդիկ»…
Նրանք բանակի մասին մանկուց են երազել…
«Աղջիկներն իրենց օրինակով կարող են ապացուցել, որ խաղաղ պայմաններում բանակում զոհ չի կարող լինել»…
Կանայք աշխարհի բանակներում և մարտի դաշտում
Ղարաբաղյան պատերազմի կանացի դեմքը
Դիտումների քանակը` 4201