Դիանա Գասպարյան. «Եկել եմ նորը կառուցելու սկզբունքով»

Էջմիածի քաղաքապետի նորանշանակ պաշտոնակատար Դիանա Գասպարյանը WomenNet.am –ի հետ հարցազրույցում  պատմել է,  թե ինչպես է Կառավարության առաջարկը ստանալուց հետո կայացրել իր որոշումը պաշտոնը զբաղեցնելու մասին :  Ասում է, երևակայական կշեռք է ստեղծել իր համար, մի նժարին դրել է ռիսկերը, իսկ մյուս նժարին՝ պլյուսները: Արդյունքում դրականը գերակշռել է, ու նա ստանձնել է վճռորոշ ժամանակաշրջանում քաղաքը բնականոն հունին բերելու պատասխանատվությունը:

 

 

Հայաստանի նորանկախ պատմության մեջ առաջին դեպքն է, երբ քաղաքապետի պաշտոնը կին է ստանձնում: Այս իրողությունը լրացուցիչ հնչեղություն է ստացել Էջմիածնի նախկին  քաղաքապետ Կարեն Գրիգորյանի՝ գեներալ Մանվել Գրիգորյանի որդու, սկանդալային  հրաժարականի ֆոնին:

 

 

Մեզ հետ զրույցում  Դիանա Գասպարյանը  պատմեց նաև, որ երբ առաջարկել են այս պաշտոնը՝ ընտանիքի անդամները շատ են մտահոգվել. «Մայրս շատ մտահոգ էր,հայրս հավատաց ուժերիս,իսկ բարեկամներս ասեցին որ կորցրեցին ինձ (ծիծաղում է-խմբ): Իհարկե մայրս էլ հավատում ուժերիս,բայց անհանգիստ էր շատ: Հասկանում եմ բոլորին, քանի որ իմ նշանակումը անսպասելի էր, բայց քաղաքական թիմը հավատացել ու վստահել է ինձ, և ես որոշեցի վերցնել այդ   պատասխանատվությունը ինձ վրա՝ փորձելով  առայժմ ժամանակավոր պաշտոնակատարի դերում լուծում տալ հատկապես ամենահրատապ հարցերին:

 

 

Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանան Գասպարյանին  որպես հարապարային անձ Էջմիածնում քչերն են ճանաչում,  թեպետ ծնվել է Էջմիածնում, սակայն ուսանել և աշխատել է Երևանում:  «Ծնվել և մշտապես ապրում եմ Էջմիածնում, պարզապես ուսանողական տարիներից կյանքս տեղափոխվել է Երևան, մշտապես աշխատել եմ Երևանում: Այդ պատճառով գուցե Էջմիածնում լայն ճանաչում չունեմ: Ինձ նույնիսկ  «մեղադրում» են նաև Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջով ցույցերին մասնակից չլինելու մեջ, սակայն միայն ֆիզիկապես է, որ ներկա չեմ եղել, անընդհատ հետևել եմ և հոգեպես, մտքերով եղել եմ հարազատ  քաղաքի բնակիչների հետ: Քանի որ Էջմիածնի նախկին բարքերի կազմաքանդումը բոլորիս շահերից է բխել:Իսկ ճանաչված չլինելու ընկալումը փորձում եմ շտկել սոցիալական ցանցերով, ինչի հնարավորությունն այսօր կա», – ասում է նա:

 

 

Հիշեցնենք, որ  Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական էր ներկայացրել սեփական դիմումի համաձայն, իսկ մինչ այդ  էջմիածնեցիները բողոքի ակցիաներ էին անցկացնում ՝ պահանջելով նրա հրաժարականը ու պնդելով, որ քաղաքի բարելավմանն ուղղությամբ աշխատանքներ չեն տարվում, զարգացման ծրագրեր չկան։  Մեր հարցին ՝  ինչպիսի՞ ժառանգություն է ստացել նախորդ քաղաքապետից, նորանշանակ քաղաքապետն ասում է, որ պաշտոնն ստանձնելու երկու օրերի ընթացքում հասցրել է ծանոթանալ իրավիճակին եւ կարող է հստակ ասել՝ որ բողոքներն այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում: «Ականջահաճո լինելու և իմ PR –ի համար կարող էի ասել ,որ ես ստացել եմ քարուքանդ քաղաք, բայց ես դա չեմ անի, քանի որ որոշ  ծրագրեր իրականացվել են: Իհարկե օբյեկտիվորեն չեմ կարող գնահատել,թե ինչքան աշխատանք պիտի արվեր որ չի արվել,բայց որ աշխատանքներ կատարվել են դա հստակ է», – ասում է Դիանան:  Ինչ վերաբերում է քաղաքապետարանի աշխատակազմին, ապա Դիանա Գասպարյանը չի ժխտում, որ սկզբում իրեն զգուշավորությամբ դիմավորեցին, մտածում էին, որ եկել է եղածը քանդելու վճռականությամբ, սակայն քաղաքապետը հավաստիացնում է. «Եկել եմ եղածի վրա աշխատելու ու նորը կառուցելու սկզբունքով»:

 

 

Մեր դիտարկմանը, որ  Էջմիածնում միշտ եղել են «կլանային» համակարգեր, ու քաղաքապետի հրաժարականից հետո էլ սկսեցին լուրեր շրջանառվել, որ նոր կլաններ են ձևավորում,  Դիանա Գասպարյանը պատասխանում է, որ  քաղաքում նոր կլաններ ստեղծելու հիմքեր այսօր  չկան:  «Ցանկացած երկրում կլանի ձեւավորման օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ են լինում։ Իշխանության թողտվության արդյունքում այդ իշխանության մի մասը տրվում է որևէ կլանի, որն էլ ժամանակի ընթացքում իրեն օրենքից վեր է դասում ու ինքնագործունեությամբ զբաղվում: Սակայն այժմ մենք այլ իրողություն ունենք: Եվ երբ  ինձ հարցնում են ՝ ինչպես եք պայքարելու քրեածին կլանի դեմ, որը կա քաղաքում, ես ասում եմ, որ մեր նոր կառավարությունը խնդիր է դրել իրավական երկիր կառուցելու, որտեղ որևէ կլան ինքնագործունեության հնարավորություն չի ունենա», –  շեշտում է քաղաքապետի պաշտոնակատարը:

 

 

Արդյո՞ք Դիաննա Գասպարյանը կառաջադրի իր թեկնածությունը հոկտեմբերին կայանալիք ընտրություններում, դեռ չգիտի, շեշտում է, որ քաղաքական թիմն է որոշում, իսկ հիմա նա պարզապես պետք է աշխատի ու վեր հանի քաղաքի առաջնային լուծման խնդիրները:

 

 

Նշենք, որ Էջմիածնում քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 21- ին։  Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը օրերս կայացած ասուլիսում նշեց, որ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռեւս չի որոշել՝ արդյոք Էջմիածնի քաղաքապետի ընտրությունների ժամանակ պաշտպանելո՞ւ է քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանի թեկնածությունը, թե ոչ: «Դա կախված է իրավիճակից: Գասպարյանը պատրաստված թեկնածու է, կայացած քաղաքացի, կարծում եմ՝ պատվով կկատարի այդ գործը»,-ասաց նա:

 

 

Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար 30-ամյա Դիանա Գասպարյանը մասնագիտութայմբ իրավաբան է: 2013թ-ից աշխատել է երկրի արդարադատության նախարարության  եվրոպական կապերի վարչությունում՝ որպես քաղաքացիական-տնտեսական գործերով բաժնի առաջատար մասնագետ, այնուհետեւ նույն բաժնի գլխավոր մասնագետ, ապա 2016-ից այդ բաժնի պետ: 2008թ-ից ընդգրկված է եղել ընդդիմադիր գործունեության մեջ։  Անկուսակցական է, սակայն , իր իսկ խոսքով,  գաղափարներով հարում է ներկայիս վարչապետի քաղաքական թիմին՝ կուսակցությանը: Ասում է, որ  առաջիկայում հնարավոր է  համալրի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության շարքերը:

 

Արմինե Գևորգյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Դիանա Գասպարյանը նշանակվել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար / լրացված

 

Դիտումների քանակը` 3894

Գլխավոր էջ