Բջջային հավելված հեղինակած հայ աշակերտուհիների թիմը ԱՄՆ-ում մրցանակի է արժանացել

 

Արագածոտնի մարզի Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհիների թիմը ԱՄՆ-ի Սիլիկոնե հովտում անցկացվող  «Technovation» միջազգային մրցույթում ժեստերի հայերեն լեզուն սովորեցնող հավելվածով եզրափակիչ փուլ է անցել և արժանացել «Ժողովրդի ընտրություն» մրցանակին։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Սաթենիկ Հակոբյանը։

 

Մրցույթն անցկացվել է օգոստոսի 7-11-ը։ Տնօրենը տեղեկացրեց,  որ թիմն այսօր վերադարձել է Հայաստան, սակայն դեռ չեն հասցրել հանդիպել և մանրամասն քննարկել աղջիկների հաջողությունները։

 

Հինգ աղջիկներից բաղկացած «Մեկ քայլ առաջ» թիմի կազմում են Աղավնի Հակոբյանը, Սոնա Ավետիսյանը, Սվետլանա Դավթյանը, Վիոլետա Մկրտչյանն ու Վարդանուշ Նազարեթյանը, նրանց ղեկավարն է դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Վարդանուշ Հովհաննիսյանը։

 

«Եզրափակիչ դուրս եկած բոլոր թիմերին 5 հազար դոլար կրթաթոշակ է շնորհվել՝ կրթությունը շարունակելու նպատակով»,- ասաց տնօրենը։

 

Գլխավոր մրցանակին է արժանացել Ղազախստանի թիմը։

 

Technovation Challenge-ը 12-շաբաթյա առցանց միջնակարգ դպրոցական ծրագիր է միջին և ավագ դպրոցի աղջիկների համար (10-18 տարեկան)։ Հայաստանում ծրագիրն իրականացվել է Կրթության ազգային ինստիտուտում: Ուսուցման ընթացքում աղջիկները սովորել են բացահայտել, վեր հանել որևէ սոցիալական խնդիր իրենց համայնքում և պատրաստել  բջջային հավելված` այն լուծելու համար։  Այս տարի միջոցառմանը մասնակցել են ավելի քան 100 երկրից շուրջ 11.000 աղջիկ:

 

 

Աղբյուր` Panorama.am

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Հայ աղջիկները կներկայացնեն իրենց նորարար բջջային հավելվածը Սիլիկոնային հովտում

Դիտումների քանակը` 3629

Գլխավոր էջ