Արփինե Հովհաննիսյան. «Մտահոգությունները, որոնք առկա էին հանրության շրջանում , հիմնականում փարատվել են»:

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի նախագիծն այս շաբաթ քննարկվելու է ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում:  Այս մասին Գենդերային բռնության դեմ 16-օրյա համաշխարհային քարոզարշավին նվիրված միջոցառման ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ քննարկումից հետո նախագիծը կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

 

 

Փոխխոսնակը  խոստովանեց, որ ինքը ևս ունեցել է մտահոգություններ  որոշ ձևակերպումների հետ կապված, որոնք այս պահի դրությամբ հիմնական մասով վերամշակված են: Այս պահի դրությամբ, ըստ նրա,   նախագիծը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին և այն մտահոգությունները, որոնք առկա էին հանրության շրջանում , հիմնականում փարատվել են:

 

Ինչ վերաբերում է օրենքի վերտառության մեջ «բռնության» փոխարեն «ընտանիքում համերաշխության վերականգնման» ձևակերպմանը, փոխխոսնակը նշեց, որ այդ ձևակերպումը որևէ ձևով չի նսեմացնում բռնության դեմ պայքարի հանձնառությունը։ «Եթե նայեք միջազգային փորձը, ապա գուցե օրենքների վերտառության մեջ նման ձևակերպումների չեք հանդիպի, բայց բովանդակային տեսանկյունից տարբեր օրենքներում առկա են վերականգնմանն ուղղված դրույթներ։ Դրանք այժմ առկա են նաև այս նախագծում: Կարծում եմ՝  օրինագծի վերտառությունն արտացոլում է բովանդակության մեջ առկա այն դրույթները, որոնք ուղղված են լինելու ընտանիքում համերաշխության վերականգնմանը»,-ասաց նա:

 

 

Դիտարկմանը, թե արդյոք համերաշխությունը իրավական կատերգորիա է, Արփինե Հովհաննիսյանն ընդունեց, որ համերաշխությունը իրավական կատեգորիա չէ, օրենքում կան նաև այլ դրույթներ, որոնք ևս իրավական տեսանկյունից ամբողջությամբ բացահայտված չեն, բայց, ըստ նրա, դատական պրակտիկան լրացնում է  այդ բացը. «Կարծում եմ, որ ոչ մեկին պետք չէ բացատրել, թե ինչ է նշանակում ընտանիքում համերաշխության վերականգնում։ Նպատակն ու սկզբունքը, պարզապես բարձրացված է օրենքի վերտառության մեջ»։

 

 

ԱԺ փոխխոսնակը նաև չբացառեց, որ օրենքի նախագծում կրկին կլինեն փոփոխություններ: Հարցին, թե այս նոր նախագծով  բավարարվե՞լ են ավանդապաշտ հանրապետականների պահանջները, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Յուրաքանչյուրը հնարավորություն կունենա իր տեսակետն արտահայտել, բայց ՀՀԿ-ի ներսում քննարկումներ եղել են, և կարող եմ ասել, որ մտահոգությունները մեծ մասամբ փարատվել են: Հարցը ձևակերպումներն էին, որոնք որոշակի առումով նորություն էին իրավական տերմինաբանության տեսանկյունից»։

 

 

Մ. Մարգարյան

Դիտումների քանակը` 3075

Գլխավոր էջ