Բնության մի մասնիկը

Գյուղի կինն ավելի մոտ է բնությանը, ավելի ճիշտ՝ նրա մի մասնիկն է,- ասում է Լոռու մարզի Լոռի Բերդ գյուղի բնակչուհի Արմինե Ասուլյանը,- քանի որ նրա ջանքերի ու խնամքի արդյունքում է հողի մեջ ցանված սերմը ծլարձակում, աճում ու բերք տալիս:

 

Արմինեն ընդամենը 32 տարեկան է, սակայն արդեն գյուղում նրան ճանաչում են որպես հմուտ գյուղատնտեսի, և անգամ շատերը խորհուրդ են հարցնում՝ այս կամ այն մշակաբույսն ինչպե՞ս ցանել, խնամել և որքա՞ն ժամանակ հետո ի՞նչ քանակությամբ բերք ակնկալել: Այս բոլոր գիտելիքները Արմինեին փոխանցել են իր ծնողները, և դրան էլ գումարվել է իր սերը դեպի հողագործությունն ու նոր բաներ սովորելու ձգտումը:

 

– Չեմ էլ հիշում, թե ե՞րբ եմ սկսել հողը մշակել, մայրիկիս միշտ օգնել եմ աճեցնել լոբի, վարունգ և այլ բոստանային կուլտուրաներ, իսկ արդեն 12 տարեկանում օգնում էի հորս արտում խոտ հնձելու,- հիշում է նա,- և բոլորը զարմանում էին, չէ՞ որ այդ դժվար աշխատանքը հիմնականում տղամարդիկ են անում:

 

Այժմ Արմինեն ամուսնացած է, ունի երեք երեխա և ոչ մեծ տնտեսություն: Նա իր այգում աճեցնում է պտղատու ծառեր, հատապտուղներ, ցորեն, լոբի, վարունգ, կարտոֆիլ և այլ մշակաբույսեր: Սակայն նրա հպարտությունը հիասքանչ վարդերն են, որոնց կողքով ոչ ոք անտարբեր չի անցնում. «Դրանք իմ այգու թագուհիներն են»,- ժպտում է նա: Արմինեն պակաս ոգևորությամբ չի խոսում իր խաղողի որթերի մասին, դրանք այնքան գեղեցիկ մեծացել ու փարթամացել են. նրա ամուսինը անցյալ ամռանը մի չքնաղ տաղավար է սարքել խաղողի որթերից, որտեղ ամռան երեկոները նստում են, ընթրում և զրուցում՝ երեխաների, բերքի և իրենց ապագա ծրագրերի մասին:

 

– Իսկ աշնանը՝ ընթրիքից հետո, դեսերտն ուղիղ գլխավերևումդ է կախված, ձեռքդ պարզիր, պոկիր և անուշ արա,- ասում է զրուցակիցս:

 

Արմինեի աշխատանքը միայն հողագործությամբ չի սահմանափակվում, նա նաև զբաղվում է անասնապահությամբ:

 

– Ունեմ 2 կով, 2 երինջ, հավեր, սագեր և խոզեր եմ պահում, սակայն մտածում եմ ավելացնել անասունների գլխաքանակը, մանավանդ որ օգնականներս արդեն մեծանում են- ասաց նա և հիշեց իր մանկությունից մի դեպք։ -Դեռ դպրոցական էի, մեր գառնուկը ծնվել էր հանդում, ես նրան տուն եմ բերել ուսերիս դրած, նրան վայր չդրեցի՝ ինչքան էլ համոզեցին, շատ էի վախենում, որ փշերը ոտքերը կծակեն, կամ կհոգնի, վայր կընկնի:

 

Ով հյուրընկալվել է Արմինեին, նա անպայման փորձել է նրա ձեռքերով պատրաստած մածունը, կարագը, թթվասերը, մոթալ պանիրը և հալվան, որն ուղղակի հալչում է բերանումդ:

 

– Հազվադեպ եմ վաճառում իմ ստեղծած բերքն ու բարիքը, ես դրանք սարքում և աճացնում եմ իմ երեխաների համար, որպեսզի անարատ սնունդ ուտեն և առողջ լինեն: Աննկարագրելի զգացում է, երբ քո ձեռքով տնկում ես սանտիմետրից էլ փոքրիկ սերմը, աճեցնում ես այն, ստանում բերք, պատրաստում ուտելիք և մատուցում սիրելիներիդ,- պատմեց Արմինեն՝ նշելով, որ կցանկանար նաև վաճառել իր ստեղծած բարիքները:

 

Ձմռանն էլ նա զբաղմունք ունի՝ սենյակային բույսեր է աճեցնում, նրանց մեջ հատկապես առանձնահատուկ խնամում է «երջանկության ծառ» կոչվող ծաղիկը.

 

– Երբ դժվարություններ ենք ունենում, ծաղիկը թոշնում է ու դեղնում, բայց երբ հաղթահարում ենք դրանք, այն նորից փարթամանում է ու կանաչում: Շատ զարմանալի ծաղիկ է, եթե ինքս չունենայի, պատմեին՝ չէի հավատա:

 

Ի դեպ, Արմինեն զբաղվում է նաև սոցիալական աշխատանքով, Երեխաների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի  անդամ է, և վերջերս նրա օգնությամբ տատիկին տրվեց թոռնիկի խնամակալությունը:

 

Կարինե Պետրոսյան

Դիտումների քանակը` 4762

Գլխավոր էջ