Գոհար Սարգսյան. «Քանի կամ՝ պայքարելու եմ…»
Երևանի ավագանու ընտրություններին «Երկիր ծիրանի» կուսակցության կողմից որպես թեկնածու առաջադրված Գոհար Սարգսյանին կարելի է հանդիպել ամեն հինգշաբթի՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց, որտեղ հավաքվում են խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը, ովքեր իրենց զավակների մահվան հանգամանքների արդար դատաքննություն են պահանջում: Տիկին Գոհարը այդ մայրերից մեկն է: Շուրջ 10 տարվա փողոցային ակցիաներից հետո, նա որոշել է փոխել պայքարի ձևը և ներսից փորձել հարցեր լուծել…
«Ես դեռ կուսակցության անդամ չեմ, բայց երբ «Երկիր ծիրանի» կուսակցությունից ստացա այդ առաջարկը, միանգամից համաձայնեցի, քանի որ վստահում եմ այդ քաղաքական ուժին և դրա ղեկավարին: Վերջին 10 տարիներին, ինչ ես պայքարում եմ որդուս մահվան հանգամանքները պարզելու և մեղավորներին պատժելու համար, միակ մարդը, ով եղել է մեր՝ պայքարող մայրերիս կողքին, եղել է հենց Զարուհի Փոստանջյանը: Ես հիմք չունեմ չվստահելու նրա ազնվությանը և երկրում արդարություն հաստատելու համար նրա պայքարի անշեղությանը»,- ասում է տիկին Գոհարը:
Այս պահին, ըստ նրա, միակ ընդդիմադիր ուժը հայաստանյան քաղաքական դաշտում հենց «Երկիր ծիրանի» կուսակցությունն է: Առաջադրվել է, որպեսզի ապացուցի՝ անգամ ոչ քաղաքական ընտրություններով կարելի է մշակույթ և իրավիճակ փոխել երկրում:
«Այո, ասում են, որ ավագանու ընտրությունները քաղաքական չեն, բայց եկեք այլ կողմից նայենք իրավիճակին: Ինչի՞ համար են պայքարում մարդիկ՝ գաղափարակիրները: Հանուն արդարության: Հիմա ի՞նչ, ուզում եք ասել՝ քաղաքապետարանում, կամ Երևանի վերաբերյալ ընդունվող որոշումների հիմքում կոռուպցիա, անարդարություն չկա՞: Իհարկե, կա: Դա ամեն օր ենք տեսնում: Արդարության համար պայքարը չի կարող տարբերակվել՝ քաղաքական կամ ապաքաղաքական: Կսկսենք Երևանից: Երբ մարդիկ տեսնեն, որ գոնե այստեղ, կամ մի պետական կառույցում կոռուպցիան նվազում է, հանցագործները պատժվում են, իրավիճակ կփոխվի: Այլ օրինակ բերեմ. Խաղաղ պայմաններում զոհված 1500 զինվոր կա: Սա մոտավոր թիվն է միայն: Քանի՞սն են բողոքի ակցիաներին գալիս, պահանջում, պայքարում: 5-6-ը միայն: Ես համոզված եմ, եթե մեր թիվը մեծ լիներ, մենք ավելի հեշտ արդարության կհասնեինք»,- ասում է նա:
Կանայք քաղաքականության մեջ. իսկ ո՞ւր էին նրանք
Որոշումների կայացման գործընթացում կանանց ներգրավվածության մասին տիկին Գոհարը հակասական կարծիք ունի: Կցանկանար, որ կանայք շատ լինեին քաղաքականության մեջ, բայց նաև գիտի՝ քանակը դեռ որակի նշան չէ.
«Այս հարցին պատասխանելիս՝ ես միշտ նույն բանն եմ մտաբերում: Երբ մենք դիմեցինք ԱԺ՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մահվան դեպքերը քննող հանձնաժողով ստեղծելու խնդրանքով, նախ՝ քչերն արձագանքեցին: Կարող եմ ասել, որ այդ պայքարի ողջ ընթացքում միայն Զարուհի Փոստանջյանն է մեր կողքին եղել՝ և՛ որպես պատգամավոր, և՛ որպես իրավաբան: Իսկ արդեն ԱԺ-ում քննարկումների ժամանակ ես ուղղակի ապշել էի կին պատգամավորների պահվածքից: Իշխող, կամ մերձիշխանական որևէ կուսակցության կին պատգամավոր ելույթ անգամ չունեցավ: Ի՞նչ եք կարծում, նրանցից ոչ ոք տղա երեխա չունի՞, բանակում զինվոր չունի՞: Ես, իհարկե, չեմ ցանկանա, որ որևէ կին զգա այն, ինչ ես եմ զգացել, բայց կուզենայի, որ նրանք մեզ հասկանային գոնե որպես մայր: Ո՞ւր էին այդ կին պատգամավորները, երբ այլ կանայք փողոցում պայքարում էին իրենց զավակների մահվան հանգամանքները պարզելու համար: Ի՞նչ է, նրանց արյունն ուրի՞շ գույնի է: Այս դեպքում հետևությունը ձեզ եմ թողնում»,- ասում է նա:
Գնալու տեղ չկա. պետք է մնալ և պայքարել
Հուսահատությունն ու թևաթափ լինելը տիկին Գոհարի համար չեն: Պայքարում է արդեն 10 տարի, շարունակելու է՝ մինչև արդարության հաստատումը: Հայրենիք վերադարձել է որդուն բանակ ուղարկելու համար: Որդու կորստից հետո հստակ հասկացել է՝ գնալու տեղ չունի, պետք է մնալ ու պայքարել.
«Ես ապրել եմ Ռուսաստանում: Հայրենիքն էր, որ երեխայիս բերել էր Հայաստան, իմ տղայի ցանկությունն էր ծառայել հայրենիքին, ես էլ մտածեցի, ինչո՞ւ չէ, բայց ինչ եղավ…դրանից հետո ես չէի կարող վերադառնալ Ռուսաստան, հիմա պայքարում եմ մյուս երեխաների համար, որ ապրեն Հայաստանում: Ապրեն ապահով, երջանիկ»,- ասում է նա:
Գոհար Սարգսյանը որդուն համեմատում է կտրված ծառի հետ: Որդուն այլևս հետ չի բերի, բայց, եթե մեղավորները պատժվեն, գուցե այլ մահեր կանխվեն: «Պայքարն անարդյունք չի լինում: Գուցե երկար լինի, գուցե բարդ լինի, բայց արդյունք կունենա մի օր: Ինչպես Մաշտոցի պուրակի համար պայքարը, կամ այլ քաղաքացիական ակցիաների դեպքում: Ուղղակի պայքարել է պետք՝ մինչև վերջ»,- ասում է տիկին Գոհարը:
Ըստ նրա՝ քաղաքացի-պետություն հարաբերություններում համաչափ պարտավորությունների խնդիր կա: Որդին իրեն պարտավոր էր զգացել հայրենիքի հանդեպ քաղաքացիական պարտքը տալու հարցում, իսկ պետությունն իրեն պարտավոր չի համարում քննել զինվորի մահը և արդար դատավարություն իրականացնել:
Ընտրությունները՝ որպես քաղաքական ստուգատես
Ավագանու ընտրություններն առաջինն են՝ «Երկիր ծիրանի» կուսակցության ստեղծումից հետո: Անկախ այն հանգամանքից, որ այս ընտրությունները համապետական չեն, դրանք, ըստ էության, կարելի է կուսակցության քաղաքական ստուգատես համարել: Գոհար Սարգսյանը համոզված է՝ իրենց թիմում որևէ մեկը իր սկզբունքներից հետ չի կանգնելու: Եթե ընտրություններն արդար լինեն, իրենց արդյունքները բավականին լավը կլինեն.
«Ես, իհարկե, հասկանում եմ, որ մեր փոքր թիմով մեծ արդյունքների կամ փոփոխությունների չենք կարող հասնել, անգամ, եթե Զարուհի Փոստանջյանը քաղաքապետ դառնա: Ես դա ասում եմ՝ իմ 10 տարվա պայքարի փորձից ելնելով: Մեր երկրում արդարության հաստատման համար անմարդկային ջանքեր են պետք: Բայց ես նաև վստահ եմ՝ «Երկիր ծիրանի» կուսակցությունում հավաքված են մարդիկ, ովքեր պատրաստ են պայքարել մինչև վերջ, ովքեր չեն դավաճանի իրենց սկզբունքներին, պայքարին: Եթե մեր թիմի անդամների համար կարևոր լիներ սեփական շահը, այլ ոչ թե գաղափարը, որի համար պայքարում ենք, մենք ներկայացված կլինեինք Հանրապետական կուսակցության կողմից»,- ասում է նա:
Ընտրությունների մասնակցությունը Գոհար Սարգսյանի համար ինքնանպատակ չէ: Մտավախություն չունի, որ ավագանու կազմում ներգրավվածությունը կարող է որևէ կերպ խոչընդոտել իր քաղաքացիական ակտիվությանը: Համոզված ՝ նույն եռանդով, նույն վճռականությամբ շարունակելու է որդու մահվան հանգամանքները պարզելու համար տարվող պայքարը, մասնակցելու է բոլոր ակցիաներին, իսկ եթե հանկարծ զգա, որ, այնուամենայնիվ, իր անձնական պայքարը որևէ կերպ տուժում է դրանից, դուրս կգա ավագանու կազմից.
«Ինձ համար կարևորը ավագանու կազմում լինելը չէ: Կարևորը՝ արդարության հասնելն ու որդուս համար պայքարն է: Եթե հանկարծ ընտրության առաջ կանգնեմ, բնականաբար, կընտրեմ պայքարը: Ավագանու կազմը ինձ համար պայքարի ևս մեկ ձև է ուղղակի: Հարթակ, որտեղ կարող եմ պայքարել անարդարության, հանցագործությունների, կոռուպցիայի դեմ, և հանուն նրա, որ որևէ կին չկրկնի իմ ճակատագիրը»,- ասում է Գոհար Սարգսյանը:
Առաջարկ քաղաքապետին. Իջեք ձեր շքեղ մեքենաներից
Ընտրությունների նախաշեմին տիկին Գոհարը Հանրապետական թեկնածուներին և հատկապես գործող քաղաքապետին մի առաջարկ ունի.
«Ես առաջարկում եմ, որ նրանք նախընտրական քարոզարշավի ընթացքում այս կամ այն համայնք այցելելիս ոչ թե իրենց շքեղ մեքենաներով գնան, այլ սովորական, շարքային քաղաքացիների նման երթևեկեն երթուղային տաքսիներով: Ոչ թե այնպես, ինչպես անում էին նախկինում. նստում ավտոբուս, մեկ կանգառ երթևեկում, նկարվում լրատվամիջոցների համար, ապա իջնում և նստում իրենց շքեղ մեքենաները: Ուզում եմ, որ նրանք իրենց զգան մեզ՝ բոլորիս նման: Նվաստացած ու վիրավորված՝ խղճուկ, խարխուլ երթուղայինների մեջ»,- ասում է տիկին Գոհարը:
Սոնա Մարտիրոսյան
Դիտումների քանակը` 3338