Բիյոնսեն կոչ է անում տղամարդկանց պայքարել հանուն հավասարության/ տեսահոլովակ

Աշխարհահռչակ երգչուհին գենդերային անհավասարության դեմ պայքարում է ոչ միայն երգով, այլև գրչով: Այս տարի նա հատուկ էսսե է գրել, որով անդրադարձել է ԱՄՆ-ում կանանց նկատմամբ դրսևորվող խտրականությանը:

 

«The Shriver Report» պարբերականում հրապարակած իր էսսեով Բիյոնսեն կոչ է անում տղամարդկանց օգնել կանանց՝ հավասարության հասնելու գործում: Երգչուհու կարծիքով՝ գենդերային հավասարությունը դեռևս միֆ է, այն իրականում գոյություն չունի: Կանայք և տղամարդիկ պետք է միավորվեն՝ իրական հավասարության հասնելու համար: «Մենք պետք է դադարենք խաբվել գենդերային հավասարության մասին միֆին, այն իրականություն չէ դեռևս: Այսօր կանայք զբաղեցնում են ԱՄՆ աշխատաշուկայի կեսը, բայց միջին աշխատող կնոջ աշխատավարձը կազմում է միջին աշխատող տղամարդու աշխատավարձի միայն 77 տոկոսը»,- գրում է Բիյոնսեն «The Shriver Report»-ում հրապարակած էսսեյում:

 

Երգչուհին կարծում է, որ տղամարդիկ պետք է ոտքի կանգնեն հանուն իրենց կանանց, դուստրերի, մայրերի և քույրերի, որպեսզի օգնեն նրանց աշխատաշուկայում. «Հավասարություն կլինի այն ժամանակ, երբ տղամարդիկ և կանայք հավասար վարձատրության և հարգանքի արժանանան: Տղամարդիկ պետք է պահանջեն իրենց կանանց, դուստրերի, մայրերի ու քույրերի համար ավելի բարձր աշխատավարձ՝ համապատասխան նրանց որակավորումներին և ոչ սեռին»:

 

Փոփ աստղը կարծում է, որ իրավիճակը չի փոխվի մինչև թե կանայք, թե տղամարդիկ չասեն, որ ներկայիս իրավիճակն անընդունելի է: Բիյոնսեն գիտակցում է, որ լիարժեք հավասարության հասնելու համար դեռ շատ գործ կա անելու և կոչ է անում աշխատել միասին այս ուղղությամբ:

 

«Կանայք բնակչության և ընտրողների 50 տոկոսից ավելին են կազմում, մենք պետք է պահանջենք 100 տոկոսանոց հնարավորություններ,- վստահ է երգչուհին: Նա խնդրի լուծման իր տարբերակն է առաջարկում. – Մենք պետք է սովորեցնենք մեր տղաներին հավասարության կանոններին ու հարգանքի, որպեսզի երբ նրանք հասունանան գենդերային հավասարությունը բնական լինի: և մենք պետք է սովորեցնենք մեր աղջիկներին, որ նրանք կարող են հասնել ամեն բարձունքի, որը հասանելի է մարդու համար»,- գրում է երիտասարդ մայրիկը: Բիյոնսեի դուստրը 2 տարեկան է, երգչուհին շուրջ վեց տարի է՝ ամուսնացած է ռեփեր Ջեյ-Զի-ի հետ:

Բիյոնսեն ու Ջեյ-Զի-ն աշխարհի ամենահաջողակ հայտնի զույգն են համարվում: Նրանք մտերիմ են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և նրա կնոջ՝ Միշել Օբամայի հետ, այնպես որ երգչուհին հնարավորություն ունի որոշակիորեն ազդելու նաև ԱՄՆ ներքին քաղաքականության վրա: Ըստ «Times» ամսագրի՝ Բիյոնսեն աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց շարքում է և նա օգտագործում է իր ազդեցությունն ի նպաստ գենդերային հավասարության:

 

«Vogue» ամսագրին տված հարցազրույցում Բիյոնսեն նշել էր, որ ինքն իրեն «ժամանակակից օրերի ֆեմինիստ» է համարում: Նրա երգերից մի քանիսը ևս նվիրված են կանանց ազատությանն ու ինքնուրույնությանը: Դեռևս 2000 թվականին, երբ Բիյոնսեն հանդես էր գալիս «Destiny’s Child» խմբի կազմում, համահեղինակել էր «Անկախ կանայք» («Independent Women») երգը, որը հանրահայտ «Չառլիի հրեշտակները» ֆիլմում է հնչում:

 

 

 

«Տիկնայք, հեշտ չէ անկախ լինելը»,- զգուշացնում են աղջիկները՝ ընդգծելով սակայն, որ անկախ լինելն իրենց ընտրությունն է:

«Ես կախված եմ ինքս ինձնից,

Եթե ինձ պետք լինի քո ժամացույցը,

Ես կգնեմ այն:

Ես եմ գնել տունը,

Որտեղ ապրում եմ,

Մեքենան, որը վարում եմ,

Ես կախված եմ ինքս ինձնից»:

 

Ավելի քան 10 տարի անց Բիյոնսեն կրկին անդրադարձել է կանանց սոցիալական անկախությանը՝ իր «Ղեկավարել աշխարհը (Աղջիկներ)» («Run The World (Girls)») երգում:

 

 

«Մենք բավականին խելացի ենք,

Միլլիոններ վաստակելու համար,

Բավականին ուժեղ ենք

Երեխաներ լույս աշխարհ բերելու համար,

Իսկ հետո աշխատանքին վերադառնալու համար»:

 

Բիյոնսեն երգում է, թե աղջիկներն են ղեկավարում այս աշխարհը, սակայն իր իսկ գրած էսսեով շեշտում է, որ կանայք դեռևս չունեն հավասար հնարավորություններ: Ի դեպ, գենդերային հավասարությանը նվիրված էսսեն Բիյոնսեի առաջին լրագրողական փորձը չէ, նա ժամանակին մրցանակ էր ստացել «Սևամորթ լրագրողների նյույորքյան ասոցիացիայի կողմից» լրագրողական հոդվածի համար:

 

Նշենք, որ Բիյոնսեն գենդերային հավասարությունը չի հակադրում ընտանեկան երջանկությանն ու կայունությանը: Ինչպես ինքն է նշել «Vogue» ամսագրի հետ զրույցում. «Ես կին եմ և դա ինձ դուր է գալիս: Ես հավատում եմ հավասարությանը, բայցև սիրում եմ իմ ամուսնուն և ես երջանիկ եմ»:

 

Ի դեպ, Բիյոնսեն խզել է իր աշխատանքային կապերը հոր հետ (տասնամյակից ավելի հայրն է եղել Բիյոնսեի պրոդյուսերը) այն բանից հետո, երբ հայրը դավաճանել է մորը և 31 տարվա համատեղ կյանքից հետո հեռացել է նրանից:

 

Պատրաստեց Արման Ղարիբյանը

 

Կարդացեք թեմայիշուրջ մեր կայքում.

 

Բեյոնսե: «Ես ամեն օր ասում եմ իմ աղջկան, որ նա կարող է նախագահ դառնալ»…/ վիդեո

 

Փինքն առաջարկում է լինել նախագահ կամ ֆուտբոլիստ, բայց ոչ հիմար աղջիկ…

 

Քրիստինա Ագիլերայի ինքնատիպ ֆեմինիզմի ակունքները / տեսահոլովակ

 

 

Դիտումների քանակը` 4163

Գլխավոր էջ