Բրիտանիայում կանանց թույլ չտվեցին եպիսկոպոսներ դառնալ

Կին եպիսկոպոսների ձեռնադրումը  արտոնող օրենքի նախագիծը չկարողացավ հաղթահարել վերջին խոչընդոտը. օրերս կայացած քվեարկության ժամանակ այն չի հավաքել ձայների անհրաժեշտ մեծամասնությունը  Գլխավոր Սինոդի  հավատացյալների ներկայացուցիչների պալատում:

 

 

Անգլիական եկեղեցին հայտնվեց իր պատմության մեջ ամենալուրջ ճգնաժամերից մեկում այն բանից հետո, երբ կանանց եպիսկոպոսական ձեռնադրությունը թույլատրող օրենքի նախագիծը մերժվեց՝ ընդամենը 6 ձայնի պակասության պատճառով: Այս մասին նշում է Ջերոմ Թեյլորը ՛՛The Independent” – ում (Մեծ Բրիտանիա):

 

 

Այս որոշումը լուրջ հարված հասցրեց կանանց հոգևորականության կողմնակիցներին, ովքեր երեք տասնամյակ շարունակ պայքարել են եկեղեցին աստվածաբանական և ինստիտուցիոնալ սեքսիզմից ազատագրելու համար: Ընդ որում, նրանք  պարտություն կրեցին 20 տարի անց այն բանից հետո, որ կանանց թույլատրվեց դառնալ հոգևորականներ: Նշենք, որ այսօր Անգլիկան եկեղեցու սպասավորների մեկ երրորդը կանայք են: Բացի այդ կին եպսկոպոսներ արդեն կան ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Կուբայում եւ Հարավային Աֆրիկայում:

 

Սինոդում կայացած քվեարկությանը սրտատրոփ  հետեւում էին մոտ 4 հազար կին հոգեւորականներ: Արձանագրված պարտությունը լոբբիստական համառ գործունեության արդյունք էր, որը ծավալել էր պահպանողական ավետարանականների և անգլո-կաթոլիկների փոքր, սակայն բավականին ազդեցիկ մի խումբ, ովքեր դեմ էին այն բանին, որ կանայք եկեղեցում առաջնորդական դիրքեր զբաղեցնեն: Վերջին յոթ տարիների ընթացքում Անգլիական եկեղեցու օրենսդիր մարմինը՝ Գլխավոր Սինոդը, կողմ է քվեարկել կանանց ձեռնադրության օգտին ամեն անգամ, երբ այդ հարցը քվեարկման է դրվել: Բացի այդ, այս նախաձեռնության օգտին հանդես եկան 42 և 44 անգլիական թեմեր: Այնուամենայնիվ, այս օրինագիծն այդպես էլ չկարողացավ հաղթահարել վերջին խոչընդոտը: Փաստորեն, օրինագծի ընդունման օգտին քվեարկել են սինոդի երեք պալատներից միայն երկուսը:  Կանանց եպիսկոպոսության օգտին քվեարկել են եպիսլոպոսների եւ հոգեւորականների պալատները, մինչդեռ աշխարհիկ ներկայացուցիչների պալատի մեծամասնությունը դեմ է արտահայտվել օրինագծին:

 

 

Արդյունքում Մեծ Բրիտանիայի գերիշխող եկեղեցում լուրջ պառակտում է արձանագրվել, ինչը կհանգեցնի այն բանին, որ նրա նոր առաջնորդ Գերաշնոր Ջասթին Ուելբին (Justin Welby) կհայտնվի ճգնաժամի կիզակետում, երբ հաջորդ տարեսկզբին փոխարինի այդ պաշտոնում Ռոուեն Ուիլյամսին (Rowan Williams ): Սինոդը կին-եպիսկոպոսների հարցը կարող է քննարկման դնել միայն 4 տարի անց, ինչը նշանակում է, որ առաջիկա տասնամյակի ընթացքում կանայք դժվար թե հավասարության հասնեն:

 

 

՛՛Եկեղեցու կանայք՛՛ կազմակերպության ներկայացուցիչները իրենց հայտարարության մեջ Սինոդի այս որոշումը անվանում են ՛՛կործանարար՛՛, ինչպես նաև նշում են, որ Սինոդի անդամների 74 %-ը օրինագծին կողմ են քվեարկել:

 

 

՛՛Այսօրվա քվեարկությունը կործանիչ հարված էր եկեղեցու և ողջ երկրի համար՛՛, – ասվում է հայտարարության մեջ: Այս քվեարկությունը դարձավ բաց թողնված հնարավորություն մի ողջ սերնդի համար, որը կարող էր ականատես լինել այն բանին, որ տղամարդիկ և կանայք եկեղեցում հավասար իրավունքներ ունեն՛՛:

 

Քրիսթին Օլսոփը (Christine Allsopp)՝ առաջին հոգևորական կանանցից մեկը, իր հիասթափությունը հայտնեց:

 

՛՛Այսօր շատ տխուր օր է Անգլիական եկեղեցու համար՛՛, – նշեց նա The Independent – ի թղթակիցների հետ զրույցում, – Անգլիական եկեղեցու շարքային անդամները չեն կարողանում հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել: Նրանք ձայների մեծամասնությամբ կողմ են հանդես եկել կանանց՝ եպիսկոպոս ձեռնադրվելու հարցին: Մենք բոլորս հիասթափված և վրդովված ենք՛՛:

 

Անգլիական եկեղեցու այսօրվա առաջնորդ Ռոուեն Ուիլյամսը եւ  Ռոուեն Ուիլյամսը, ով  կփոխարինի նրան այդ պաշտոնում,  նույնպես կողմ էին կին եպիսկոպոսների ձեռնադրմանը, սակայն նրանց խոսքերը ի օգուտ այս նախաձեռնությանը չհամոզեցին ընդդիմախոսներին:

 

 

Ընդդիմախոսները նույնպես հանդես եկան ոչ պակաս վառ ելույթներով, որպեսզի իրենց կարծիքը լսելի լինի և հաշվի առնվի: Շատ ավետարանականներ և անգլո-կաթոլիկներ կարծում են, որ իրենց տեսակետը արհամարհվում է այն մեծամասնության կողմից, ովքեր հրաժարվում են լսել իրենց փոխզիջման գնալու կոչերը:

 

 

՛՛Այս օրենքի նախագիծը չի համապատասխանում իր նպատակին, – հայտարարեց Մանչեսթերից մի հոգևորական՝ Սայմոն Կիլվիկը (Simon Killwick), – այն մեզ թույլ չի տա կնքել այն համաձայնագիրը, որը կօգներ միասին առաջ շարժվել՛՛:

 

 

Շեֆիլդից պահպանողական ավետարանական Ջեյն Պատերսոնը զգուշացրեց, որ իր աստվածաբանական տեսակետները կիսող շատ քահանաներ հնարավոր է ընդմիշտ հեռանան եկեղեցուց:

 

՛՛Անգլիան չի կարող իրեն թույլ տալ կորցնել այսպիսի մարդկանց, եթե մենք լրջորեն ցանկանում ենք դավանել մեկ միասնական ավետարան՛՛, – զգուշացրեց նա, – ես կհամարձակվեմ հորդորել ձեզ տեղի չտալ մշակութային ճնշմանը և թույլ չտալ մեզ կորցնել մեր միասնությունը՛՛:

 

 

Ճակատագրի հեգնանքով Դերբիից 21-ամյա երիտասարդ ներկայացուցիչ Հաննահ Փեյջը (Hannah Page) դարձավ այն խոսնակը, ում ամենաշատը ծափահարեցին. նա հայտարարեց, որ ինքը դեռ երեխա է եղել, երբ կանանց թույլատրել են քահանա դառնալ:

 

 

՛՛Ինձ թվում է՝ այս հարցը քննարկվել է իմ ողջ կյանքի ընթացքում, – ավելացրեց նա, – խնդրում եմ ձեզ, մի ստիպեք ինձ սպասել այս օրենքի ընդունմանը մինչև իմ 30 տարին լրանալը՛՛:

 

 

Սակայն, հաշվի առնելով քվեարկության արդյունքները, ամենայն հավանականությամբ այդպես էլ կլինի:

 

 

Աղբյուրը՝  http://www.independent.co.uk/news

 

Դիտեք նաեւ Vesti.ru լրատվական  գործակալության ռեպորտաժը այս թեմայով.

 

 

 

«Իրենց դուր է գալիս երբ մենք շորով  փայլացնում ենք եկեղեցու խորանը , երբ թեյ ենք մատուցում նրանց, բայց նրանք  չեն ուզում տեսնել մեզ պատարագ մատուցելիս» …

 

 

Դիտումների քանակը` 4577

Գլխավոր էջ