Գևորգ Պողոսյան. «Կարծում եմ, կանայք առանց օրենքը կարդալու կոճակ չեն սեղմի»…
Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը խոստովանում է թե միշտ կողմնակից է եղել, որ կանայք խորհրդարանում և կառավարությունում շատ լինեն, սակայն հենվելով անցկացրած բազմաթիվ հարցումների վրա հավելում , որ հասարակական կարծիքը կին քաղաքական գործիչների նկատմամբ այնքան էլ բարյացակամ չէ: Թեպետ ժամանակի ընթացքում ակնհայտ է դառնում հասարակության վերաբերմունքի դրական փոփոխությունը նրանց հանդեպ:
«Կանայք պետք է ավելի շատ ընդգրկվեն խորհրդարանում, որովհետև նրանք ավելի շատ դրական լիցքեր են բերում: Տղամարդիկ ավելի ագրեսիվ կեցվածք ունեն, հաճախ կռվարար, այս առումով կանայք կարող են մթնոլորտը մեղմացնող դերակատարություն ունենալ ոչ միայն Ազգային ժողովում, այլ ընդհանրապես քաղաքական կյանքում և գործընթացներում:
Ցավոք, մեր հանրությունը դեռ չի ընկալում կանանց որպես լուրջ քաղաքական գործիչների: Այն կանայք, ովքեր այսօր պատգամավոր են կամ նախարար, նրանց նկատմամբ վերաբերմունքը բացասական չէ, կարելի է ասել չեզոք, բայց այնուամենայնիվ Հայաստանում զուտ տղամարդկային հանրություն է և գործելաոճն էլ այդպիսին է»:
Ըստ սոցիոլոգի, կանանց նկատմամբ հասարակության նման վերաբերմունքի պատճառները բազնաբնույթ են, սակայն առաջնայինը ՝ ավանդական մտածելակերպն է:
«Ավանդույթի ուժով տղամարդն առաջինն է, միակն է, գլխավորը: Նրա կողքին կինը կարող է միայն երկրորդական լինել: Հայաստանում այս մտածելակերպն է իշխող և դրանով է պայամանավորված քաղաքական կյանքում սեռերի անհավասարակշռությունը», – ասում է Պողոսյանը` հավելելով, որ դրա հետ մեկտեղ այսօր ակնհայտ են նաև դրական միտումներն և փոփոխությունները :
« Տաս տարի առաջ և այսօրվա մտածելակերպի պարզ համեմատությունը թույլ է տալիս փաստել, որ հասարակության վերաբերմունքը կանանց հանդեպ փոխվում է, կանանց ավելի շատ են սկսում վստահել, քան նախկինում: Դրան հատկապես նպաստում է որոշ կին պատգամավորների աշխույժ գործունեությունն ի նպաստ հասարակական շահերի: Փոփոխություններն կանանց օգտին են, ուղղակի այդ փոփոխությունները շատ դանդաղ են ընթանում»:
Պողոսյանի մեկնաբանությամբ` կանանց ներկայությունը ոչ միայն քաղաքական դաշտի մթնոլորտն է փոխում, այլ քաղաքական մշակույթը:
« Այն ինչ թույլ են տալիս իրենց տղամարդ-պատգամավորների մեծ մասը ` գռեհիկ արտահայտություններ կամ արարքներ, կանայք երբեք թույլ չեն տա՝ նրանք ուղղակի չեն իջնի այդ մակարդակին: Կանանյք ավելի զուսպ են, բանավիճելու ընթացքում էլ աշխատում են դիմացինին չվիրավորել: Նրանք նաև ավելի պատասխանատու են՝ եթե ինչ-որ օրենքի մասին արտահայտվում են, ապա համոզված եմ՝ մինչ ելույթը առնվազն կարդացել են այդ օրենքը: Այսինքն, ի տարբերություն տղամարդկանց, առանց կարդալու կոճակ չեն սեղմի: Մի խոսքով, օրենսդրական աշխատանքի առումով կանայք շատ ավելի որակյալ կադրեր են », – համարում է Գևորգ Պողոսյանը:
Հասմիկ Հարությունյան
Դիտումների քանակը` 5242