Գենդերային պառակտումը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում
ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախօրեին հարցումները շարունակում են ցույց տալ, որ երկու թեկնածուներն էլ ընտրվելու գրեթե հավասար շանսեր ունեն: Ի դեպ, ամերիկյան հասարակությունը երկու մասի է բաժանված և ոչ այնքան աշխարհագրական, որքան գենդերային ցուցանիշով:
Եթե ձայնի իրավունք ունենային միայն կանայք, ապա Օբաման հաղթական կվերընտրվեր ձայների գրեթե նույն քանակությամբ, ինչպես և նախորդ ընտրությունների ժամանակ, գրում է Նեյթ Սիլվերը New York Times –ի բլոգում: Հանրապետական կմնային շատ քիչ նահանգներ, որոնք մշտապես այս կուսակցության օգտին են քվեարկել.այնպիսիք, ինչպիսիք են Ջորջիան, Մոնտանան,Արիզոնան:
Եթե ընտրատուփերին մոտենային միայն տղամարդիկ, ապա Ռոմնին հաղթանակ կտաներ այն նույն գերակայությամբ, ինչպես Ռոնալդ Ռեյգանը հաղթեց Ջիմմի Քարտերին: Այս պարագայում դեմոկրատական կուսակցությանը հավատարիմ կմնային միայն Կալիֆորնիան, Իլլինոյսը, Հավային եվ հյուսիսարևելյան մի քանի նահանգ:
2008թ-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ նույնպես Օբաման հաղթեց հիմնականում շնորհիվ կանանց ձայների, սակայն այդ ժամանակ գենդերային պառակտումն այսքան մեծ չէր. տղամարդ ընտրողների շրջանում թեկնածու-դեմոկրատը առավելություն ուներ 1 տոկոսային կետով: Այժմ պառակտումն ավելի մեծ է, տղամարդկանց և կանանց միջև տարբերությունը գրեթե նույնն է, ինչպես 2000-ին էր, երբ կանայք վճռականորեն քվեարկեցի Էլ Գոռի օգտին (11 տոկոսային կետերի առավելությամբ), իսկ տղամարդիկ ընտրեցին Ջորջ Բուշ-կրտսերին (9 կետերի առավելությամբ):
Այժմ ըստ 10 լավագույն որակական հարցումների ընդհանուր տվյալների՝ գենդերային պառակտումը կազմում է 18 տոկոսային կետ: Տղամարդկանց շրջանում Ռոմնին ունի առավելություն 9 կետերով, կանանց շրջանում՝ ճիշտ հակառակը:
1992թ-ից սկսած ամերիկացի կանայք յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ նախապատվությունը տալիս են դեմոկրատներին: Տղամարդիկ, ընդհակառակը, արդեն 1996 թ-ին պատրաստ էին փոխարինել Բիլ Քլինթոնին հանրապետական նախագահի հետ, այնուհետեև իշխանության բերեցին Ջորջ Բուշին և ապահովեցին նրա վերընտրությունը երկրորդ ժամկետով:
Նշենք, որ տղամարդկանց ու կանանց ընտրական նախապատվությունների տարբերության մասին առաջին անգամ խոսեցին սուֆրաժիստուհիները 19-րդ դարի վերջին և անցյալ դարի սկզբին, ընդ որում՝ այնքան ակտիվորեն, որ իրենց վստահությամբ վարակեցին տղամարդ քաղաքական գործիչներին: Վերջիններս սկսեցին լրջորեն անհանգստանալ կանանց ընտրազանգվածի կողմից «կազմակերպված դավադրությունից» և նրանց բարեհաճությունը շահելու համար ուշադրություն դարձրեցին կանանց հիմնախնդիրներին: Սակայն ձայնի իրավունք ստացած կանայք չդարձան ակտիվ ընտրող ու տղամարդկանց համեմատությամբ առանձնահատուկ տարբերություն չդրսևորեցին: Դրանով էլ կանանց ընտրազանգվածի նկատմամբ հետաքրքրությունը բարեհաջող մարեց:
Տղամարդկանց ու կանանց ընտրական նախապատվությունների տարբերության մասին գաղափարը վերածնունդ ապրեց ԱՄՆ-ում 70-ական թվականների վերջին, երբ հասարակական կարծիքի հարցումները հաստատեցին կուսակցությունների և քաղաքական գործիչների նկատմամբ դրա առկայությունը: Այս հողի վրա ԱՄՆ-ում դեմոկրատների կուսակցությունը սկսեցին կատակով կոչել մայրիկների կուսակցություն, իսկ հանրապետականներին՝ հայրիկների:
http://fivethirtyeight.blogs.nytimes.com/2012/10/21/gender-gap-near-historic-highs/?
Կարդացեք նաև այս թեմայի շուրջ մեր կայքում.
Ռոմնիի՝ կանանց մասին արված արտահայտությունը մեծ աղմուկ բարձրացրեց
Միշել Օբամա vs Էն Ռոմնի. ո՞վ կլինի Ամերիկայի առաջին լեդին
Դիտումների քանակը` 4975