Բնակչության համաշխարհային օրվա կիզակետում դեռահաս աղջիկներն են

Հուլիսի 11-ը  Բնակչության համաշխարհային օրն է: Այս տարվա թեման է՝ ներդրումներ  կատարել դեռահաս աղջիկների համար:  «Զարգացմանն ուղղված նախորդ նախաձեռնություններից ամենաքիչ օգտվողների  թվում են աղջիկները՝ հատկապես դեռահասության շրջանում գտնվողները… Այս անհավասարության շտկումը Կայուն զարգացման 2030 օրակարգի հաջողության հասնելու գրավականն է: Ահա թե ինչու է այն իր մեջ ներառում նաև գենդերային հավասարության և բոլոր կանանց ու աղջիկների հավասար հնարավորությունների հատուկ նպատակը»,- նշվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն օրվա առթիվ իր ուղերձում:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի փոխանցմամբ, Գլխավոր քարտուղարի ուղերձում՞ մասնավորապես,  ասված է.

«Միջազգային հանրությունը հանձնառել է կայուն զարգացման նոր օրակարգ, որը հիմնված է արդարության և մարդու իրավունքների սկզբունքների վրա: Կայուն զարգացման նպատակների կենտրոնական խնդիրն է՝ չանտեսել ոչ ոքի:

Չնայած աղքատության նվազեցման և շատ մարդկանց բարեկեցության և հնարավորությունների խթանման ոլորտում գրանցված նշանակալի ձեռքբերումներին՝ հարյուր միլիոնավոր մարդիկ դեռևս սպասում են առավել լավ ապագա ունենալու իրենց հնարավորությանը: Զարգացմանն ուղղված նախորդ նախաձեռնություններից ամենաքիչ օգտվածների թվում են աղջիկները՝ հատկապես ձևավորվող դեռահասության շրջանում գտնվողները:

Այն ժամանակ, երբ աղջիկները պետք է գտնվեն դպրոցում և պատկերացնեն առջևում իրենց սպասող հնարավորությունները, նրանցից շատերը, հասարակական և մշակութային հանգամանքներից ելնելով, ստիպված են լինում անտեսել իրենց ձգտումները:

Դեռահասության հետ տղաների ընտրություններն ու հնարավորություններն ընդարձակվում են, մինչդեռ աղջիկների մոտ դրանք շատ հաճախ սահմանափակվում են: Ամբողջ աշխարհում կատարվող սեռական բնույթի բռնի գործողությունների կեսն ուղղված է 15 տարեկան կամ ավելի փոքր աղջիկների դեմ: Զարգացող երկրներում ամեն երեք աղջիկներից մեկն ամուսնում է դեռ 18 տարին չբոլորած: Ավելի քիչ է հավանական, որ դեռահաս աղջիկներն ընդունվեն և ավարտեն միջնակարգ դպրոցը, քան դեռահաս տղաները:

Այս անհավասարությունների շտկումը Կայուն զարգացման 2030 օրակարգի հաջողության հասնելու գրավականն է: Ահա թե ինչու է այն իր մեջ ներառում նաև գենդերային հավասարության և բոլոր կանանց ու աղջիկների հավասար հնարավորությունների հատուկ նպատակը:

Բնակչության համաշխարհային օրվա առթիվ կոչ եմ անում բոլոր կառավարություններին, գործարար հատվածին և քաղաքացիական հասարակությանը աջակցել և օժանդակել դեռահաս աղջիկներին: Բոլորն են արժանի օգտվելու տնտեսական աճի և սոցիալական առաջընթացի առավելություններից: Եկեք աշխատենք միասին` անվտանգ, արժանապատիվ և հավասար հնարավորություններով լի կյանք ապահովելու համար»:

 

Դիտումների քանակը` 3435

Գլխավոր էջ