Գայանե Դավթյան. «Պատրաստ ենք ծառայելու որպես մեր քաղաքացիների շահերի պաշտպան»

Գայանե Դավթյանը Երևանի ավագանու ընտրություններում «Երկիր Ծիրանի» կուսակցության ցուցակի 10-րդ հորիզոնականում է ընգրկված : Ծնունդով Երևանից է, ապրել և մեծացել է մայրաքաղաքում, որտեղ եւ  բարձրագույն կրթություն է ստացել՝ լողի մարզիչ և ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ: Սակայն հանգամանքների բերումով չի աշխատել իր մասնագիտությամբ, աշխատանքային կարիերան շուրջ քսան տարի է կառուցում է միջազգային բեռնափոխադրումների ոլորտում, որտեղ էլ  2014 թվականին հիմնադրել է իր սեփական ընկերությունը:

 

 

Գայանե, Դուք  «Երկիր Ծիրանի» կուսակցության ցուցակի առաջին տասնյակում եք: Ինչպե՞ս եք որոշել զբաղվել քաղաքականությամբ և մինչ այս արդյո՞ք ներգրավված եղել եք քաղաքական գործընթացներին:


-Երբ հասկանում ես, որ անպաշտպան իրավիճակում ես գտնվում քո իսկ երկրում, որտեղ չի գործում ոչ մի օրենք և մեր ժողովուրդը ստրուկի կարգավիճակում է ապրում՝ բնական պահանջ է առաջանում,  ես շեշտում եմ՝ բնական պահանջ, այլ ոչ թե ցանկություն, արմատական փոփոխությունների: Իսկ այս պահանջն իրականություն դարձնելու  համար հարկավոր է ակտիվ  քաղաքական մասնակցություն ունենալ: Ցավոք, մենք տարիներ շարունակ մտածել ենք, որ շարքային քաղաքացուն չպետք է հետաքրքրի քաղաքականությունը, բայց դա այդպես չէ: Յուրաքանչյուրիս դերը շատ մեծ է քաղաքականության մեջ, անտարբեր մնալ և մտածել, որ ինչ-որ մեկը մեր տեղը կգա, կպայքարի ու կստեղծի մեր երազած  հայրենիքը միամտություն է:  Ինչ վերաբերում  է ինձ, ապա  նախկինում եղել եմ ներգրավված քաղաքական գործընթացներում, սակայն ոչ շատ ակտիվ: Ունեցել եմ փորձ ընտրական համակարքի խայտառակ ապորինությունների դեմ պայքարում: Մասնակցել եմ ընտրական գործընթացներին և՛ որպես դիտորդ, և՛ որպես ընտրական տեղամասի հանձնաժողովի անդամ:  Ցավոք, ապրել եմ շատ մեծ հիասթափություն, քանի որ մեկ անգամ ևս համոզվեցի , թե  ինչպես է ռոբոտի  նման աշխատում համակարգի կողմից  ծրագրավորված մեխանիզմը, ինչպես են  բոլոր խոստումները իբրև անպետք իր հենց հաջորդ օրը շպրտվում  աղբանոց մինչև հաջորդ ընտրությունները:

 

 

-Ի՞նչն է ոգեշնչող այս պայքարում Ձեզ համար: Զարուհի Փոստանջյանը ճանաչված է հանրության կողմից, բայց նորաստեղծ կուսակցությունը անմիջապես ընտրապայքարի է նետվել՝  վստահ ե՞ք Ձեր ուժերին:

 

-Անկասկած, մենք մեր ուժերին վստահ ենք, բայց  այս պարագայում շատ եմ կարևորում մեր ժողովրդի վստահությունը: Բնականաբար, տվյալ իրավիճակում առաջին հերթին  Զարուհի Փոստանջյանին, որը մեծ ջանք ու եռանդ ներդրեց այսքան տարիների ընթացքում իր քաղաքական ակտիվությամբ: Մեր երկրի և ժողովրդի համար միակ հենարանը՝  պայքարն է անարդարությունների, ապօրինությունների դեմ: Միևնույն ժամանակ հուսով եմ, որ այս անգամ գոնե մեր քաղաքացիները ճիշտ ընտրություն կկատարեն, ընտրելով «Երկիր Ծիրանի» նորաստեղծ, բայց պարզ և արդար ուղի ընտրած կուսակցությանը, որը ծնվեց մեր քաղաքական կյանքում առաջացած խնդիրներին արդիական լուծումներ տալու նպատակով:

 

Հավատացնում եմ մեր հարգելի ընտրողներին,  որ Զարուհի Փոստանջյանի  կողմից բոլոր առաջադրված թեքնածուները, ում գուցե դեռ չեն էլ ճանաչում, նույն գաղափարները կրողն են: Մենք պատրաստ ենք պայքարել և մեր Հայրենիքը մաքրել բոլոր ապօրինություններից, անարդարություններից և ստեղծել այն բնօրրանը՝  երկիր ծիրանին, որտեղից ոչ մի հայ ընտանիք չի արտագաղթի: Վստահ եմ, որ մեր քաղաքացիներն արժանի են ունենալ Զարուհի Փոստանջանի պես քաղաքապետի, ով պատրաստ է ծառայելու որպես իրենց շահերի պաշտպան: Ընտրարշավի ընթացքում մենք կունենանք հնարավորություն ներկայացնել հանրությանը մեր ծրագիրը և հուսով եմ, որ մեր ծրագրի դրույթները որոշիչ կլինեն մեր համաքաղաքացիների քվեն «Երկիր Ծիրանի» կուսակցությանը տալու առումով:

 

Ձեր կուսակցության ցուցակում կանայք շատ են, այսպիսով կարծես կոտրում եք առկա կրածրատիպերը, թե քաղաքականությունը կանանց տեղը չէ՞: 

 

-Կարծում եմ, որ այդ կարծրատիպը արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ փոխվել է մեր հանրության մտածելակերպում: Բայց, ամեն դեպքում, ես կոչ եմ անում լինել ակտիվ  քաղաքանության մեջ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց: Որովհետև հենց մեր պասիվության և անտարբերության արդյունքում ունենք այսօր ապօրինի իշխող «անարխիստական»  կառավարություն:

 

 

-Որքանո՞վ է երկրում օգտագործվում կանանց ռեսուրսը և ինչո՞վ է կարևոր  կանանց դերը քաղաքականության մեջ:

 

-Չնայած նրան, որ կարծրատիպերը կանանց վերաբերյալ փոխվել են, և բիզնեսում կանայք բավականին մեծ առաջընթաց ունեն, կարծում եմ, որ քաղաքականության մեջ մեր կանանց ներգրավումը   պետք է լինի շատ ավելի ակտիվ: Ինչպես առօրյա  հարցերում  անբնական է միայն կանանց կամ տղամարդկանց մասնակցությունը, այնպես էլ քաղաքականության մեջ: Չեմ էլ ուզում մեկը մյուսից կարևորել, որովհետև իմ կարծիքով՝ ամեն մեկն իր կարևորությունն ունի այս գործընթացում:

 

 

– Ընտրողների հետ հանդիպումներում ո՞րն է լինելու Ձեր հիմնական ասելիքը, ինչո՞ւ երևանցին Ձեզ պետք է ընտրի:

 

-Մեր ասելիքը, մեր ծրագիրն է՝ քաղաքապետարանն իր ամբողջ համակարգով ծառայեցնել քաղաքացիների բարեկեցիկ և առժանավայել ապրելու նպատակին:

 

 

Իսկ որո՞նք են այն հիմնական երեք խնդիրները, որ Ձեր օրակարգում կլինեն, եթե ընտրվեք Երևանի ավագանու անդամ:

 

-Մեր հիմնախնդիրն այն է, որ քաղաքապետարանը մաքրվի կոռուպցիայից, ապօրինությունից և քաղաքային բյուջեն օգտագործվի  իր  նպատակադրությամբ: Դա մեզ թույլ կտա իրականացնել մեր ծրագրում ներկայացված բոլոր խնդիրները , որոնք, ցավոք, միայն երեքով չեմ կարող սահմանափակել, քանզի դրանք բազմազան են:

 

 

-Որքանո՞վ է կարևոր ավագանու դերը: Ուսումնասիրել եք, արդյո՞ք, գործող ավագանու գործունեությունը, որո՞նք են այն բացերը, որ Դուք կցանկանաք փոխել:

 

-Ավագանու դերն, անշուշտ, կարևոր է, եթե այն  իրոք իրականացնում է իր վրա դրված պարտականությունները և ոչ միայն անունով է ավագանի: Ավագանին է, որ պետք է իրազեկված  լինի քաղաքի և քաղաքացիների բոլոր խդիրների մասին : Չկա այնպիսի խնդիր, որը չունենա լուծում, ավագանու պարտականությունն էլ այն է, որ այդ խնիրները լուծվեն: Բացերի մասին արդեն իսկ ասվեց, դրանք, մեր կարծիքով,  բազմաթիվ են և փոփոխման ենթակա:

 

Մեծ ցանկություն ունեմ մեր մայրաքաղաքում տեսնել ժպտադեմ  քաղաքացիներին, քանի որ մենք ծրագրում ենք ստեղծել այն հայրենիքը, որտեղ հնարավորություն կլինի ապրել ապահով և երջանիկ: Մեծ ցանկություն ունենք Երևանում տեսնելու նաև բոլոր  այն քաղաքացիներին, որոնք այսօր բռնել են արտագաղթի ճանապարհը: Մենք ամեն ինչ կանենք, որ նրանք վերադառնան:

 

Արդեն ասացիք մասամբ, թե ինչպիսին եք ուզում տեսնել մայրաքաղաքը: Երևանը Ձեզ համար…

 

-Երևանն ինձ համար իմ մանկության, պատանեկության  հիշողություններն են, երբ եղել ենք անհոգ և երջանիկ: Հիմա պետք է գնանք առաջ և ստեղծենք այսօրվա ժամանակակից պահանջներին համապատասխան Երևան, որտեղ մեր ներկայիս և ապագա սերունդները կլինեն նույնպես անհոգ և երջանիկ:

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 5700

Գլխավոր էջ