Գայանե Աբրահամյան. « Պատիվ ունեմ մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին»

Ճանաչված լրագրող, «Հոդված 3» ակումբի հիմնադիր,  «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը տեղեկացրել է այսօր իր ֆեյբուքյան էջում, որ մասնակցելու է Երևանի ավագանու առաջիկա արտահերթ  ընտրություններին   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով:

 

Իր գրառման մեջ նա, մասնավորապես,  նշել է.

 

«Սիրելի ընկերներ, պատիվ ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջարկով մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին և այն աշխատանքն ու ծրագրերը, որ իրականացնում էի, որպես լրագրող, վերջին տարիներին նաև որպես հասարակական կառույցի ղեկավար, հույս ունեմ, առաջիկայում իրականացնել նաև որպես ավագանու անդամ:

 

Լրագրողի համար սա չափազանց պատասխանատու որոշում է, որին դժվարությամբ հանգեցի, սակայն կարծում եմ, որ այն բոլոր հիմնահարցերը, որոնք տարիներ շարունակ եղել են իմ ուշադրության կենտրոնում՝ հանրային տարածքների ու այգիների անխնա ոչնչացում, քաղաքի ճարտարապետական տեսքի աղավաղում, տրանսպորտային խնդիրներ, քաղաքային բյուջեի մսխումներ ու քաղաքային տնտեսության զարգացման ծրագրերի բացակայություն, կոռուպցիոն անծայր շղթաներ, կրթության իրավունքի իրացման անհամաչափ հասանելիություն, քաղաքի իրական մատչելիություն ու ներառականություն, պոլիկլինիկաների անմխիթար վիճակ, աղբահանություն ու բազմաթիվ այլ հիմնահարցեր, հնարավոր նոր կարգավիճակում շատ ավելի արդյունավետ բարձրաձայնելու և լուծելու լծակներ կունենամ:

 

Առաջիկա ընտրություններն առաջին փորձաքարն են դառնալու ընտրական նոր մշակույթի, քաղաքական պայքարի նոր սկզբունքների՝ ընտրակաշառքներից, վարչական ռեսուրսից ու ճնշումներից զերծ, որտեղ պայքարի են դուրս գալու ոչ թե ընտրակեղծարարները, հանրային կարծիքի մանիպուլյացիաների վարպետները, այլ քաղաքական օրակարգեր, մտքեր ձևակերպողներն ու հստակ, իրատեսական ծրագրեր ներկայացնողները:

 

Մայրաքաղաքի բնակիչներն այս անգամ իրապես ընտրություն են կատարելու, ոչ թե պարզապես մասնակցելու են քվեարկությանը, ընտրություն են կատարելու ոչ թե ասֆալտի ու ընտրակաշառքի միջև, այլ՝ ծրագրերի ու պատրաստված թիմի, և վերջապես, մայրաքաղաք Երևանը ղեկավարվելու է ոչ թե «նշանակված» մեկ անձի, այլ՝ ընտրված ավագանու պատշաճ վերահսկողությամբ և պատրաստված թիմի կողմից:

 

Հաջողություն բոլորիս, արդար ու թափանցիկ ընտրություններն ամրապնդելու են հեղափոխության արժեքներն ու առկա մարտահրավերները հաղթահարելու նոր ներուժ են տալու»:

 

 

Կարդացեք Գայանե Աբրահամյանի մասին մեր կայքում.

 

«Հոդված 3» ակումբում նորարար գաղափարներ են գեներացվում

 

Դիտումների քանակը` 3207

Գլխավոր էջ