«Գաղափարներ, որոնք արժանի են տարածման». Քրիստինե Սարգսյանի TEDxYerevan -ը
Մեր զրուցակիցն է TEDxYerevan հարթակի կազմակերպիչ Քրիստինե Սարգսյանը, ով աշխարհում հայտնի TED-ի (Technology Entertainment Design) առաքելության ՝ «գաղափարներ, որոնք արժանի են տարածման», հավատարիմ հետևորդն է :
«Եթե փորձեմ կարճ ձևակերպել TED-ի՝ իմ ընկալումը, ապա կասեմ, որ սա հարթակ է, որն ինքնաբացահայտման և ինքնազարգացման է մղում մարդուն: Կարծում եմ՝ դա չափազանց կարևոր է »,- ասում է Քրիստինե Սարգսյանը:
Փոփոխությունների կառավարման ոլորտում աշխատանքի հարուստ փորձառությունն ու մանկավարժական հմտությունները Քրիստինեին միշտ մղել են նորարարության: Ըստ նրա, գիտության ներկայացման արխայիկ, կաղապարված մոդելն արդեն վաղուց անհետաքրքիր է մարդկանց ու եթե ցանկանում եք գիտությունը հետաքրքրական դարձնել բոլորի, հատկապես, երեխաների համար, գտեք այն ներկայացնելու նոր ձևեր՝ առավել մատչելի ու գրավիչ: Աշխարհում ճանաչում գտած TEDx ձևաչափը լավագույնն է ոչ միայն այդ նպատակին հասնելու, այլ ընդհանրապես աշխարհը փոխելու գաղափարները տարածելու համար:
«Շուրջ 18 տարի խորհրդատվական գործունեություն եմ իրականացնում Փոփոխությունների կառավարման ոլորտում: Դրա շնորհիվ ներառված էի նաև խորհրդատուների միջազգային ցանցում, որի միջոցով էլ 2009 թ.-ին պատահաբար ստացա մարդկային ուղեղի մասին TED-ային ելույթի տեսագրության հղումը: Դա առաջին տարին էր, որ TED-ն իր ելույթները հրապարակում էր բաց օգտագործման համար: Մինչ այդ, 1984 թ.-ին հիմնադրվելուց հետո, կոնֆերանսային ելույթները մշտապես փակ են եղել լայն շրջանակների համար՝ համարվելով առավելապես թիրախային լսարանի համար նախատեսված պրոդուկտ: Որոշ ժամանակ անց, հիմնադիրները հասկացան, որ ելույթները չափազանց լավն են՝ դրանք փակ պահելու համար, և դրանք բաց հասանելիության բովանդակություն դարձրեցին»,- պատմում է նա:
Մարդկային ուղեղի աշխատանքի և դրա կարողությունների մասին հետաքրիր TED-ային ելույթից հետո, Քրիստինեն գտավ մեկ այլ ելույթ, որը պատմում էր աֆրիկացի մի տղայի մասին, ով զրկված է եղել կրթության հնարավորությունից, բայց ինքնակրթման և նպատակասլացության շնորհիվ մեծ հաջողությունների է հասել: Քրիստինեն ուղղակի թարգմանեց հուզիչ պատմությունն ու ներկայացնեց այն որդուն ու նրա համադասարանցիներին: Երեխաների արձագանքն այնքան ոգևորեց երիտասարդ կնոջը, որ նա որոշեց դիմել առավել գործուն քայլերի և «պաշտոնականացնել» հարաբերությունները TED-ի հետ:
Շուտով Քրիստինեն նախաձեռնեց և մի խումբ կամավորների հետ իրականացրեց TED-ային ելույթների բաց թարգմանության նախագիծը, որի շրջանակներում թարգմանվեց շուրջ 300 ելույթ: Հայկական արմատներով, ամերիկացի ինտերնետ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի ելույթը բեկումնային դարձավ Քրիստինեի գործունեության համար: Եույթում եղած սլենգային, ծիծաղելի արտահայտությունները թարգմանելիս՝ լեզվաբանական կրթություն ունեցող Քրիստինեն որոշեց նամակ գրել հայ գործարարին.
«Ես նամակ գրեցի նրան և առաջարկեցի հանդիպել, եթե այցելի Հայաստան: Այցը շատ չուշացավ: Հանդիպումն անցավ շատ ջերմ ու հետաքրքիր: Ալեքսիսն այնքան ոգևորվեց մեր նախաձեռնությամբ, որ խոստացավ երաշխավորել մեր աշխատանքի որակի մասին TED-ին՝ արտոնագիր ստանալու համար»,- պատմում է նա:
Քրիստինե Սարգսյանն առաջինն էր Հայաստանում և առաջիններից մեկը աշխարհում, որ ստացավ TED-ի հանրապետական արտոնագրերից, որը նրան թույլ տվեց TEDx-ային միջոցառումներ կազմակերպել Հայաստանի տարածքում և հայալեզու թարգմանության ծրագիր իրականացնել: Ք. Սարգսյանն այս տարիների ընթացքում կազմակերպել և իրականացրել է ավելի քան 20 հաջողված TEDx ձևաչափով միջոցառում, ինչի շնորհիվ էլ դարձել է առաջին հայ կինը, ում մասին գրվել է TED-ի պաշտոնական բլոգում՝ որպես արդյունավետ և հաջողված աշխատանքի օրինակ:
Արտոնագիրը ստանալուց հետո Քրիստինեն սկսեց թիմ հավաքել: Հաջորդ մի քանի տարիներին աշխատեց TED-ի գլխամասային գրասենյակի համար, հնարավորություն ստանալով մասնակցել չորս TED գլոբալ կոնֆերանսների:
Կարծրատիպերը կոտրելու և նորը բացահայտելու հարթակ
Ամենաբարդը TED-ի ձևաչափը Հայաստանում ճիշտ ներկայացնելն էր: Միայն լավ ելույթը կամ հետաքրքրական թեման բավարար չեն. պետք է նոր անկյուն և նոր գաղափարներ գտնել ամենատարբեր ոլորտներում, մատուցման հետաքրքիր ձև մշակել, որպեսզի լսարանն անընդհատ մտածի:
«Երկրորդ խնդիրը բանախոսների ընտրության հարցն էր: Եթե ուշադիր հետևեք մեդիային, կտեսնեք՝ որոշակի թեմաների շուրջ քննարկումն ընթանում է միշտ նույն շրջանակներում. նույն մարդիկ, նույն մտքերը, նույն իմպուլսները: Սա տանում է լճացման ու ինֆորմացիոն բլոկադայի : Մշտապես պետք է նոր դեմքեր և նոր գաղափարներ ներգրավվել հասարակական քննարկումներում: Բացի այդ՝ մեզ համար բացարձակապես լսելի չեն երեխաների և դեռահասների կարծիքները՝ տնտեսության, քաղաքականության և, ընդհանրապես, որոշումների կայացման վերաբերյալ: Տպավորություն է, որ նրանք լուռ են: Իրականում, այդպես չէ. փայլուն սերունդ ունենք, որին լսելու կարողություն և պատրաստակամություն չունենք»,- ասում է Քրիստինեն:
Այսպես հղացավ «Մտածիր» (Think) կրթական ծրագրի գաղափարը՝ նախատեսված Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների համար: Սա կարծրատիպերը կոտրելու, երեխաներին արտահայտվելու և նորը բացահայտելու համար հարթակ տրամադրելու հաջողված փորձ էր.
«Չեմ կարող ասել, որ 100 %-ով հաջողում ենք երեխաների համար նախատեսված ծրագրերում, բայց կարող եմ վստահաբար պնդել, որ 70-80 % հաջողություն ունենք: Մեր այն երեխաները, պատանիները, ովքեր բացահայտում են անալիտիկ մտածելակերպի և ստեղծարար մտածողության առավելությունները, իրենց մտքերը հստակ շարադրելու և այլընտրանքային ձևով ներկայացնելու ունակություն են ձեռք բերում, հրապարակային ելույթների փորձառություն ստանում, արտասահմանյան առաջատար բուհերի, համալսարանների համար պահանջված կադրեր են դառնում: Եվ սա չափազանցություն չէ: Ուղղակի չի կարելի երեխաների մտածելու կարողությունը կաղապարել ինչ-որ դոգմատիկ «ճշմարտությունների» մեջ»,- ասում է նա:
TED-ի ամենամեծ ձեռքբերումներից մեկը Քրիստինե Սարգսյանը համարում է բացառիկ, նորարար մասնագետների, խոսնակների բացահայտումը: Այս մարդիկ նոր միջավայր, հասարակական նոր մտածելակերպ են ձևավորում, ինչպես նաև՝ ոգեշնչում շատերին՝ ինքնակրթվելու և առաջ գնալու: Մտածողության այլընտրանքային, դեռևս անծանոթ մոդելները փոխում են մարդկանց աշխարհընկալումը և մոտեցումը:
2015 թ.-ին Քրիստինեն TED-ի կողմից ստացավ TED-Ed նորարար ուսուցիչների համար նախատեսված 28 կրթաթոշակներից մեկը, որին հավակնում էին շուրջ 250.000 ուսուցիչներ և դասաղոսներ՝ աշխարհի բոլոր երկրներից: Այս ծրագրի շրջանակներում Քրիստինեն սովորեց, թե ինչպես կարելի է նորարարությունը տանել դպրոց ու համալսարան և ներառել կրթական ծրագրերում:
«Ապագան խոսում է որոշումներ կայացնողների հետ»
Ծրագիրը, որի վրա այսօր աշխատում է Քրիստինե Սարգսյանը, կոչվում է «Ապագան խոսում է որոշումներ կայացնողների հետ»: Ծրագրի նպատակն է TED-ային ձևաչափի ելույթների միջոցով ներկայացնել երեխաների կարծիքները, իրենց հուզող և հետաքրքրող խնդիրներն ու երազանքները նրանց, ովքեր որոշումներ են կայացնում.
«Որոշումների կայացման մակարդակում շատ հաճախ կարող եք հանդիպել «մենք աշխատում ենք ապագա սերունդների համար», «երեխաները մեր ապագան են» և նման ձևակերպումների: Սակայն այս ամենից պարզ չէ՝ ո՞րն է նրանց պատկերացրած ապագան, ինչպե՞ս են այն նախագծում , ո՞ւմ համար են, ի վերջո, որոշումներ կայացնում, եթե պատկերացում չունեն անգամ ներկա սերնդի կարիքների ու սպասելիքների մասին: Մենք փորձում ենք ստեղծել մի հարթակ, որտեղից «ապագան» ուղիղ կխոսի որոշում կայացնողների հետ: Եվ դա կլինի երկխոսություն: Որևէ այլ հարթակ, որը հաշվի է նստում երեխայի կարիքների և կարծիքի հետ, օգնում է հետազոտություն անել և լուծումներ գտնել, այսօր չկա»,- բացատրում է Քրիստինեն:
TEDxYerevan-ը մայրաքաղաքով չի սահմանափակվելու. վերապատրաստումների շնորհիվ՝ արդեն իսկ միջոցառումներ են կազմակերպվել Սիսիանում, Գյումրիում և Ստեփանավանում: Առաջիկայում սալոնային միջոցառումներ կլինեն նաև Հայաստանի մյուս մարզերում:
Բացի TEDxYerevan-ից, Քրիստինեն զբաղվում է մի շարք այլ գործերով՝ շարունակում է խորհրդատվական գործունեությունը, դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում (AUA) և Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում (ATC), կրթական ծրագրեր է իրականացնում Վորլդ Վիժն -ի հետ ու տեքստեր գրում Գիսանե Պալյանի երգերի համար: Բացի այդ, աշխատում է իր նոր՝ «Ուղեղ՝ բոլորի համար» գրքի հրատարակման վրա… Մի խոսքով, սեփական օրինակով է փորձում ապացուցել TED-ի սկզբունքների ուժն ու արդյունավետությունը:
Սոնա Մարտիրոսյան
Դիտումների քանակը` 5109