«Բռնությունը չունի արդարացում». բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց

 

Երևանի ավագանու նիստերի ժամանակ այսօր տեղի ունեցած ծեծկռտուքից հետո մի շարք քաղաքացիական ակտիվիստներ  «Բռնությունը չունի արդարացում» և այլ պաստառներով Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք ներս մտան քաղաքապետարանի շենք՝  սուլելով ու վանկարկելով  «բռնապետարան», «քաղաքապետքարան»:

 

 

Բողոքի ակիցան սկսվել էր 17.30-ին և նպատակ ուներ դատապարտել այսօր առավոտյան Երևանի ավագանու նիստի ընթացքում կատարվածը, երբ հանրապետական քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրահանգով մի խումբ տղամարդիկ ծեծել էին ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Մարինե Խաչատրյանին և Սոնա Աղեկյանին։ Ակցիայի մասնակիցները նշում էին, որ   որևէ մեկն իրավունք չունի բռնություն կիրառելու առավել ևս կնոջ նկատմամբ և պահանջում քրեական պատասխանատվության ենթարկել «Երկիր ծիրանիի» կանանց վրա հարձակված անձանց։  Բողոքողները դատապարտում էին նաև անտարբերությունը, որով կանանց ծեծելուց հետո ավագանու նիստը շարունակվել է, կարծես, ոչինչ չէր եղել։

Ակցիայի սկզբից կես ժամ անց  ոստիկանները համայնքապետարանի շենք մտած բողոքի   ակցիայի մասնակիցներին  դուրս բերեցին՝ հարվածելով, քաշքշելով, ոմանց հագուստները պատռելով։  Բողոքող ակտիվիստների մի մասը ակցիան շարունակում էր քաղաքապետարանի շենքում գտնվող Երևանի պատմության թանգարանի մուտքի մոտ։ Նրանց հանդեպ ևս բռնություն կիռարվեց։

Դրսում ակցիայի մասնակիցները հայտարարությամբ հանդես եկան, որում , մասնավորապես, ասված էր.

 

«Մենք՝ Երևանի Քաղաքապետարանի դիմաց հավաքվածներս, որևէ այլ ելք չենք գտնում, քան գալ և պահանջել ազատել ավագանին այսօր ավագանու ընդդիմադիր կանանց վրա հարձակվող, ծեծի և սեռական ոտնձգության ենթարկող իշխանական տղամարդկանցից և քրեական պատասխանատվության ենթարկել նման հանցագործներին։  Այսօր ժամը 17։00-18։30-ի սահմաններում մենք գրավեցինք Քաղաքապետարանի գլխավոր, ինչպես նաև Երևան քաղաքի պատմության թանգարանի մուտքը՝ պահանջելով վերոնշյալը, ինչի արդյունքում մեր նկատմամբ կիրառվեց անհամաչափ ուժ ոստիկանների կողմից, և մի քանիսս կրեցին մարմնական և նյութական վնասներ։ Ուստի սույն հայտարարությունը նաև հաղորդում է հանցագործության մասին։ Այսպիսով, մենք փաստում ենք, որ կանանց նկատմամբ ճնշումը և բռնությունը համատարած և համակարգային բնույթ է կրում, և այսօր տեղի ունեցած միջադեպերը դրանց մի մասն են կազմում։ Մեր պայքարը նոր չի սկսվել և չի ավարտվելու այսօր»։

 

Լուսանկարները՝   News.am 

 

Տեսանյութը՝ Ազատություն 

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Ժողովուրդը  շնչում է, դուք էլ պետք է շնչեք». ծեծկռտուք քաղաքապետարանում/ տեսանյութ

 

Պահանջում ենք խիստ գնահատականի արժանացնել ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի հանդեպ կոպիտ բռնության փասստը

 

«Բռնությունը չունի արդարացում». բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց

 

«Կրծքերիս, մարմնիս ձեռք տվեց, ապտակեցի». Մարինա Խաչատրյանը ահազանգում է սեռական ոտնձգության մասին

 

Դիտումների քանակը` 3812

Գլխավոր էջ