Գոհարին դիտմամբ ծանր աշխատանքների էին «լծում», որ վիժի, ինչ է թե աղջիկ է…

26 ամյա Գոհարի համար (անունը փոխած է) ճակատագրական եղավ հղիության արհեստական  ընդհատումը: Արդեն երկու տարի է կինը  մի բժշկի մոտից մյուսի մոտ է գնում. Նրան որքան էլ բուժում են, ջանում են  պահպանել  պտուղը,   չի ստացվում: Գոհարն արդեն  որերրորդ անգամն է  հղիության 5-6-րդ շաբաթականում վիժում է. բժիշկները նրան ասում են՝  մեծ է հավանականությունը, որ աբորտն է պատճառը:

 

 

«Ես չէի ուզում աբորտ անել»…

 

«Ես, ճիշտն ասած, չէի ուզում աբորտ անել, համ վախենում էի, համ էլ մտածում էի՝ եթե հղիացել եմ, ուրեմն աստված է կամեցել: Բայց սկեսուրս որոշեց իմ ու իմ երեխայի փոխարեն: Հլը սեկսուրիս դեմ մի կերպ կպայքարեի, կհառակվեի, բայց ամուսինս ինձ չպաշտպանեց», – WomemNet.am-ի հետ զրույցում ասում է  Գոհարը:

 

Գեղարքունիքի մարզում բնակվող այս կինը պատմում է, որ 2 դուստր ունի, ամուսինն ու նրա ծնողները դեմ են եղել նույնիսկ երկրորդ դստեր լույս աշխարհ գալուն. Գոհարն ասում է՝ բախտը բերել է, որ ուշ են դիմել բժշկի,  որն էլ հրաժարվել է աբորտ անել:

 

«Մարիամիկիս բախտից էր՝ սկզբում էխոյի բժիշկն ասել էր, որ տղա է, հետո մի անգամ էլ արեցի էխո, ասեցին աղջիկ ա: Սկեսուրս որ իմացավ, ահագին նեղվեց, ասում էր՝ էս նեղ մաջալին ինչ ես աղջկեք բերում շարում, գնա՝ հանի: Ես անընդհատ համոզում էի, ասում էի՝ երեւի բժիշկն ա սխալ ասել, որ աղջիկ ա: Սկեսուրս զոռով տարավ բժշկի, էլի աղջիկ ասեցին,  տեղում զանգեց տղուն՝ թե բա էլի աղջիկ ա, ու եսիմ ինչ խոսեց հետը, ամուսինս զանգեց Ռուսաստանից ու ասեց՝ աբորտ արա: Իսկ երբ գնացինք աբորտի, բժիշկն ասեց՝ ես խելքս հացի հետ չեմ կերել, որ էս մեծ պտղին աբորտ անեմ, չի կարելի, ու ամիսներ հետո ծնվեց Մարիամիկս»:

 

Գոհարն ասում է, որ ամուսնուն ամիսներով չի տեսնում, տարվա մեծ մասը Ռուսատանում է լինում՝ արտագնա աշխատանքի, Մարիամիկի ծնվելուց 1.5 տարի հետո ամուսինն, երբ ժամանակավոր վերադարձել էր գյուղ, փոքրիկ աղջկան ամեն անգամ գրկելուց ասում էր՝ «դու տղա պիտի ծնվեիր»: Հետո Գոհարը նորից է հղիացել  ու նորից բժիշկները պտղի սեռն աղջիկ են ասել: Այս անգամ Գոհարին չի հաջողվել պայքարել երեխային կյանք պարգեւելու համար. Հղիությունն արհեստական ընդհատել է՝ ամուսնու ու սկեսուրի դրդմամբ:

 

«Ասում էին՝ մորդ նման մենակ աղջիկ ես բերում, մենք ինչի՞ տեր ենք, որ  երեք աղջիկ ունենանք, ո՞նց ենք պահելու, էս օջախին տղա է պետք, բա մեր ազգը շարունակող չունենա՞նք: Հիմա ինչքան հղիանում եմ, պտուղը չի ապրում, վիժում եմ: Ինձ մեղավոր եմ զգում, եսիմ, երեւի աստված է պատժում»,-ասում է Գոհարը: Սկեսուրն էլ ամեն անգամ Գոհարին երեսով է տալիս, թե՝ հիվանդոտի մեկն է, չի կարողանում երեխա ունենալ:

 

 

«Օրենք լինի-չլինի՝ իմ սկեսուրն ու նրա նմանները ամեն ապօրինի քայլի  կդիմեն»…

 

Արու զավակ ունենալու արմատավորված նախընտրության արդյունքում Հայաստանում տարեկան մոտ 2000 աղջիկ երեխաներ չեն ծնվում:   Եթե ծնունդների բնականոն սեռային հարաբերակցություն է համարվում 102-106 տղա յուրաքանչյուր 100 աղջկա  հաշվով, ապա Հայաստանում այդ հարաբերակցությունը  զգալիորեն խախտված է   եւ  կազմում է  114 տղա 100 աղջկա հաշվով, ընդ որում  Գեղարքունիքում այն   124 տղա-100 աղջիկ  է:  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կանխատեսումներով,  եթե  այսպես շարունակվի, ապա մինչեւ 2060 թվականը Հայաստանում չեն ծնվի 92,932 աղջիկներ, ինչը լուրջ դեմոգրաֆիական խնդրի առաջ է կանգնեցնելու մեր երկրին:

 

Հենց այդ պատճառով էլ կառավարությունը վերջերս հանդես է եկել  «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ, որը շուտով պետք է   քննակվի  Ազգային ժողովում: Այս նախագծով արգելվում է պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը եւ նախատեսվում  է նման միջամտություն  կատարող բժշկին վարչական տուգանքի ենթարկել:

 

Գոհարն ասում է՝ օրենք լինի-չլինի՝ իր սկեսուրն ու գուցե նրա նմանները ամեն ապօրինի քայլի կդիմեն, եթե չեն ցանկանում աղջիկ երեխան ծնվի: «Երբ Մարիամիկիցս սկեսուրս ուզում էր ազատվեի, բայց բժիշկը հրաժարվել էր աբորտ անել, սկեսուրս ինձ դիտավորյալ այնպիսի աշխատանքներ էր տալիս անեի, որ երեխայիս մի բան լիներ: Ասենք՝կարտոֆիլի  ծանր «մեշոկները» տանեի նկուղ, ամբողջ տան, իսկ մեր տունը մեծ է, պատուհաններն ամեն ամիս լվանայի, ստիպում էր աստիճանի վրա կանգնած «լյուստրաները» լվանայի, աստիճան էլ մի ոտքը թույլ էր, շարժվում էր: Ինքը միշտ հպարտ-հպարտ պատմում էր, թե ոնց ա ազատվել իր երեխայից: Գլուխ գովելով պատմում էր՝  «թթվի ծանր բոչկեն գրկում էի մի տեղից մյուս տեղը տեղափոխում, բարձր տեղից թռնում էի, որ վիժեի, վերջը՝ վիժեցի»:

 

Գոհարի խոսքով,  տղա էին ուզում՝  2 աղջիկ ունեցան. սկեսուրն ամբողջ օրն ասում է՝ ո՞նց ենք սրանց պսակելու, օժիտ տալու.«Ոնց որ թշնամու երեխաների մասին խոսի, այլ ոչ թե իր թոռների: Ամեն առիթով ինձ ասում է՝ ծուխս ես չորացնում, երանի արգանդտ  չորանար: Իսկ ամուսինս էլ ասում է՝ բա ո՞ւմ համար եմ էսքան աշխատում, բա տղա չունենա՞մ»:

 

Առողջապայհության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության բաժնի պետ Գայանե Ավագյանի դիտարկմամբ  ծանր աշխատանքները կարող են հանգեցնել ոչ միայն վիժման, այլ  ունենալ շատ բացասական հետեւանքներ կնոջ առողջության վրա: Ընդհանրապես աբորտներն, ըստ Ավագյանի, անդառնալի հետեւանքներ են  թողնում կնոջ վերարտադրողական առողջության վրա, ընդհուպ անպտղության հանգեցնում:  Նրա ներկայացմամբ՝ օրենքի նախագիծն, որ առաջարկվում է  Կառավարության կողմից,  ուղղված է աբորտների քանակի իջեցմանը. «Մենք դիմողներին 3 օր ենք տալիս, որպեսզի մտածեն՝ անե՞ն աբրոտ, թե՝ չանեն, սա շատ կարեւոր է:  Այդ ընթացքում կնոջը կտրամադրվի հոգեբանական աջակցություն, կբացատրվեն  աբորտի հնարավոր հետեւանքները,  ինչպես նաեւ կներկայացվեն անցանկալի հղիությունից  պաշտպանվելու  ժամանակակից մեթոդները»:

 

 

«Եթե էլի հղինամ ու էլի աղջիկ լինի, ոչ մի դեպքում  աբորտ չեմ անի»…

 

… Երեք  դուստրերի մայր 31 ամյա Լուսինեն WomemNet.am-ի հետ զրույցում ասաց,  որ եթե նորից հղիանա, ու նորից աղջիկ լինի, հղիությունը չի ընդհատի. «Ինչ հիմարություն է, իբր թե տղան է ծնողներին ծերության օրոք պահողը, ցեղի շարունակողը: Դրանք անկիրթ մարդկանց կարծրատիպեր են: Մենք 2 քույր ենք, եղբայր չունենք, ու հիմա տղայից լավ ենք տիրություն անում մեր ծնողներին, դաստիրակության հարց է: Աղջիկ երեխա ունենալը նույնքան երջանկություն է, որքան՝ տղա: Ես միշտ չեմ հասկացել այն կանանց, որոնք լինելով իգական սեռի ներկայացուցիչ՝ չեն ուզում աղջիկ երեխա ունենալ, չէր որ նրանք լինելով կին, մեկ այլ կնոջ կյանքն են ընդհատում»:

 

 

Լուսինեն ասում է, որ իր երրորդ դստերը կյանքի գնով է ունեցել, մեծ դժվարությամբ է ծննդաբերել, հղիությունն էլ ծանր էր, նույնիսկ բժիշկներից մեկը խորհուրդ է տվել՝ կյանքը չվտանգել, ընդհատել հղիությունը, սրտի խնդիր կար. «Ու մենք արդեն գիտեինք, որ  երրորդն էլ  է աղջիկ, բայց իմ ու ամուսնուս մտքով էլ չանցավ ընդհատել հղիությունը, իբր, դե 2 աղջիկ արդեն ունենք: Ամուսինս երբեք չի էլ ակնարկել՝ բա տղա չունենամ, բա ամոթ չի, ու նման բաներ: Մենք երեք  դստրերի երջանիկ ծնողներ ենք, ու եթե էլի հղինամ ու էլի աղջիկ լինի, ոչ մի դեպքում  աբորտ չեմ անի: Ի վերջո, դու որպես մայր, պարզապես մարդու կյանք ես տալիս, ի՞նչ տարբերություն թե ինչ սեռի կլինի»:

 

 

Նելլի Բաբայան

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Պտղի սեռով պայմանավորված աբորտն արգելվում է. առաջարկվում է խստացնել օրենսդրությունը

 

Ի՞նչ ռիսկեր է պարունակում պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումները արգելող օրինագիծը. քննարկում են մասնագետները

 

Սեռով պայմանավորված աբորտ անող բժիշկներին կպատժեն

 

Սելեկտիվ աբորտների դեմն առնելու նոր մոտեցում առաջարկվեց

 

Արգելե՞լ պտղի սեռը հայտնելը, թե՞ ոչ. կողմ եւ դեմ

 

 Արգելել ապագա երեխայի սեռը հայտնելը հղիության վաղ ժամկետներում

 

«Իսկ դու ունե՞ս աղջիկ».

 

Ինչպե՞ս պայքարել սելեկտիվ աբորտների դեմ

 

Հաճախ կնոջ համար սա պատերազմ է «միայնակ – ամբողջ աշխարհի դեմ»…

 

«Ով տղա է բերել ուրախացել են, ով աղջիկ է բերել ասել են՝ տարեք երեսի վրա շուռ տվեք…»

 

Ֆեյսբուքյան ֆլեշմոբ` ընդդեմ սելեկտիվ աբորտների / ֆոտոշարք

 

«Տղուց տղա է ծնվում, լավ տղուց՝ աղջիկ»…

 

«Հայաստանի չծնված աղջիկները…»

 

Դիտումների քանակը` 4809

Գլխավոր էջ