Արփի և Ժենի. «Ուզում ենք, որ մարդիկ բարի լինեն, պատերազմ չլինի..»

Արփիին ու Ժենին հանդիպեցի Էջմիածնի Մայր տաճարի հենց բակում, չնայած վաղուց է, ինչ եղանակը մռայլվել էր, բայց  մի փոքր արև գտանք ու սկսեցինք մեր զրույցը:

 

Արփի ու Ժենի Պալապանյանները քույրիկներ են: Արդեն երեք տարի է, ինչ ծնողների հետ տեղափոխվել են Հայաստան:

 

Դպրոցի դասեր, ու դասերից դուրս հազար ու մի զբաղմունքներ՝ դաշնամուր, ջութակ, հայորդաց տուն, Թումո….աղջիկների օրը շատ ծանրաբեռ է.  հետևաբար զրուցելու շատ ու շատ թեմաներ…

 

Արփին ու Ժենին պատմում են ,որ այս տարիների ընթացքում շատ են սիրել Հայաստանը.

 

– Երբ հարցնում են, եթե պատերազմ չլինի, հետ կգնաս, ասում ենք չէ, էստեղ շատ լավ է,- մեկը մյուսին շարունակելով ասում են քույրիկները:

 

-Ես հատկապես ուրախացա, երբ Էջմիածին տեղափոխվեցինք ապրելու: Առաջ, որ նոր էինք եկել, Երևանում էինք, իսկ այստեղ ինձ ավելի է դուր գալիս, հանգիստ է շատ, համեստ,- ասում է Արփին, ում հետ մեր առաջին հանդիպումը դեռ ամռանն էր եղել, «Գուգարք» ճամբարում, որտեղ և Արփին արժանացել էր «Միսս Գուգարք» տիտղոսին:

 

Այժմ էլ Արփին ոգևորությամբ պատմում է, որ արդեն Թումո կենտրոն է այցելում.

 

-Ուզում եմ ապագայում անիմացիաների շարք ստեղծել: Արդեն որոշել եմ անիմացիայի հերոսին. մի աղջիկ է լինելու, ում միջոցով էլ կճանաչենք աշխարհը:

 

12-ամյա Ժենին էլ ջութակ է նվագում.

 

-5 տարեկան էի, երբ  Արփիի դաշնամուրի  հանդեսին մասնակիցներից մեկը ջութակ էր նվագում, ջութակի ձայնը ինձ շատ դուր եկավ և ես էլ ուզեցի նվագել սովորել,-ասում է Ժենին, ով քույրիկի հետ այստեղ ևս շարունակում են իրենց երաժշտական պարապմունքերը: Աղջիկները ժպիտով պատմում են, որ շատ հաճախ ընտանեկան միջոցառումների ժամանակ միասին նվագում են…

Սիրիայից Հայաստան ընտանիքը շուտ է տեղափոխվել և երեխաները պատմում են, որ ընդամենը մեկ անգամ են ռումբի պայթյուն լսել, այն էլ իրենց տանից շատ հեռու: Իսկ այստեղ արդեն հասցնում են բոլոր դասերը, պարապմունքները ու այդ հարցում ամենից շատ օգնել է և այն, որ միասին են:

 

– Լավ է, որ քույրիկ ես ունենում, այն էլ մեկ տարով քեզնից մեծ,  քեզ ամեն հարցում օգնում է, հատկապես նկարչության դասերին, սոլֆեջոյի դասերը, ինքը ինձնից մեկ տարի մեծ է ու ամեն բան արդեն գիտի…,- ասում է Ժենին:

 

Իսկ ահա դժվարությունների մասին երկուսով միասին ասում են ՝ լեզուն…

 

-Արաբերենը աջից ձախ են գրում, հայերենը՝ հակառակը: Մեզ մոտ ամեն ինչ գլխի վրա էր շուռ եկել՝ոչ միայն արևմտահայերն ու արևելահայերը, նաև մաթեմատիկան ու ամեն ինչ…Այնտեղ թվերը այլ կերպ ենք հաշվում, այստեղ՝  այլ….,- պատմում է Արփին ու ասում, որ ամեն ինչ արդեն հաղթահարել են քույրիկի հետ, ռուսերեն լեզվի դժվարությունները նույնպես,- ռուսերեն ընդհանրապես մենք չգիտեինք, բայց քիչ-քիչ դա էլ են սովորել:

 

Աղջիկները խոստովանում են, որ ազատ ժամանակ գրեթե չեն ունենում.

 

-Եթե լինում էլ է, ես տարբեր իրերից գեղեցիկ բաներ եմ պատրաստում և մեր սենյակը զարդարում, մայրիկին էլ ենք օգնում, մեկ-մեկ թխվածք ենք պատրաստում միասին, ֆրի, չիփս,- պատմում է Արփին:

 

-Ուզում ենք, որ մարդիկ բարի լինեն, պատերազմ չլինի, նախանձ մարդիկ, որ քիչ լինեն, խնդիրներն էլ քիչ կլինեն- ասում են աղջիկները:

 

 

 

 

Դիտումների քանակը` 3235

Գլխավոր էջ