#Բռնության_ձայնը․ իրական դեպքեր դատական գործերից
Ինչպես հայտնի է Հայաստանում #MeToo շարժումը սկսեց չեխ աղջիկ Էվայի հրապարակված պատմությունից հետո, որում նա պատմեց թե ինչպես է Հայաստանում անցկացրած մեկ տարվա ընթացքում բազմիցս սեռական ոտնձգությունների ենթարկվել, մեկ անգամ էլ՝ բռնաբարության փորձի: Այդ հրապարկումից հետո լրագրող Լյուսի Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում #բռնության_ձայնը հեշթեգով արշավ սկսեց՝ հրապարակելով իրեն ուղարկված բազմաթիվ նամակներ, որտեղ կանայք և աղջիկները, նաև՝ տղամարդիկ պատմում են իրենց նկատմամբ բռնության դեպքերի մասին։ Սոցիալական ցանցերում բուռն քննարկումներ ծավալվեցին թեմայի շուրջ, հնչում էին կարծիքներ, որ նամակները հորինված են։ Սակայն որքան էլ հանրության մի ստվար զանգված փորձի խուսափել բռնության թեմայից կամ էլ այն որակի ուղղորդված՝ իրականությունը փաստում է, որ բռնության երևույթը ոչ միայն առկա է, այլև վտանգավոր տեսք ունի։ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական տվյալներով միայն 2018-ին քննվել է ընտանիքում բռնության վերաբերյալ 519 քրեական գործ՝ 2017-ի 458 դեպքի դիմաց: ՍիվիլՆեթի լրագրող Գևորգ Թոսունյանն առանձնացրել է իրական դեպքեր՝ վերցված «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Դրանք բոլորն օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով քրեական գործեր են, որոնցով հանցագործությունն ապացուցվել է։ Գործող անձանց անունները փոխված են։
Հայրը քրոջը բռնաբարել է, չի կարողացել օգնել և որոշել է ինքնասպան լինել
2008-ին Արտուրը իր տանը ընկերոջ հետ ոգելից խմիչք է օգտագործել, երբ օղին ավարտվել է, իր դստերը՝ Անահիտին, հրահանգել է օղի բերել, վերջինս ասել է, որ խմիչք չկա տանը և հրաժարվել է գնալ խանութ՝ մթնշաղի պատճառով։ Հայրը սկսել է դստերը հայհոյել ու ծեծել, վիճաբանությանը խառնվել է տանը գտնվող կրտսեր դուստրը, փորձել է թույլ չտալ, սակայն հայրը նրան էլ է ծեծել ու դանակի սպառնալիքով հորդորել է գնալ իր սենյակ։
Այնուհետև Արտուրը դստերը՝ Անահիտին, տարել է սենյակ և բռնաբարել, մյուս դուստրը լսել է, սակայն վախեցել է խառնվել։ Անահիտը դատարանում պատմել է, որ բռնաբարությունը տևել է 5 րոպե։ «Բռնաբարության ընթացքում հոր դեմքը բավականություն է արտահայտել, և այնպես է իրեն պահել, կարծես թե իրեն բռնաբարելը սովորական երևույթ է»,- պատմել է աղջիկը։
Մի քանի րոպե անց Անահիտը տանից դուրս է եկել, փողոցում նրան հանդիպել են երկու երիտասարդներ՝ մեքենայով։ Նրանք առաջարկել են իրենց հետ գնալ Երևան։ Այդ երիտասարդներից մեկը աղջկան բռնաբարել է մեքենայում։
Անահիտի քույրը բռնաբարությունից հետո մտել է դեպքի վայր, տեսել քրոջ սենյակում տիրող վիճակը, հասկացել, որ հայրը բռնաբարել է նրան և որոշել է ինքնասպան լինել։ Վերցրել է մոր դեղահաբերը ու ութ հատ խմել, սակայն հոր ընկերը նրան նկատել է, տարել հիվանդանոց, որտեղ նրան անհրաժեշտ բուժօգնությու են ցուցաբերել։ Նա չի մահացել։ Բռանարարը դատապարտվել է 4 տարի ազատազրկման։ Նա հիմա ազատության մեջ է։
Նախկին ամուսինը ընկերների ներկայությամբ բռնաբարել է
Արմինեն պատմել է, որ 10 տարի առաջ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է մտել Արտուշի հետ: Համատեղ կյանքը չի ստացվել, և նրանք բաժանվել են, սակայն նախկին ամուսինը իրեն հետապնդել է, անգամ սպառնացել։ Նա մի քանի անգամ դիմել է ոստիկաններին, սակայն ապարդյուն։
2017-ին աշխատանքից վերադառնալիս իրեն է մոտեցել նախկին ամուսնու ընկերը, որն առաջարկել է մեքենայի մեջ խոսել ընտանիքը վերականգնելու հարցով։ Համաձայնվել է, երբ նստել են մեքենան, նախկին ամուսնու մեքենան մոտեցել է, մեջից դուրս է եկել Արտուշը և մի անծանոթ տղամարդ ու կնոջը բռնությամբ տեղափոխել են այլ վայր։ Այդ նույն վայրում ամուսինը ընկերների օգնությամբ բռնաբարել է նախկին կնոջը։ Այնուհետև այդ անձինք գնացել են, և նա մնացել է նախկին ամուսնու հետ, ընթացքում երկու անծանոթ տղամարդ է անցել, կինը խնդրել է օգնել, սակայն նախկին ամուսինը այդ մարդկանց ասել է, որ իր կինն է, ու նրանք հեռացել են։ Դրանից հետո Արտուշը Արմինեին մտցրել է մեքենայի բեռնախցիկը, մեքենան վարել երեք տարբեր վայրեր, յուրաքանչյուր վայրում հանելով բեռնախցիկից՝ պահանջել է հաշտվել, սակայն մերժում ստանալուց հետո նորից մտցրել է բեռնախցիկի մեջ: Վերջում տարել է նրա հոր գերեզմանի մոտ, որտեղ մեքենայում բռնություն է գործադրել կնոջ հանդեպ, սեռական բնույթի գործողություններ արել, պահանջել, որ հաշտվեն։ Արմինեն, զգալով, որ այլընտրանք չկա, համաձայնվել է։ Հետո տղամարդը կնոջը տարել է մի հյուրանոց և ստիպել, որ մերկանա իր ներկայությամբ։ Արմինեի կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ։ Երբ Արտուշը քնել է, Արմինեն դուրս է եկել հյուրանոցից, գտել մի անծանոթի, որի միջոցով զանգել է քրոջը և շտապօգնություն ու ոստիկանություն կանչել։ Բռնարարը դատապարտվել է ազատազրկման 4 տարի և 6 ամիս ժամկետով։ Նա հիմա անազատության մեջ է։
Գևորգ Թոսունյան
Հոդվածն ամբողջությամբ այստեղ
Դիտումների քանակը` 1293