Գեղեցկության իդեալները. հարափոփոխ, ինչպես աշխարհը
Որքան էլ տարօրինակ է, մենք կարող ենք կանացի գեղեցկության մասին դատել` սկսած քարե դարից: Անցած դարում Ավստրիայում հայտնաբերվեց մի գրանիտե արձանիկ, որ ավելի քան 20 հազար տարվա պատմություն ունի: Այն անվանեցին «Վիլլենդորֆյան Վեներա»: Այդ «Վեներան» տպավորիչ տեսք ուներ. խոշոր կուրծք, մեծ, կախված փոր, հաստ ձեռքեր և ուսեր: Այս ամենը վկայում է մի բան. մարդկության արշալույսին գնահատվում էր ֆունկցիոնալը: Ամենից գեղեցիկ էին համարվում պտղաբեր կանայք, որոնք կարող էին շատ երեխաներ ծնել ու մեծացնել:
Անտիկ ժամանակներում իդեալական էր համարվում ներդաշնակ մարմինը` հանրահայտ Միլոսյան Վեներայի չափսերով` 86-69-93` 164 սմ հասակով: Նրան նման է Կնիդի Աֆրոդիտեն` Պրակսիտելի ձեռակերտը, ով առաջինն էր, որ համարձակվեց կանացի մերկ մարմին քանդակել: Ուշագրավ է, որ Պրակսիտելի բնորդուհուն` կուրտիզանուհի Ֆրինային դատեցին արատավոր վարքի համար: Բայց ի վերջո դատավորներն ընդունեցին, որ այդքան կատարյալ մարմինը չի կարող մեղավոր հոգու անոթ լինել: Եվ Ֆրինան արդարացվեց:
X-XI դարերում Եվրոպան փառաբանում էր փխրուն, սպիտակամաշկ, արտաքուստ անպաշտպան ու անօգնական տիկնանց: Նորաձև դարձան բարձր հասակը և լայն ճակատը: Որպեսզի ճակատը որքան հնարավոր է մեծ լիներ, կանայք սափրում էին մազերի մի մասը, պարանոցը վիզուալ երկարացնելու նպատակով սափրվում էր ծոծրակը: Գնահատվում էին բարալիկ ձեռքերը, երկար մատներն ու եղունգները: Այս ամենի համատեքստում անհասկանալի է մի բան. գեղեցկության չափանիշները ենթադրում էին մեծ փոր: Նրանք, ովքեր բնությունից զրկված էին նման փորից, նույնպես ելք էին գտնում: Զգեստի տակից թմբիկ էին դնում, որը մեծ փորի տպավորություն էր ստեղծում:
Միջնադարյան Եվրոպայում խիստ կանոններ էին գործում` հաստատված կաթոլիկ եկեղեցու կողմից: Մարմնական գեղեցկությունը մեղք էր համարվում: Ուստի կանայք այնպիսի հագուստ էին հագնում, որը լիովին թաքցնում էր նրանց կազմվածքը: Բայց անգամ այդ բարդ ժամանակներում գեղեցկության որոշակի չափանիշներ կային. բավական համաչափ մարմնով կին` ոչ նիհար, ոչ էլ գեր: Ամենից շատ գնահատվում էին փոքր չափսերը: Փոքր պետք է լիներ ամեն ինչ` հասակը, ձեռքերը, ոտքերը, կուրծքը: Էլ ավելի գնահատվում էին հավատն առ Աստված և հնազանդությունը ամուսնուն: Շատ ուսումնասիրողներ գտնում են, որ հենց այդ ժամանակներում սկսեցին սափրել հոնքերը: Դա դեմքին բացակա, հանդարտ և հեզահամբուր արտահայտություն էր հաղորդում:
Վերածննդի դարաշրջանում սկսեցին գնահատել փարթամ մարմինը, այն, ինչ պատկերում էր իր կտավներում Ռուբենսը: Արժանիքներ էին համարվում հոլանի թևերը, լիքը ազդրերը և փարթամ կուրծքը: Ամեն կերպ` թե’ զգեստի հատուկ ձևվածքով, թե’ մեծ լանջաբացվածքով, թե’ կարճ թևքերով ցուցադրվում էին մարմնի կլորավուն գծերը:
XVI դարի վերջերին սկիզբ առան այսպես կոչված տիկնիկային գեղեցկության ժամանակները: Կանայք պետք է նմանվեին փխրուն արձանիկների: Գեղեցկության էտալոն դարձան անիրական բարակ մեջքը, փոքր գլուխը` «կարապի» պարանոցով, նեղ ուսերը և փոքր կուրծքը: Շատերը իրենց սովի էին դատապարտում, քանի որ մշտական թերսնումը դեմքին ազնվաշուք գունատություն էր հաղորդում: Բայց ավելի հաճախ այդ դալկությունը ձեռք էր բերվում սպիտակ փոշու միջոցով: Առատորեն դիմափոշի էր գործածվում, որով ծածկվում էր փաստորեն ամեն ինչ` և’ կեղծամը, և’ հագուստը, և’ մարմինը, որն ամիսներով չէր լվացվում: Այն ժամանակներում հիգիենիկ միջոցները չէին խրախուսվում. լոգանք էին ընդունում բացառիկ դեպքերում` երբեմն տարին կամ կես տարին մեկ անգամ: Մազերը նույնպես չէին լվանում. բազմացող միջատները մազերից հեռացվում էին հատուկ սանրերով: Այնպես որ փխրուն տիկինը` շքեղ զգեստով, իրականում բավական անհրապույր երևույթ էր:
XX դարի ոճի սրբապատկեր կարելի է համարել Մառլեն Դիտրիխին (30-60 թթ.)` սառը շիկահեր, որ երևան էր հանում այրական կանացիության սև-սպիտակ ոճը: Դիտրիխը փաթաթում էր կուրծքը, որպեսզի պահպանի տղայական կազմվածքը շեշտադրի տղամարդու կոստյումն ու գլխարկը:
50-ականների խորհրդանիշը Մերիլին Մոնրոն էր: Քնքուշ, դողդոջում իրանը և կանացի գծերը շիկահերի կերպարը ջերմացրին և թեթևամտության, պչրանքի, անհավատարմության ու եթերայնության լուսապսակ ստեղծեցին: Գլամուրի կերպարը, կարելի է ասել, հենց նրանից սկսվեց:
60-ական թվականներին ծայր առավ «Թվիգգիի համախտանիշը»: Այդ անվանումը առաջին սուպերմոդելի պատվին է: 169 սմ հասակով նա կշռում էր 48 կգ, իսկ նրա չափսերը կարող են զարմացնել անգամ ժամանակակից կանանց` 80-55-80: Դեռահաս աղջնակի կերպարը` չափազանց նիհար, բարձրահասակ ու թերզարգացած, արմատացավ իբրև գեղեցկության իդեալ ոչ միայն պոդիումի վրա, այլև կյանքում: Տարածում գտան խիստ դիետաները, «հացադուլներն» ու հյուծող մարզանքները: 70-ականներին երևան եկավ առողջ ապրելակերպի ուսմունքը, և սկսեցին հավասարակշռված դիետաներ մշակել, որոնք, սակայն, չփրկեցին անորեքսիայով տառապող մոդելներին:
Նոր դարի արշալույսին գեղեցկության էտալոնները փոխվեցին: «Կանացիություն+ֆիթնես». սա է մեր օրերի կարգախոսը: Արևայրուք, լավ զարգացած մկանային համակարգ, ինքնավստահություն և ինքնաբավություն. սրանք են ժամանակակից գեղեցկության չափանիշները: Սակայն 90-60-90 էտալոնը դեռ ուժի մեջ է: Կանացի գեղեցկության այդ չափանիշը նույն տպավորությունն է թողնում, ինչ ցեղական ձին կամ ավտոմեքենայի մակնիշը, և համարվում է կնոջ կողքին գտնվող տղամարդու հեղինակության գրավականը:
Բայց ոչ ոք չգիտի, թե ինչպես կփոխվի ճաշակը մի քանի տարի անց…
Դիտումների քանակը` 7760