Գենդերային անհավասարություն. որտե՞ղ են թաքնված դրա ակունքները

Այս հարցի  պատասխանն էին փորձում տալ  օրերս «Հասարակություն առանց բռնության» ՀԿ ի կողմից կազմակերպված քննարկման մասնակիցները, ներկայացնելով իրենց կողմից կատարված   ծրագրի արդյունքները՝ դպրոցում «Հասարակագիտություն» առարկայի մեջ գենդերային բաղադրիչը ներառման վերաբերյալ:  Քննարկումն  ուշագրավ էր մի քանի նկատառումներով, և  դրանցից ամենակարևորն անշուշտ այն չէր, որ միջոցառումն արժանացավ  «գենդեր» տերմինի յուրօրինակ ընկալում   ունեցող  քաղաքացիների  ընդգծված ուշադրությանը: Այս խնդրին արդեն  առիթ ունեցել ենք անդրադառնալու «Որտեղ են վերջանում «անկոչ հյուրերի» իրավունքները»  հոդվածում:

 

 

Իրականում կարևորը տեղի ունեցած քննարկման  մեջ այն էր, որ  մենք շարունակում ենք  կանանց նկատմամբ խտրականությունը ամրապնդող, նրանց   հասարակական և քաղաքական ակտիվությունը խոչընդոտող կարծրատիպեր  վերարտադրել դպրոցական դասագրքերում, և դրանից  հետո անկեղծորեն  զարմանալ՝ թե ինչո՞ւ  է մեր քաղաքական դաշտը նմանվում տղամարդկանց փակ ակումբի կամ  ինչո՞ւ են այդքան տարբեր  կանանց և տղամարդկանց կարգավիճակները  հասարակության մեջ: Այս ամենն է, որ մասնագետները անվանում են  գենդերային  անհավասարություն և որի ակունքները կարելի է հայտնաբերել  նաև դպրոցական դասագրքերում:

 

 

Միայն մի օրինակ, որ բերվեց քննարկման ընթացքում   «Հասարակություն առանց բռնության» ՀԿ գործադիր տնօրեն Աննա Նիկողոսյանի կողմից՝  8-12-րդ դասարաններում երաշխավորված  «Հասարակագիտություն» առարկայի դասագրքերի  գենդերային վերլուծությունը ներկայացնելու ընթացքում:

 

« Կանանց էմանսիպացիան` ազատագրումը, երբեմն հասկացվում է որպես տղամարդու կենսաձևի վատագույն դրսևորումների կրկնություն : Օրինակ ծխելը, կոպտությունը, սեռական սանձարձակությունը: Կանայք զբաղվում են տղամարդկային սպորտաձևով: Ի՞նչ եք մտածում այս մասին: Բաժանվե՛ք խմբերի և քննարկե՛ք», – առաջարկում է դասագիրքը, դրանով իսկ ամրապնդելով այն  եզրահանգումը, թե կանանց էմանսիպացիան «տղամարդու կենսաձևի նմանակումն է» իր լավագույն կամ վատագույն դրսևորումներով:  Աննա Նիկողոսյանի խոսքով,  դասագրքերում առկա են գենդերային կարծրատիպեր բովանդակող բազմաթիվ այլ նյութեր,  ինչը թույլ է տալիս եզրականացնել, որ  կրթության այսօրվա համակարգը դեռևս չի հաղորդում գենդերային հավասարակշռված դերային սպասումները, կանանց և տղամարդկանց հավասար մասնակցության  իդեալները: Եվ դա այն դեպքում , որ հիմնախնդիրը նախանշված էր կառավարության կողմից  դեռևս 2010-ին ընդունված  «Գենդերային քաղաքականության հայեցակարգով»:

 

 

«Հասարակագիտություն առարկայի դեպքում այս խնդիրը առավել հրատապ է դրված,  քանի որ առարկան կոչված է ձևավորելու ապագա քաղաքացուն», – նշում է Աննա Նիկողոսյանը ՝ համոզմունք հայտնելով, որ այստեղից է բխում   հասարակության անհանդուրժող վերաբերմունքն և անվստահությունը կին լիդերների նկատմամբ: Դրան կարելի է հավելել  ընտանիքներում  առկա կանանց նկատմամբ ՝ ֆիզիկական, հոգեբանական, սեռական ինչպես նաև տնտեսական բռնության դրսևորումները, որոնց բախվում են բազմաթիվ կանայք,  նաև ընտանիքում և հասարակության մեջ  աղջիկ երեխաների նկատմամբ  գոյություն  ունեցող սահմանափակումները և բազմաթիվ այլ  գենդերային հիմնախնդիրներ:  Անարդարությունն ու անհավասարությունը հաղթահարելու  նպատակով  բանախոսը առաջարկում է  «Հասարակագիտություն» առարկայի դասագրքում ներառել՝  «Ինչ է գենդերը, գենդերային հիմնախնդիրներ», «Ընտանեկան բռնություն» թեմաներ: Բացի այդ առաջարկվում է   դասագրքում առկա մի շարք այլ  թեմաներ  համալրել գենդերային բաղադրիչով, այսինքն քննարկել դրանք նաև  կանանց ու տղամարդկանց  իրավունքների և շահերի տեսանկյունից:

 

 

Ընդհանուր առմամբ,  «Հասարակություն առանց բռնության» ՀԿ ի կողմից իրականացվող այս  ծրագիրը  բաղկացած էր 3 փուլից: Առաջին փուլը՝ Հասարակագիտություն առարկայի դասագրքերի բովանդակության հանգամանալից վերլուծությունն էր, գենդերային տեսանկյունից առկա բացերի վերհանումը: Երկրորդ փուլը  խնդիրների վերհանումն ու ներկայացնում էր կլոր սեղանների, քննարկումների անցկացման միջոցով՝  շահագրգիռ  կողմերի և մասնագետների  ներգրավման միջոցով:  Ինչպես նշեցին ծրագրի հեղինակները  իրենք արդեն իսկ  անցկացրել են քնարկումներ հանրապետության հինգ մարզում ՝ 140 մասնագետների մասնակցությամբ:  Եվ վերջապես, ծրագրի երրորդ փուլն է՝ այդ քննարկումների ընթացքում  մշակված  առաջրկությունների փաթեթի ձևավորումն է, այնուհետև դրա ներկայացումը հանրությանը և հանձնումը ՀՀ Կրթության և Գիտության նախարարություն:

 

 

Կրթության փորձագետ Արմինե Իվանյանը  իր ելույթում  համոզմունք հայտնեց, որ  գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ թեմաների ներառումը  դասագրքերում թույլ  կտա  պարզաբանել և վերհանել այն պատճառները, որոնք հանգեցնում են գենդերային անհավասարությանը, աշակերտների մեջ դաստիրակել գենդերային հավասարության մտածողությունը :  Եվ միայն այդ դեպքում կարելի է հույս ունենալ, որ վաղը  աղջիկները խտրական վերբերմունքի չեն արժանանա  ընտանիքում կամ որևէ այլ բնագավառում միայն այն պատճառով, որ աղջիկ են ծնվել:

 

 

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ներկայացուցիչ , մարդու իրավունքների գծով փորձագետ Մարինա Մալխասյանը՝ շարունակելով թեման հիշեցրեց, որ   իգական սեռի պտղից արհեստական եղանակով ազատվելու ամոթալի պրակտիկայի հիմքում  հենց գենդերային անհավասարությունն է ընկած: Եվ բացատրական  աշխատանքը այս և խտրականության այլ դրևորումները հաղթահարելու ուղղությամբ, նրա կարծիքով,   անշուշտ պետք է սկսել դպրոցից:  Դրա հետ մեկտեղ նա  չհամաձայնվեց քննարկաման ընթացքում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչ  Լիլիթ Նազարյանի այն մտավախության հետ,   որ  Առաջարկությունների փաթեթը դժվար թե ընդունվի  Կրթության և գիտության նախարարության կողմից, քանի որ որոշ ուժեր հասարակության մեջ բացասական վերաբերմունք ենք  ձևավորում «գենդեր» տերմինի նկատմամբ:

 

 

«Ի՞նչ հույս ունեք ,  որ այս առաջարկությունների փաթեթը պատրաստվում եք  ներկայացնել նախարարությանը,  երբ այսօր մի հատ Խաչիկ Ստամբոլցյանի նամակով և կարծիքով, որ   իբր  վտանգավոր գենդերային ուսուցման տարրեր է պարունակում «Ես և շրջակա աշխարհ»  առարկայի ծրագիրը , նախարարը՝ առանց որևէ հանրային քննարկման և  առանց փորձագիտական վերլուծության , վերցնում և փոփոխության է ենթարկում  ծրագիրը: Հաշվի առել ե՞ք այս  ամենը, և ինչպես կարող են  ընդունել  ձեր փաթեթը, եթե այն   ծայրից ծայր «գենդեր»  բառն է պարունակում», – ասաց Լիլիթ Նազարյանը:

 

Մարինա Մալխասյանի դիտարկմամբ, եթե «գենդեր» բառը կարող է նման իրարանցման պատճառ դառնալ, դա ընդամենը նշանակում է, որ բացատրական աշխատանքի կարիք կա և  միասին պետք է հասկանանք թե ինչպես կարող ենք անդրադառնալ դրան։ Նաև առաջարկներով էլ է նախատեսվում  խոսել մասնագետների և ամենագլխավորը կանանց հետ, և այս խնդիրները ներկայացնել նաև իրենց, նկաեց  նա:

 

 

Քննարկվող հարցի շուրջ իր  դիրքորոշումն հայտնեց  Կրթության  ազգային  ինստիտուտի  փոխտնօրեն  Անահիտ Բախշյանը՝  կանգ առնելով  ուսուցչի դերի վրա և  նշելով, որ ցանկացած ուսուցիչ պետք է  ունենա համապատասխան  պատրաստվածություն, որպեսզի  մտնելով դասարան կարողանա ճիշտ ներկայացնել այս խնդիրը:

 

«Դպրոցը պետք է մթնոլորտ ստեղծի, որ ամեն երեխա  հավասար հնարավորություններ  ունենա, խնդիրը պետք է ներկայացնել այս կերպ, որպեսզի Խաչիկ Ստամբոլցյանը չհայտարարի թե դուք քարոզում եք այն գաղափարը, իբր սեռը կարող եք ընտրել», – ասաց Անահիտ Բաշխյանը՝ նկատելով,  որ  գուցե  Ստամբոլցյանի  և այլոց  մասնակցությունը  այս քննարկմանը   կօգներ  փոխել նրանց  կարծիքը:

 

Միջոցառման կազմակերպիչները սակայն, իրավմամբ նկատեցին, որ հակագենդերային շարժման ներկայացուցիչները  հայտնվել էին  ոչ թե կարծիք հայտնելու, առավել ևս ինչ- որ բանում համոզվելու մտադրությամբ, այլ ուղղակի միջոցառումը տապալելու նպատակով, ինչը սակայն նրանց չհաջողվեց:

 

Ինչ վերաբերում է  դասագրքերի միջոցով  գենդերային ուսուցումը  իրականացնելու նպատակի իրատեսությանը , ապա, ինչպես հիշեցրեց   Արմինե Իվանյանը ՀՀ կառավարության կողմից  ընդունված  «Գենդերային քաղաքականության հայեցակարգով »՝  գենդերային հավասարությունը դիտարկվում է  ժողովրդավարական գերակա արժեք է, սոցիալական արդարության հասնելու նախապայման:  Այստեղից էլ  կրթության ոլորտում որպես հիմնական նպատակ մատնանշվում է` սոցիալապես ակտիվ և պատասխանատու քաղաքացիների դաստիրակությունը, ինչը դժվար է պատկերացնել, եթե մենք շարունակելու ենք  դասագրքերի միջոցով   աղջիկների  առջև խոչընդոտներ  հարուցել ՝ ինքնադսևորվելու, ակտիվություն ցուցաբերելու առումով:

 

Լիանա Սարգսյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Որտե՞ղ են վերջանում «անկոչ հյուրերի» իրավունքները

 

 

Դիտումների քանակը` 5822

Գլխավոր էջ