Գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը հաշվի է առնելու նաեւ կանանց դերն ու կարիքները

Վերջերս  հանրային քննարկման ներկայացված «ՀՀ գյուղատնտեսության 2015-2025 թթ. կայուն զարգացման ռազմավարությունը»  տարբերվելու է  նախորդից  նորարար մոտեցումներով, որոնք հաշվի են առնելու ոլորտում առկա  նոր խնդիրներն ու մարտահրավերները:  Դեռեւս  քննարկման փուլում գտնվող այս փաստաթուղթը  լուծումներ  է առաջարկում ՝  առաջիկա  տաս  տարիների ընթացքում գյուղատնտեսությունում ստեղծված  իրավիճակը շտկելու, բարելալավվելու և գյուղացու հոգսերը թեթևացնելու ակնկալիքով: Գյուղատնտեսության նոր ռազմավարության  առանձնահարկությունների թվում պարենային անվտանգության ապահովումն է  եւ գյուղատնտեսության զարգացման մեջ կանանց դերի գնահատումն է :


Փաստաթղթում վերլուծված է գյուղի կանանց դերը ու նպատակ է դրված ավելի արդյունավետ օգտագործել նրանց ներուժը՝ մեծացնելով նրանց ներգրավվածությունը  հողից մինչեւ սպառող  ողջ արժեշղթայում: Հատկանշական է, որ գյուղատնտեսությունում կանանց դերի մասին  մինչ այժմ միայն խոսվել է եւ, ըստ Էության,  սա երկրաժամկետ զարգացման ծրագրում գենդերային բաղադրիչի  ներառման  առաջին փորձն է Հայաստանում: Ու թեպետ ծրագրերի գենդերային ուղղորդումը նախատեսված է եղել Կառավարության կողմից դեռես 2010-ին ընդունված գենդերային քաղաքականության հայեցակարգով, սակայն իրականություն է դարձել միայն հիմա Օքսֆամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

 

ՀՀ Գյուղատնտեսության նախարարության ու Օքսֆամ-Հայաստանի ջանքերով ստեղծված  այս փաստաթուղթը մեկ տարի առաջ ձևավորված աշխատանքային խմբի գործունեության արդյունքն է: Աշխատանքներին մասնակից են դարձել նաև մոտ երեք տարվա պատմություն ունեցող Գյուղատնտեսական դաշինքի անդամ կազմակերպությունները:

 

Օքսֆամ-Հայաստան կազմակերպության տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, անդարադառնալով ծրագրում ներառված պարենային անվտանգության բաղադրիչներին, խոսեց  համաշխարհային միտումների մասին՝ նշելով, որ ըստ կատարված նախնական հետազոտությունների 2030թ-ին հիմնական պարենային մթերքների գները կաճեն երկու անգամ, ինչը  սովի կմատնի շուրջ մեկ միլիարդ մարդկանց:

– Մեզ մոտ, ինչպես նաև տարածաշրջանում, առհասարակ, պարենամթերքի արտադրությունը ցածր ցուցանիշ ունի,  հասանելիությունը, այսինքն գները տարածաշրջանում բարձր են , իսկ եթե հաշվենք եկամտի տոկոսաչափով, թե որքան  է ծախսում բնակչությունըպարենամթերքի ձեռքբերման վրա, ապա առաջին տեղում Հայաստանն է՝ 64%, Ադրբեջանում՝ 62%, Վրաստանում ՝58%»,- ասաց  Մարգարիտա Հակոբյանը, ընդգծելով, որ գյուղատնտեսության ռազմավարության  նոր նախագիծը նաև այս միտումն է հաշվի առնու: Նրա խոսքով,  այսօր առանջնային է տեղական պարենամթերքի արտադրությունը, պետք է խթանել այն ու այստեղ է , որ կարեւորվում է նաեւ  կանանց դերը, ովքեր այսօր կազմում են ոլորտում զբաղվածների 57 տոկոսը:

 

Օքսֆամի պարենային անվտանգության ծրագրի պատասխանատու Ալեքսեյ Պետրոսյանը  տեղեկացրեց,  որ ծրագրում առանձնացվել են մոտ 19 հիմնական ռազմավարական ուղղություններ՝ սկսած գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացումից, մինչև գյուղատնտեսական ռիսկերի նվազեցում, մասնավոր վերամշակման ոլորտի զարգացում: Ռազմավարության ծրագրի մեջ ներառված են գյուղատնտեսության ապահովագրության մոդելներ: «Կարևորագույն խնդիրներից մեկն էլ գյուղատնտեսական արժեշղթայի լիարժեք ձևավորումն է եւ այստեղ է, որ շատ խնդիրներ կան.  ինչպես կապել վերամշակողներին մասնավոր հատվածի հետ, ինչպես  ապահովել  գյուղացիների դիմակայությունը, ոչ միայն  գյուղատնտեսակն ռիսկերից, այլև սոցիալ-տնտեսական տատանումներից», – ասաց նա, հավելելով, որ կարեւոր շեշտադրում է կատարվել գյուղացիական վարկերի սուբսիդավորման վրա:

 

Փոխնախարար Արմեն Հարությունյանը, խոսելով ռազմավարության նախագծի մասին, նշեց, որ ներառված խնդիրներից շատերը հենց գյուղացինեի օգնությամբ է վերհանված.

-Հակակարկտային կայանների, կաթիլային ոռոգման համակարգի տեղադրումը, որոնք  ուղղված են գյուղատնտեսական ռեսուրսների արդյունավետ օգտաործմանը, -նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ չի շրջանցվել նաև գյուղատնտեսության ապահովագրության խնդիրը, և այժմ նախարարությունը Հայաստանի Կենտրոնական  և  Գերմանական զարգացման բանկի հետ համատեղ աշխատանքներ են տանում՝ բացահայտելու այն գործող մոդելները, որոնք կիրառելի կլինեն Հայաստանում:

Հայաստանում ԵՄ պատվիրակության արտաքին օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերն ընդգծեց, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին: «Սա պարզապես փայլուն է, որ մենք ունենք այս տարածաշրջանային ծրագիրը, որը ոչ միայն ուղղված է պարենային անվտանգությանը, այլև ընդհանուր առմամբ ուղիղ աջակցություն է տրամադրում ՀՀ Կառավարությանն ու գյուղատնտեսության նախարարությանը՝ թարմացնելով ոլորտին վերաբերող ռազմավարությունը»:

Նշենք, որ քննարկումը կազմակերպվել էր «Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարության և մանր ֆերմերական արտադրության միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ:

 

Լիլիթ Քոչինյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Կանայք եւ պարենային անվտանգությունը

 

Ինչու՞ է պետք հաշվի առնել կանանց և տղամարդկանց շահերն ու կարիքները զարգացման ծրագրերում

 

«Եկեք բոլորս հարց տանք՝ որքանո՞վ է մեր սնունդն ատանգ»

 

Դիտումների քանակը` 4696

Գլխավոր էջ