Գոհար Շախնազարյան. «Հասարակական գիտակցությունը մանիպուլյացիաների ենթարկելու փորձերը վտանգավոր են»…

 

 «Երկու ամիս է, ինչ ստեղծվել են որոշ խմբեր, որոնք հանդես են գալիս ատելության կոչերով,  կիրառում մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ    ու գործում  լիովին հակասահմանադրական սկզբունքով: Այսպես կոչված  «Համահայկական ծնողական կոմիտեն» չի ընդունում կանանց և տղամարդկանց միջև հավասարությունը, որն, ի դեպ, ոչ միայն  օրենքով է սահմանված, այլև  պետական քաղաքականության մի մասն է կազմում», – այսպիսի տեսակետ հայտնեց «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ներկայացուցիչ  Գոհար Շահնազարյանը՝  «Կոնգրես» հյուրանոցում  «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությամբ կազմակերպված քննարկման ժամանակ: 

 

 

«Համամարդկային արժեքների և իրավապաշտպանների նկատմամբ ոտնձգությունները Հայաստանում. դրանց դիմակայելու ռազմավարությունները» խորագիրը կրող այս քննարկումը , ինչպես արդեն հաղորդել ենք,  նվիրված էր հասարակական սեկտորի, իրավապաշտպանների նկատմամբ բռնություններին ու հատկապես վերջին զարգացումներին, որոնց կոնտեքստում բանախոսը հիշեցրեց, որ «Կանանց ռեսուրսային կենտրոնի» հասցեին կոնկրետ սպառնալիքներ են հնչել:

 

 

Իր ելույթը Գոհար Շահնազարյանը նվիրեց կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների հետապնդումներին, որոնք, ըստ բանախոսի, արդեն երկու ամիս է, ինչ չեն դադարում: Նրա խոսքով, գենդերային հավասարության դեմ հանդես եկող  այդ խմբերի գործունեությունը մանիպուլյացիոն է, հիմնված է ապատեղեկատվության  և ատելության քարոզի վրա:  Նրանք թիրախավորում են կանանց կազմակերպությունները,  որոնք աջակցում են պետությանը կատարել  իր իսկ որդեգրած գենդերային  քաղաքականությունը:

 

 

«Այդ խմբերը, թիրախավորելով հասարակական կազմակերպությունների գործունեությունը ըստ էության նաև հակապետական գործունեություն են իրականացնում, քանի որ մեր պետությունը ստանձնել է որոշ պարտավորություններ գենդերային հավասարության իմաստով, գենդերային քաղաքականության հայեցակարգ է ընդունել: Անընդհատ մեջբերելով «գենդեր» տերմինի  լիովին սխալ մեկնաբանությունները, նրանք  ստեղծում են մի իրավիճակ, երբ ստացվում է, թե իբր այդ խմբերը պաշտպանում են հայ ընտանիքները ու բարոյական արժեքները  կանանց  կաղմակերպություններից, այնինչ իրականում ՝ հենց կանանց ՀԿ-ներն են, որ տարիներ շարունակ զբաղվում են ընտանիքների եւ երեխաների պաշտպանությամբ: Այդ մանիպուլյացիաների միջոցով   կանանց   կազմակերպությունները դարձրել են ազգի թշնամիներ»,- հայտարարեց Գ.Շահնազարյանը` ընդգծելով, որ սկսվել է այս ամենը սոցիալական ցանցերում, սակայն այսօր արդեն, դուրս գալով սոցիալական ցանցերից,  տարածում է գտել  ԶԼՄ-ներում, դրանով իսկ  հանրային դիսկուս ձևավորելու հնարավորություն ստացել:

 

 

«Նրանք արդեն հեռուստատեսությունում են խոսում, ռադիոյով են ելույթ ունենում… մարդիկ դուրս են գալիս և ամենայն լրջությամբ հայտարարում, որ «գենդեր» տերմինը  նշանակում է զոոֆիլ, պեդոֆիլ և այլն : Սա մենք որակում ենք որպես հասարակական գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարրկելու շատ վտանգավոր գործընթաց:  Իրականում այստեղ արդեն ազգային անվտանգության հարցն ենք ուզում բարձրացնել, որովհետև խնդիրն այստեղ  խոսքի ազատության  մասին չէ, այլ այն մասին, որ պիտակավորելով  ու վարկաբեկելով մարդկանց, նրանք  «մահվան քարոզ» են իրականացնում: Այլ կերպ ասած, խոսքը ոչ միայն ատելության տարածման , այլ  հակաօրինական մի գործընթացի մասին է, որի ընթացքում անհատների նկարներ են  հրապարակվում,  հնչեցվում են ատելության կոչեր. «սրանց պետք է վառել, սպանել» , «սրանք պտի վախենան քայլեն փողոցով»…,- շեշտեց «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ներկայացուցիչը:

 

 

Գոհար Շահնազարյանը նշեց նաև, որ եթե այս ամենը շարունակեր մնալ միայն սոցիալական ցանցերի տիրույթում, ապա վտանգավորության աստիճանն այդքան մեծ չէր լինի, բայց քանի որ այս բոլոր երևույթները սկսել են լեգիտիմացվել նաև ԶԼՄ-ներում, ապաև իրենք շատ ավելի լուրջ վտանգ են այս ամենի ետևում տեսնում (թեև ընդգծեց, որ չի ուզում կարծել, թե լրագրողները դա  միտումնավոր են անում):

 

 

Նրա խոսքով, խնդիրը նաև նրանում է, որ մարդիկ իրականում շատ անգամ չեն էլ հասկանում, որ «գենդեր» և , ասենք, «զոոֆիլ» բառերը նույն բանը չեն նշանակում, այսինքն` հենց այդ չիմացության հինքը վրա էլ տեղի է ունենում հասարակական գիտակցության  հետ վտանգավոր մանիպուլյացիան:

Է.Մ.

 

 

Կարդացեք այս քննարկման մասին ավելին  մեր կայքում.

 

«Ի՞նչ է նշանակում ՝ երբ Խաչիկ Ստամբոլցյանն ինձ բացատրեց, ես հասկացա որ»…

 

 

Ջեմմա Հասրաթյան. « Օրենքի սխալ ու աղավաղված ներկայացումը հանրությանը անընդունելի է »
 

Քննարկում. իրավապաշտպանները Հայաստանում շարունակում են ենթարկվել բռնությունների

 

 

Դիտումների քանակը` 4458

Գլխավոր էջ