Արփինե Հովհաննիսյան. «Քվոտաները կարևոր են պատը ճեղքելու համար, բայց հետո դրանք կանանց սկսում են խանգարել»
«Ինձ համար միշտ բարդ է խոսել այս թեմաներով, որովհետև ես լսելով չէ, որ գիտեմ՝ ինչպիսի խնդիրներ կարող է ունենալ երիտասարդ իգական սեռի ներկայացուցիչը Հայաստանում՝ իր բնույթով պատրիարխալ, կարծրատիպային հասարակությունում: Բայց միևնույն ժամանակ լսելով չէ, որ գիտեմ, որ մենք իրականում մեծ առաջընթաց ենք ապրել և դա ոչ թե բառերով, այլ թվերով», – այս մասին Հայաստանում Ամերիկյան համալսարանում ապրիլի 21-ին մեկնարկած երկօրյա «Հայաստանում աղջիկների և կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնում» թեմայով գիտաժողովին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նախարարը կիսվել է ներկաների հետ իր համոզմունքով, որ ցանկացած պետության զարգացվածության չափանիշներից մեկը այդ հասարակությունում կանանց զբաղեցրած դիրքն է: Եվ ոչ միայն բարձր պաշտոններ զբաղեցնելու տեսանկյունից, թեև դա անչափ կարևոր է, այլ՝ ինչպե՞ս է հասարակությունը վերաբերում կանանց, իրականում ուզում և համարում է, որ կանանց ներուժը պետք է օգտագործվի, թե ոչ:
«Հայաստանում կան բավականին խնդիրներ և անկախ նրանից, թե ինչպիսին է այսօր իրավիճակը, հասարակությունը դեռևս կարիք ունի ընկալելու կնոջ ներուժի օգտագործման անհրաժեշտությունն ու հնարավորությունները: Մենք փոքր պետություն ենք, իսկ փոքր պետությունների համար մեծ ճոխություն ու մեծ շքեղություն կլինի կանանց ներուժը չօգտագործելը: Իմ խորին համոզմամբ այդ ներուժի օգտագործումը պետք է լինի գիտակցված, ցանկալի ու սպասված: Ինձ միշտ հարց են տալիս, թե ինչպես եմ ես վերաբերվում քվոտաներին, կանանց դերակատարության բարձրացմանը քվոտավորման եղանակով: Պատասխանս միշտ նույնն է եղել և տեսանկյունս չի փոխվել տարիների ընթացքում՝ քվոտաները չափազանց կարևոր են անցումային շրջանի համար, պատը ճեղքելու համար, բայց հետո շարունակելու համար դրանք կանանց սկսում են խանգարել, որովհետև գնահատում են ոչ թե կանանց ներուժը, ոչ թե կանանց իրական դերակատարությունը, այլ ընդամենը այն, որ իգական սեռի համար պետք է լինի քվոտա ու այդ քվոտային համապատասխան կանայք պետք է առաջ շարժվեն: Հենց այստեղ է, որ առաջանում է հակասությունը, և ես կարծում եմ, որ կանայք այստեղ իրականում դեր ունեն ստանձնելու՝ կանայք պետք է ապացուցեն և ցույց տան, որ իրենք իրականում ներուժ ունեն և ոչ թե սպասեն, որ իրենց որպես շնորհ նվիրեն այդ քվոտան տղամարդկանց հասարակությունում»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը:
Արդարադատության նախարարությունում կանանց ներկայացվածությանը վերաբերող թվային պատկերը ներկայացնելիս, նախարարը նշեց, որ այս թվերը իր հպարտությունն են: «Որպես օրինակ նշեմ, որ Արդարադատության նախարարության կենտրոնական ապարատում աշխատում է 386 մարդ, որից 208-ը՝ աղջիկներ ու կանայք են: Նրանցից 35-ը զբաղեցնում են ղեկավար պաշտոններ, իսկ նախարարության աշխատողների մեծամանության տարիքը մինչև 40 տարեկան է»,- ասել է նա ՝ ընդգծելով, որ վիճակագրական այս թվերը դրական դինամիկա արձանագրող փաստերի և քաղաքականության լուռ ապացույցներ են:
Դրա հետ մեկտեղ նշեց, որ սա լոկ վիճակագրություն չէ և չէր ուզենա , որ կանանց իրական դերակատարումը վերածվի միայն թվերի կամ ցուցանիշների: « Այս յուրաքանչյուր թվի ետևում մարդ է կանգնած՝ հաջողության իմ բանաձևը, նախարարության հաջողության բանաձևը, իրենց հաջողության բանաձևը»,- ընդգծել է նա:
Նրա խոսքով , կանանց հաջողության բանաձևը կրթվածությունն ու պրոֆեսիոնալիզմն է, մասնագիտացվածությունն ու անընդհատ առաջ շարժվելու ցանկությունը ու ձգտումը ապացուցելու, որ կարող են շարժվել առաջ: «Դե ուրեմն ամենքս պետք է իր քարը դնի այդ մեծ շենքի կառուցման գործում, որը անվանվելու է կանանց և տղամարդկանց համար հավասար հասարակություն»,- եզրափակել է իր ելույթը ՀՀ արդարադատության նախարարը:
Նշենք, որ Հայաստանի Ամերիկյան համալսարանը նախաձեռնած գիտաժողովի նպատակն էր ՝ նախանշել Հայաստանում գենդերային խտրականության հաղթահարման այն ուղիները, որոնցով ՀԱՀ-ը կարող է ակադեմիական մասնակցությամբ նպաստել կանանց զորեղացմանը: Այս գիտաժողովի արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունն ու գիտելիքները հիմք կհանդիսանան ՀԱՀ-ում կանանց ուսումնական ծրագրի մշակման, ինչպես նաև Հայաստանում աղջիկների և կանանց ուժեղացմանը նպաստող այլ միջոցառումների ծրագրման համար:
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 3126