Բազմանդամ ընտանիքներն աղքատության ամենահավանական զոհերն են
Հայաստանում 4 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքների ավելի քան 70 տոկոսն աղքատ է, եւ անգամ աշխատավարձն ու աղքատության նպաստը չեն բավականացնում նրանց` ծայրը ծայրին հասցնելու համար:
43-ամյա Գայանե Փափազյանն արդեն մի քանի օր հավաքարար է աշխատում Հայաստանի գիտությունների ակադեմիայի մասնաշենքերից մեկում, սակայն գործատուներին խնդրել է, որ իրեն օրինական չգրանցեն, քանի որ այդ դեպքում նրա 10-հոգանոց ընտանիքը կարող է զրկվել մոտ 150 դոլար կազմող ընտանեկան աղքատության նպաստից:
Աղքատության գնահատման`Հայաստանում գործող այժմյան չափանիշներով` Փափազյանների ընտանիքը ծայրահեղ աղքատ է: Նրանց 8 երեխաներից 5-ը աշխատանքային օրերն իրենց տանը չեն անցկացնում:
Պատճառը միայն այն չէ, որ Երեւանի ծայրամասերից մեկում գտնվող հանրակացարանի` նրանց չպատկանող երկու փոքր սենյակներում շարժվելու տեղ չկա, այլ նաեւ այն, որ Փափազյանի ամուսնու 150 դոլարին հավասար աշխատավարձն ու նույնքան ընտանեկան նպաստը չեն բավարարում երեխաների գոյությունը պահպանելու համար:
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) տեղեկատվության եւ հաղորդակցության ծրագրերի ղեկավար Էմիլ Սահակյանը նշում է, որ ընտանեկան նպաստները շարունակում են կարեւոր դեր ունենալ ծայրահեղ աղքատ եւ աղքատ ընտանիքների բարեկեցության հարցում, սակայն դրանք հասանելի չեն բոլոր նրանց, ովքեր դրանց կարիքը շատ ունեն:
«Ներկայում ծայրահեղ աղքատ ընտանիքների միայն 67 տոկոսը եւ աղքատ ընտանիքների 26 տոկոսն է կանոնավոր ընտանեկան նպաստ ստանում, ինչը դեռեւս ցածր է 2008-ի ցուցանիշներից», – նշում է նա:
Սահակյանը հավելում է, որ Ազգային վիճակագրության ծառայության տվյալներով`ՀՆԱ-ի ընդամենը 0,1 տոկոսն անհրաժեշտ կլինի բոլոր ծայրահեղ աղքատ ընտանիքներին ընտանեկան նպաստ տրամադրելու համար:
«Սա իր հերթին թույլ կտա կրճատել մանկական աղքատության մակարդակը երկրում», – ասում է նա`ընդգծելով, որ այս խնդրին պետք է անդրադառնալ չսպասելով Հայաստանի տնտեսական վիճակի բարելավմանը:
Նպաստների բաշխման առավել կանոնակարգված եւ արդյունավետ գործընթացը, Սահակյանի խոսքերով, կարող է «մեղմել աղքատության`երեխաների վրա ունեցած քայքայիչ ներգործությունը եւ դադարեցնել սերնդեսերունդ շարունակվող աղքատության շրջապտույտը, որը սպառնում է մարդկային զարգացմանը եւ տնտեսական աճին», – նշում է նա:
Ներկայում Հայաստանի կառավարությունը հոգ է տանում աղքատ ընտանիքների երեխաների մասին հատուկ հաստատություններում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներով` Հայաստանում գործում է երեխաների խնամքի եւ պաշտպանության 8 գիշերօթիկ հաստատություն (800 երեխա) եւ 2 սոցիալական հոգածության կենտրոն (189 երեխա): Այս երկու հաստատություններում 2011-ին ծախսվել է ավելի քան 90 մլն դրամ (ավելի քան 230 000 դոլար), նույնքան նախատեսված է նաեւ այս տարի:
Այս հաստատություններից մեկը`Երեւանի երեխաների խնամքի ու պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ են հաճախում նաեւ Փափազյանների դպրոցահասակ 4 երեխաները: Գայանե Փափազյանն ասում է` հանգստյան օրերին, առավել եւս ամառային ու ձմեռային արձակուրդներին, երբ երեխաները տուն են գալիս, «ոչ տեղն է հերիքում, ոչ հացը»:
«Որտեղ նստում են, մնում են նստած: Ուտելիքն էլ չի հերիքում, որ ճիշտն ասեմ: Մեր շենքում մի աղջիկ կա, հացի փռում ա աշխատում, ամեն օր երեք հաց ա բերում մեզ համար, ամսվա վերջին փողը տալիս ենք, բայց դե որ էրեխեքը գալիս են, երեք հատ հացը մի րոպեում պրծնում ա», – բացատրում է Փափազյանը:
Կինը հավելում է`երեխաները գիշերօթիկում ստանում են այն ամենը, ինչի մասին ինքն անգամ երազել չի կարող, էլ չի խոսում իր երեխաներին այդ ամենով ապահովելու մասին. «Էնտեղ լողանում են, օրը 4 անգամ հաց են ուտում, սեզոնին շորեր են առնում, կոշիկներ, օգնում են, որ դասերը սովորեն, ամեն մեկն իրա տեղն ունի քնելու, մի խոսքով` էրեխեքս շատ անգամ չեն էլ ուզում տուն գալ»:
Փափազյանների երեխաները «World Vision Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության շահառուներից են եւ պարբերաբար հագուստ են նվեր ստանում կազմակերպությունից, որի գործունեության նպատակը Հայաստանի 194 համայնքների ավելի քան 25 000 երեխաների կյանքն ավելի պաշտպանված տեսնելն է:
«World Vision Հայաստան»-ի գործառնությունների գծով ղեկավար Շաղիկ Մարուխյանն ասում է` իրենք ձգտում են, որ երեխաները ընտանիք վերադառնան հատուկ հաստատություններից.
«Սակայն սոցապ նախարարությունից մեզ ասում են, որ անցյալ տարի աղքատությունը երկրում ավելի քան 10 տոկոսով ավելացել է, ու ընտանիք վերադարձած երեխաների փոխարեն նոր երեխաներ են գնալու այդ հաստատություններ»:
«Իհարկե, մենք միայն հուսալի ընտանիքներ վերադարձի մասին ենք խոսում, ու երեխաների վերադարձից հետո շարունակում ենք հետեւել, որ երեխաների կյանքում ամեն ինչ լավ լինի`պարբերաբար աշխատելով ընտանիքի հետ: Մյուս կողմից, մենք պետության հետ ենք փորձում աշխատել`նրանք հսկայական գումարներ են ծախսում այդ հաստատությունները պահելու համար ու, օրինակ, հարց է առաջանում` եթե երեխան տուն է վերադառնում, ինչո՞ւ այդ գումարը չեն հատկացնում երեխայի ընտանիքին, որպեսզի նրա մասին հոգ տանեն», – հավելում է Մարուխյանը` ընդգծելով, որ պետական մակարդակով աղքատության վերացմանը եւ իրավիճակի բարելավմանն ուղղված լուրջ, կանոնակարգված մոտեցում ինքը չի տեսնում:
Միաժամանակ` երկրում տիրող սոցիալական ծանր վիճակն այս տարի էլ ստիպում է շատ հայ տղամարդկանց տոմսի գումար փնտրել` Ռուսաստան սեզոնային աշխատանքի մեկնելու համար: Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալներով` Հայաստանը, ի տարբերություն Վրաստանի ու Ադրբեջանի, ամենամեծ թվով աշխատանքային միգրանտներն ունի Ռուսաստանում` 13,8 տոկոս:
Ռուսաստան սեզոնային աշխատանքների մեկնողների մեծ թիվ ապահովող Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի բազմաթիվ գյուղերում գարնանից մինչեւ ձմեռ տղամարդ գտնելը դժվար է լինում:
Մարտունու կանանց համայնքային խորհրդի նախագահ Անահիտ Գեւորգյանն ասում է` իհարկե, տղամարդիկ գնում են փող վաստակելու, սակայն ընտանիքը պահելու ողջ դժվարությունն ամիսներ շարունակ թողում են կանանց ուսերին.
«Էլ չեմ ասում, որ շատ տղամարդիկ գնում են ու էլ չեն գալիս, կապվում են այնտեղ ռուս կանանց հետ կամ չեն կարողանում աշխատանք ու նորմալ վաստակ գտնել, ու այդ ժամանակ արդեն ոչ թե մի քանի ամիս, այլ ողջ կյանքն է մի ամբողջ ընտանիքի հոգսն ընկնում կնոջ ուսերին»:
Սառա Խոջոյան,
Հոդվածն արտատպվում է
Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի
«Կովկասյան լրատու» պարբերականից (www.iwpr.net):
Լուսանկարը՝ Նազիկ Արմենակյանի
Կարդացեք նաեւ այս թեմայի շուրջ մեր կայքում.
Դիտումների քանակը` 7610