Բազմաչարչար օրինագիծը` կրկին կառավարությունում

 

«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծի քննարկման համար կստեղծվի համատեղ աշխատանքային խումբ:

 

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում  քննարկել է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանը և Հովհաննես Մարգարյանը: Վերջիններս առաջարկում են նշված օրենքի «գենդեր» բառը փոխարինել «սեռ» բառով: Կառավարությունը մինչ այդ արդեն ԱԺ էր ներկայացրել օրենքը փոփոխելու օրինագիծ, որի քննարկման ժամանակ էլ հնարավոր կլինի անդրադառնալ պատգամավորների առաջարկին:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին տեղեկացրել է, որ կառավարության կողմից ներկայացրած նախաձեռնությունն ուրբաթ օրը քննարկվել է  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում է, որին մասնակցել են շահագրգիռ բոլոր կողմերը,  այդ թվում առարկություններ և հակափաստարկներ ներկայացնող:

 

«Մենք որոշեցինք, որ կստեղծենք համատեղ աշխատանքային խումբ և կշարունակենք այդ աշխատանքները, որպեսզի առարկայական լուծումներ առաջադրենք այս խնդիրներին, որը կբավարարի խնդրով մտահոգ բոլոր կողմերին: Կարծում եմ, որ այդ լուծումները կարելի է գտնել»,-նշել է նախարարը: Նա հիշեցրել է, որ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի հիմքում  ընկած  է  Հայաստանի Հանրապետության կողմից դեռևս 1993-ին  վավերացրած  «Կանանց նկատմամբ խտրա­կանու­թյան բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան և օրենքը  կապված է  այս փաստաթղթի  գործնական կիրառության հետ: Նախարարը հույս է հայտնել, որ բոլոր մտահոգությունները իրենց լուծումները կգտնեն:

 

Ա.Հակոբյան

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

«Գենդեր» եզրույթի հետ կապված փոփոխությունները հետաձգվեցին. մանրամասներ քննարկումից

 

Հին մանգաղը նոր «ժողովրդի հայրերի» ձեռքում

 

 

 

Դիտումների քանակը` 3766

Գլխավոր էջ