Բազմազավակ ընտանիքների մասին օրինագիծը վերանայվելու է

ՀՀ  Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում երեկ  քննարկեցին  Կառավարության կողմից ներկայացված «Բազմազավակ ընտանիքների մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Քննարկման արդյունքում  որոշվել է վերանայել նախագիծը՝ հաշվի առնելով  հանձնաժողովի առաջարկությունները:

 

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում մոտ 7400 բազմազավակ ընտանիք կա։  Դրանց մեծ մասը աղքատ են ու ապրում են   մարզերում. մոտ մեկ միլիոն բնակչություն ունեցող Երևանում գրեթե 1200 բազմազավակ ընտանիք կա, Արագածոտնի մարզում, որտեղ մոտ 130 հազար մարդ է ապրում, բազմազավակ ընտանիքների թիվը հասնում է 565-ի։  Ընդ որում, վերջին 15-16 տարիների ընթացքում բազմազավակ ընտանիքների թիվը նվազել է շուրջ 4-4,5 անգամ:

 

Իսկ ինչո՞վ են ապրում այդպիսի ընտանիքները։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերջին անգամ դա փորձել է պարզել 2014 թվականին։ Հարցման արդյունքներով պարզվել է, որ այդ ընտանիքներում աշխատավարձըեկամտի 2%-ն է կազմում, իսկ պետական նպաստները` 80%։ Նման ընտանիքներում մայրերի 89%-ն ու հայրերի 69% —ը գործազուրկ են կամ աշխատում են արտերկրում։ Բազմազավակ ընտանիքների  ճնշող մեծամասնությունը` գրեթե 70%-ը, բնակվում է  գերբնակեցված կամ խիստ բնակեցված կացարաններում, այսինքն հետազոտված ընտանիքների կացարանների ընդհանուր բնակելի մակերեսները  չեն համապատասխանում ոչ միայն բնակմակերեսի նորմերին (9 ք/մ), այլ նաև`  նվազագույն սանիտարական նորմերին…

 

Ի՞նչ է առաջարկում Կառավարությունը

 

Հիմնական զեկուցող, Առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, թե  նախագծով կարգավորվում են ՀՀ-ում բազմազավակ ընտանիքներին աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները, կարգավիճակը և ՀՀ-ում բազմազավակ ընտանիքներին տրամադրվող աջակցության նպատակը, տեսակներն ու ֆինանսավորման աղբյուրները:  Մասնավորապես, կառավարությունը սահմանում է  բազմազավակ ընտանիք հասկացությունը, ըստ որի՝ բազմազավակ է համարվում չորս և ավելի երեխա խնամող ընտանիքը:

 

Նախարարը նշեց, որ տրամադրվող աջակցության հիմնական տեսակներն են՝ սոցիալական աջակցություն, բժշկական օգնություն և սպասարկում, բնակարանով ապահովող պետական աջակցություն, կենցաղային ապրանքների ձեռքբերման համար վարկի երկարաժամկետ տրամադրում կամ տոկոսների սուբսիդավորում, ինքնազբաղվածության ապահովում, երեխաների կրթական աջակցում: Մասնավորապես, բազմազավակ ընտանիքների երեխաները (չորս կամ ավելի երեխա) այսուհետ մանկապարտեզներում, տեխնիկումներում և բուհերում կօգտվեն մինչև 50% զեղչի հնարավորությունից։ Այդ ընտանիքների երեխաներին ու նրանց ծնողներին առողջապահական պետական ծրագրերով (պատվաստումներ, ախտորոշում կամ պետպատվերով արվող վիրահատություններ) կսպասարկեն լիովին անվճար կամ արտոնյալ գներով։

 

Բազմազավակ ընտանիքներին տրվելու  են նաև՝

  • բնակարանով ապահովման պետական աջակցություն, որը ներառում է բնակարանային ապահովության պետական նպատակային ծրագրերում բազմազավակ ընտանիքներին առաջնահերթ ընդգրկումը, բնակարանի գնման կամ շինարարության համար արտոնյալ ու երկարաժամկետ վարկի տրամադրումը կամ վարկի տոկոսագումարների սուբսիդավորումը,
  • կենցաղային ապրանքի ձեռբերման նպատակով արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ կամ վարկի տոկոսագումարների սուբսիդավորում,
  • ինքնազբաղվածության ապահովման աջակցություն, այդ թվում` ընտանեկան ձեռնարկատիրություն հիմնելու, գյուղատնտեսական տեխնիկայի,  գյուղատնտեսական նշանակության հողատարածքի և անասունների ձեռբերման, գյուղատնտեսությունում արդիական տեխնոլոգիաների ներդրման նպատակով արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ կամ վարկի տոկոսագումարների սուբսիդավորում,
  • երեխաների կրթական աջակցություն. մանկապարտեզից սկսած՝ վարձը կփոխհատուցվի 50 տոկոսի չափով:
  • Վեց և ավելի երեխա ծնած-որդեգրածներն էլ կպարգևատրվեն Ծնողական փառքի մեդալով:

 

Ինչ վերաբերում է կոնկրետ ծրագրերին, դրանք պետք է կառավարությունն ամեն տարի հաստատի՝ հաշվի առնելով պետական բյուջեի հնարավորությունները: Այս դրույթը ենթարկվել է պատգամավորների քննադատությանը, որոնք պահանջել են պարզաբանել հարցի գինը, եւ այն  ամրագրել օրենքում, այլապես կառավարությունը մշտապես «ծանրակշիռ» փաստարկներ կունենա այս ծրագրերը մնացորդային սկզբունքով ֆինանսավորելու համար:

 

Ի՞նչ է առաջարկում  հանձնաժողովը  

 

Ամփոփելով ասվածը՝ հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշել է, որ հնարավոր չէ բազմազավակ ընտանիքներին տարբերական օգնություն ցուցաբերել` կախված օրացուցային տարուց, ուստի նորմերը եւ քաղաքական սկզբունքները պետք է ամրագրվեն օրենքում:

 

Նա հետեւյալ առաջարկություններն է արել՝ բազմազավակ ընտանիքների աշխատող անդամներին ազատել եկամտահարկից, բազմազավակ մայրերի կենսաթոշակը այլ կերպ հաշվարկել (ոչ թե ստաժով), հարկերից ազատել բազմազավակ ընտանիքների տնտեսական գործունեությունը եւ նրանց անտոկոս հիփոթեքային վարկեր տրամադրել:  Մասնավորապես, բազմազավակ ընտանիքները ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքում, երբ նրանց գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցում 58.35 մլն դրամը՝ ազատվել նաև շրջանառության հարկից:

 

Ինչ վերաբերում է բժշկական օգնությանը, ապա հանձնաժողովի նախագահը առաջարկել է նման ընտանիքներին ապահովագրական պոլիսներ տրամադրել, ինչպես դա արվում է սոցիալական փաթեթի շահառուների համար: Առաջարկվել է նաև նվազագույն չափորոշիչներով բնակարանի բացակայության դեպքում (մեկ շնչի համար 15 քառ. մ), դիմելուց հետո 6 –ամսյա ժամկետում բնակարանով ապահովել  բազմազավակ ընտանիքները  հետևյալ տարբերակներով՝ անտոկոս վարկի տրամադրում բնակարանի արժեքի չափով՝ վարկի գումարը 25 տարվա ընթացքում մարելու պայմանով, ինչպես նաև սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային և այլ գյուղական բնակավայրերում, անհատույց սեփականության իրավունքով հողատարածքի հատկացում` բնակարան կառուցելու համար և անտոկոս վարկի տրամադրում` վարկի գումարը 25 տարվա ընթացքում մարելու պայմանով:

 

Հանձնաժողովը որոշել է վերանայել օրինագիծը՝  քննարկելով առաջարկները  կառավարության հետ և լսումների շրջանակներում, որից հետո վերջնական տեսքի բերել և  նոր ներկայացնել քվեարկության:

 

 

 

Դիտումների քանակը` 4217

Գլխավոր էջ