Գիտաժողովի հրավեր. «Գենդերային ուսումնասիրությունների ինստիտուցիոնալացման մշակութային համատեքստը XXI դարում»

Երևանի պետական համալսարանի Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը (ԵՊՀ ԳՀԱԿ) հրավիրում է  մասնակցելու «Գենդերային ուսումնասիրությունների ինստիտուցիոնալացման մշակութային համատեքստը XXI դարում» խորագրով գիտաժողովին:  Գիտաժողովը կկայանա  մայիսի 10-ին : Հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 30-ին է: 

 

Գիտաժողովի նպատակն է հանրությանը ներկայացնել վերջին տարիներին կազմակերպված միջոցառումները և գործողությունները, որոնք ուղղված են գենդերային հիմնախնդիրների լուծմանը և ինստիտուցիոնալ մակարդակում միջամտությունների իրականացմանը:

 

Գիտաժողովի ընթացքում փորձ է արվելու մեկտեղել ոլորտում ներգրավված մասնագետների տեսակետները գենդերային օրակարգի հրատապ հարցերի շուրջ, ինչպես նաև ներկայացնել կատարված վերջին հետազոտությունների արդյունքները: Այս միջոցառումը նպատակ ունի նաև գիտական հարթակ ստեղծելու գենդերային հիմնախնդիրների մշակութային ընկալումների քննարկման և XXI դարում դրանց փոխակերպումները ներկայացնելու համար:

 

Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝

  • Գենդերային ուսումնասիրությունների մշակութային ասպեկտները
  • Գենդերային ուսումնասիրությունների ինստիտուցիոնալացման առանձնահատկությունները,
  • Գենդերային ուսումնասիրությունների ինստիտուցիոնալացմանը նպաստող և խոչընդոտող գործոնները
  • Գենդերային ուսումնասիրությունների զարգացման հեռանկարները ինստիտուցիոնալ մակարդակում

 

Ով կարող է մասնակցել.
Միջոցառումը նախատեսված է սոցիալական և հարակից ոլորտների ուսանողների, գենդերային հիմնախնդիրներով գործնականում զբաղվող մասնագետների, ոլորտի ակտիվիստների, ակադեմիական ոլորտում գենդերային հիմնախնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են ժամանակակից գենդերային հիմնախնդիրների ուսումնասիրությամբ և ցանկանում են իրենց ներդրումն ունենալ դրանց լուծման եղանակների և դրանց մշակութային համատեքստի քննարկման գործում:

 

Զեկույցի համառոտագրերի ներկայացման վերջնաժամկետն է 2016 թ. ապրիլի 30-ը, ժամը 17:00, cgls@ysu.am էլ. հասցեին՝ թեմայում նշելով “May conference abstract”:

 

Համառոտագիրը 350 բառի սահմաններում պետք է ներկայացնի ելույթի հստակ վերնագիրը, ընդհանուր նպատակը և ուղղությունները: Համառոտագրերը գրելիս պետք է օգտագործել Arial Unicode կամ Sylfaen տառատեսակները 11 տառաչափով՝ առանց տողերի միջև հեռավորության:

 

Զեկույցները (հայերեն կամ անգլերեն՝ զեկուցողի հայեցողությամբ) պետք է արտացոլեն վերոնշյալ թեմաներից մեկը, պարունակեն նորարարական գաղափար և չգերազանցեն 10-15 րոպե ելույթի ծավալը:

 

Գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկույցների նյութերը կտպագրվեն միջոցառման գիտական լրագրում:

 

Հարցերի դեպքում կարող եք նամակ գրել նշված էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 060 710 390 հեռախոսահամարով երկուշաբթիից ուրբաթ ժամը 14:00 – 17:00:

 

Դիտումների քանակը` 3996

Գլխավոր էջ