Բանավեճ քվոտաների շուրջ. սովետական կթվորուհիներից մինչև հեռավոր Ռուանդա

 

«Մենք ընդամենը 20 տարեկան երկիր ենք, ու կարծրատիպերից ազատվելու գործընթացի մեջ ենք: Ու չի կարելի  չնկատել, որ մենք դանդաղ, բայց  գնում ենք առաջ», – «Օրինաց երկիր»  խմբակցության ղեկավար՝ Հեղինե Բիշարյանի խորհրդարանական լսումների ժամանակ ելույթում հնչած այս դրտարկմանը արձագանքելով՝ փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը  հանկարծ վերհիշեց  խորհրդային  ժամանակները.

 

«Տիկին Բիշարյան, չեք կարծում, որ ներկայիս կարծրատիպերի մեղավորը 20 տարուց առաջ քվոտավորված Գերագույն խորհուրդը հանդիսացավ ` կթվորուհի և տրակտորիստ  պատգամավորներով հանդերձ»,- հայտարարեց  Ֆիլարետ Բերիկյանը, նկատելով , որ  այն ժամանակ էլ պատգամավոր դառնալու համար քվոտաներ էին իջեցվում վերևից:

 

Բիշարյանը հակադարձրեց, որ կթվորուհիների ներգրավմամբ պետությունը մի շարք հարցեր էր լուծում, այդ թվում գյուղական շրջաններում անգրագիտության հաղթահարման խնդիրը: Իսկ կոնկրետ իր օրինակով նշեց, որ 20 տարեկան հասակում եղել է Լենինյան շրջանի պատգամավոր, բայց ոչ  քվոտայով, այլ  սեփական ակտիվության շնորհիվ:

 

«Պետք չէ հիմա համեմատություններ տանել, ավելի ճիշտ կլինի երեսներս թեքենք դեպի  Եվրոպա, որին ուզում ենք նմանվել: Ինչո՞ւ եք հետ գնում», – նշեց Բիշարյանը:

 

 

Նման պահվածքը թույլ տվեց լսումների մասնակիցներին ենթադրել, որ հենց ինքը` փոխնախարար Բերիկյանը, դեմ է կանանց ու տղամարդկանց հավասարության գաղափարին:  « Մենք հասկանում ենք, որ  շատ դժվար է պաշտպանել մի օրինագիծ, որի գաղափարախոսության հետ դուք ներքուստ, գուցե և համաձայն չեք», – նկատեց իր ելույթում Կանանց Հանրապետական խորհրդի նախագահ Աիդա Թոփուզյանը:

 

Եվրոպական և միջազգային կառույցների ներկայացուցիչներով լի խորհրդարանական դահլիճում առկա լարվածությունը  մեղմելու նպատակով ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, հորդորեց չկառչել սովետական կթվորուհիներից, քանի որ այդ թեման լսումները բուն իմաստից կշեղի: Դրա փոխարեն նա  անդրադարձավ   Ռուանդայի խորհրդարանի օրինակին, որում քվոտավորման մեխանիզմը կիրառելու շնորհիվ այսօր պատգամավորների կեսից ավելին  կանայք են, սակայն դա, իր խոսքերով,  ամենևին էլ չի նշանակում, թե այդ կանայք գիտեն, թե ի՞նչ պետք է անեն իրենց մանդատի հետ:

 

Իրականում, Ռուանդայի օրինակը, այն էլ  Եվրաինտեգրման հարցերով զբաղվող հանձնաժովի ղեկավարի կողմից, նույնքան անհաջող էր, ինչքան ավելի վաղ հնչած սովետական կթվորուհիներին անդրադարձը, քանզի յուրաքանչյուր երկիր տվյալ պատմական ժամանակահատվածում լուծում է իր առջև ծառացած կոնկրետ խնդիրները: Այս առումով, մենք այսօր, ի տարբերություն Ռուանդայի, Եվրոպա ինտեգրվելու նպատակ ենք դնում: Եվ  ուրեմն, ինչպես նշեց բանախոսներից մեկը,  շրջվենք դեմքով դեպի Եվրոպա, թողնելով Ռուանդային զբաղվելու  իր առավել քան բարդ  խնդիրներով:

 

 

 

Դիտումների քանակը` 4923

Գլխավոր էջ