Գայանե Քալանթարյան . “Կանայք իրենք կարող են պատռել այս պատնեշը”.
Սեպտեմբերի 9-ին Վանաձորում կայանալիք համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններին կանանց մասնակցությունը առավել քան պասիվ է: Քաղաքապետի պաշտոնին հավակնող հինգ թեկնածուների թվում կին չկա, իսկ ավագանու անդամության 53 թեկնածուներից միայն երկուսն են կին` ավագանու նախկին անդամ, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրեն անկուսակցական Գայանե Քալանթարյանը եւ ՀԱԿ թեկնածու, ՀՀՇ անդամ Գոհար Սարդարյանը: Մեր զրուցակիցն է Գայանե Քալանթարյանը, ով առաջին անգամ մասնակցել էր համայնքի ավագանու ընտրություններին 1999-ին եւ դրանից հետո եւս երեք անգամ ընտրվել է համայնքի ավագանու անդամ :
– Պետք է ասեմ, որ 99-ին իմ առաջին որոշումը փոքր ինչ սպոնտան էր: Ես քաղաքապետի թեկնածուներից մեկի թիմում էի, միեւնույն ժամանակ առաջադրել էի իմ թեկնածությունը: Իհարկե, այն ժամանակ ես ամբողջական պատկերացում չունեի ավագանու գործունեության մասին, քանի որ այդ ինստիտուտը նոր էր ներդրվել Հայաստանում՝ երկրորդ գումարման ավագանին էր: Այն ժամանակ քաղաքում երեք շրջան կար, ես կենտրոնում էի առաջադրվել եւ կարողացա զբաղեցնել երկրորդ տեղը` առաջ անցնելով երեսունհինգ տղամարդ մրցակցից: Դա իմ առաջին մեծ հաջողությունն էր: Հետագայում եւս կարողացել եմ, ժողովրդի վստահության քվեն ստանալ, հաջողությամբ տանելով քարոզարշավը իմ թիմի հետ:
Առաջին անգամ չէ, որ առաջադրվում եք, ո՞րն է նախորդ ընտրություններից Ձեր քաղած փորձը:
-Իհարկե, շատ բան եմ սովորել: Նախ, ծանոթացել եմ այն բոլոր խնդիրներին, որոնք առաջանում են ցանկացած համայնքում, հատկապես քաղաքային համայնքում, որտեղ խնդիրները շատ ավելին են: Իմ` ավագանի լինելը ինձ օգնել է ավելի լավ ճանաչել մեր համայնքը, քաղաքի հնարավորությունները: Ընտրական գործընթացներին մասնակցության առումով էլ բավականին փորձ եմ կուտակել: Հաջողության հասնելու համար, պետք է ունենալ լավ թիմ, որոշակի մարդկային ռեսուրսներ եւ իհարկե, մարդիկ պետք է քեզ հավատան, հավատան, որ ավագանու անդամ դառնալով իրոք կկարողանաս օգուտ բերել համայնքին:
Իսկ որքանո՞վ է աջակցում Ձեր շրջապատը`ընտանիքը, ընկերներն ու կոլեկտիվը, Ձեր քաղաքական գործունեությանը:
-Շրջապատս իմ որոշմանը շատ դրական է վերաբերվում: Ինձ բախտ է վիճակվել ապրել այնպիսի միջավայրում, որտեղ իմ առաջադրումը միայն դրական հույզեր է առաջացրել ՝ եւ իմ ամուսնու, որդիների, եղբայրների, եւ իմ մեծ ընտանիքի, ինչպես նաեւ իմ մերձավորների ու ընկերների մոտ: Այդ աջակցությունն իրոք եղել է եւ կա:
-Իսկ որեւէ քաղաքական ուժ կամ կուսակցություն աջակցո՞ւմ է Ձեզ,եթե այո, ապա ինչպե՞ս:
-Բացարձակ, ես անկուսակցական եմ, որեւէ կուսակցության չեմ հարում, կուսակցական աջակցություն երբեւեիցե չի եղել եւ այս պահին էլ չկա: Ես որեւէ կուսակցության աջակցություն չեմ ակնկալում: Այս անգամ ընտրություններն ավելի քաղաքականացված ու կուսակցականացված են, կուսակցոությունները առաջադրում են իրենց թեկնածուներին եւ չեմ կարծում, որ որեւէ կուսակցության աջակցությունը որեւէ կերպ ինձ կհասնի:
-Տիկին Քալանթարյան, երբեւէ մասնակցե՞լ եք կանանց լիդերության դպրոցներին:
– Մասնակցել եմ: Ծաղկաձորում տարիներ առաջ կին ավագանիներրի հետ կապված դասընթացներ են եղել, մասնակցել եմ կանանց հիմնախնդիրներով զբաղվող բազմաթիվ հասարակական կազմակերպությունների միջոցառումներին ու քննարկումներին: Իհարկե, այդ միջոցառումները օգտակար են եղել, կարողացել եմ կիսել իմ փորձը: Մշտապես մասնակցում եմ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի միջոցառումներին:
-Դուք ավագանու ինստիտուտում աշխատանքի բավականին մեծ փորձ ունեք, ծանոթ եք Վանաձոր համայնքում առկա խնդիրներին, ի՞նչ կցանկանայիք փոխել Ձեր համայնքում , ինչպիսի՞ պլաններ ունեք:
-Ի սկզբանե կինը եւ իր ընտանիքում եւ ամենուր, առաջին հերթին կարեւորում է առողջապահության, կրթության եւ սոցիալական հարցերը եւ ես , որպես կին , իհարկե կարեւորրում եմ այդ ոլորտները, բայց իմ հետաքրքրության շրջանակներում են նաեւ բնապահպանական հարցերը, հանրային առողջապահությունը, քանի որ ես մասնագիտությամբ բժիշկ եմ եւ հանրային առողջապահության կազմակերպիչ: Կրթության ոլորտից կցանկանայի առանձնացնել հատկապես մանկապարտեզներն ու մարզադպրոցները: Ես հաճախ եմ այցելում այդ հաստատությունները եւ առավել ուշադիր եմ այդ ոլորտներին:
–Ո՞վ է Ձեր ընտրողը եւ ի՞նչ կարգախոսով եք հանդես գալու:
-Իմ ընտրողները, կարծում եմ, այն առողջ մտածող մարդիկ են, որոնք ուզում են ստեղծել քաղաքացիական հասարակություն, ակտիվ մարդիկ են, մտավորականներ, իմ գործընկերներն են: Կարծում եմ, որ իմ էլեկտորատը բավականին լայն շերտեր է ընդգրկում: Իսկ իմ կարգախոսը հետեւյալն է` լինել ազնիվ, օգնել մարդկանց, գնալ մինչեւ վերջ, իմանալ`ինչ եւ ինչպես անել: Այն իմ բուկլետի վրա գրված է` կարգախոսս անփոփոխ է եւ այս տարիների ընթացքում այն մնացել է նույնը:
-Տիկին Քալանթարյան, ի՞նչ եք կարծում` Հայաստանում կանանց նկատմամբ խտրականություն կա՞: Ձեր նկատմամբ դա երբևէ զգացե՞լ եք:
-Խտրականություն կանանց նկատմամբ, իհարկե, ցանկացած երկրում կա, մանավանդ այս մակարդակի վրա ապրող երկրում : Թեպետ ես կարծում եմ, որ կանայք իրենք կարող են պատռել այս պատնեշը: Այնպես որ , շատ բան կախված է հենց կանացից, եթե կանայք ցանկանան, եթե կանայք միավորվեն, մենք մեծ հաջողությունների կարող ենք հասնել, պարզապես, շատ դեպքերում, կանայք իրենց տեսնում են այլ դերում: Քաղաքականության մեջ գերադասում են ավելի շատ տղամարդկանց տեսնել, թեեւ ավագանին էլ գուցե փոքր, բայց քաղաքականություն է: Ինչ վերաբերվում է ինձ, ես իմ նկատմամբ երեբեւէ չեմ զգացել խտրականություն ոչ ընտանիքում , ոչ էլ աշխատանքային միջավայրում: Բայց ընդհանրապես, խտրական մոտեցում կա,թեկուզ այն, որ ինչ կարելի է տղամարդուն , կնոջը չի կարելի: Այս առումով, կարծես կինը ափի վրա լինի, կնոջ ցանկացած խոսք, պահվածք ավելի մեծ ուշադրության է արժանանում եւ կնոջը ոչինչ չի ներվում , թեպետ ես իմ կյանքում այնպիսի բան չեմ արել, որ ներման հարց լինի, բայց կինն հասարակության կողմից կրկնակի ուշադրության է արժանանում: Արտահայտություն կա՝ երբ կնոջը ցանկանում են գովաբանել, ասում են` կին լինելով հանդերձ, հասել է մեծ հաջողությունների, այսինքն, խտրական մտաշելակերպը դեռեւս մեր մեջ նստած է:
-Ձեր կարծիքով Հայաստանում կա՞ն խոչընդոտներ կանանց քաղաքական մասնակցության համար:
-Հիմա ԱԺ-ում սահմանվել են են քվոտաներ, եւ դա ողջունելի քայլ է մեր հասարակության զարգացման այս փուլում, թեպետ ես կարծում եմ, որ դա եւս խտրականության դրսեւորում է, որովհետեւ տարանջատում է սեռերին: Բայց երկիրը զարգացման այն փուլում է, որ քվոտան անհրաժեշտությունն ունի: Դրա միջով են անցել շատ երկրներ, որոնք այսօր ունեն բարձր կենսամակարդակ, զարգացած են: Դա երեւի թե ճանապարհ է հաղթահարելու գենդերային անհավասարությունը:
– Ձեզ չի զարմացնում այն փաստը, որ Վանաձորի նման քաղաքում ավագանու անդամության 53 թեկնածուներից միայն երկուսն են կին:
-Այո, ցավոք այս ընտրություններում ընդամենը երկու կին է առաջադրվել: Դա ինձ իսկապես ցավ է պատճառում, որովհետեւ նախորդ ընտրությունների ժամանակ կանանց թիվն ավելի մեծ էր, չորս-հինգ կին թեկնածու է եղել: Ես համարում եմ, որ սա նահանջ է ժողովրդավարության առումով, շատ ցավալի է, որ կանայք պասիվ են: Հավանաբար, կանայք չեն վստահում իրենց ուժերին, դեռ իրենց ուժեղ չեն համարում եւ չեն կարծում, որ հասարակությունն իրենց կվստահի: Կարծում եմ, խնդիրը կանանց մեջ է, վստահության պակաս կա: Մեր համայնքում շատ գործունյա կանայք կան եւ շատ կցանկանայի , որ նրանք եւս մասնակցեին այս գործընթացներին:
Զրուցեց` Մարիաննա Ղահրամանյանը
Դիտումների քանակը` 5198