Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ

ՀՀ  Ազգային ժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հունիսի 26-ին  մեկնարկած Վեհաժողովի ամառային նստաշրջանում  ընտրվել է ԵԽԽՎ  նախագահի տեղակալ: Նստաշրջանի առաջին օրը երկու փոխնախագահ են ընտրել՝ մեկը, ինչպես արդեն ասացինք Հայաստանից է, ԵԺԿ անդամ, մյուսը՝ Մոլդովայից, էլի ԵԺԿ անդամ:

 

WomenNet.am-ը Վեհաժողովի պաշտոնական էջից տեղեկանում է, որ վեհաժողովը 20 փոխնախագահ ունի: Նրանց թիվը տարեցտարի աճում է՝ պայմանավորված ԵԽԽՎ անդամ երկրների թվի ավելացմամբ:  Այս պահին  փոխնախագահներից 7-ը կանայք են:

 

Կանայք ընտրված են Նիդերլանդների, Նորվեգիայի, Էստոնիայի, Իտալիայի, Պորտուգալիայի, Սերբիայի, Հայաստանի պատվիրակություններից: Մինչ այս Վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում Հայասանից կրկին կին էր ընտրվել՝ Հերմինե Նաղդալյանը, ով նախկինում ղեկավարում էր հայաստանյան պատվիրակությունը:

 

ԵԽԽՎ պաշտոնական էջը մանրամասնում է, 20 փոխնախագահներն ընտրվում են ամեն տարի՝ հերթական նստաշրջանի մեկնարկին և այդ պաշտոնում  մնում են մինչև հաջորդ նստաշրջանի մեկնարկը: Այն փոխնախագահները, որոնց պատվիրակությունները փոփոխվել են, չեն մնում իրենց պաշտոնին, նոր ընտրություն է անցկացվում:

 

Ապրիլին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո հայաստանյան պատվիրակության կազմում փոփոխություններ են եղել: Պատվիրակությունն ունի 8 անդամ (այդ թվում՝ չորսը փոխարինող անդամ են), որից երեքը կանայք են: Պատվիրակության ղեկավարը Արփինե Հովհաննիսյանն է, անդամները՝ Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Սամվել Ֆարմանյանը,  փոխարինող անդամներ են Գևորգ Կոստանյանը, Էդմոն Մարուքյանը, Միքայել Մելքումյանը, Հերմինե Նաղդալյանը:

 

Մեծ ու փոքր պատվիրակություններ ունեցող երկրների միջև փոխնախագահների պաշտոններն արդարացի բաշխելու համար երկրները բաժանվել են չորս խմբի: 18 անդամից բաղկացած պատվիրակություն ունեցող երկրներից յուրաքանչյուրը, ինչպիսիք են օրինակ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Թուրքիան, Ռուսաստանը, Միացյալ Թագավորությունը, փոխնախագահ ունենում են ամեն տարի:

 

12-17 անդամ ունեցող պատվիրակությամբ երկրները՝ Լեհաստանը, Իսպանիան, Ուկրաինան ունեն  փոխնախագահի երեք պաշտոն, 5-11 անդամից կազմված պատվիրակությունների երկրները՝ Ավստրիան, Ադրբեջանը, Բելգիան, Բոսնիան և Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Չեխիան, Դանիան, Ֆինլանդիան, Ռումինիան, Սերբիան, Վրաստանը, Հունգարիան, Հունաստանը,  Մոլդովան, Նիդերլանդները, Նորվեգիան, Պորտուգալիան, Սլովակիան, Շվեդիան ու Շվեյցարիան,  ունեն ընդհանուր առմամբ փոխնախագահի 8 պաշտոն, յուրաքանչյուր երկիր  մեկ տարի ունենում է այդ պաշտոնում ներկայացուցիչ, հաջորդ տարին չի ունենում:

 

Մնացած 17 պատվիրակությունները, որոնց թվում է նաև Հայաստանը, ընդհանուր առմամբ ունեն փոխնախագահի չորս տեղ, նրանց պատվիրակություններից փոխնախագահ ընտրվում է երկու տարին մեկ անգամ: Ռոտացիան կատարվում է անգլերեն այբուբենի հերթականությամբ:

 

ԵԽԽՎ փոխնախագահներն ավտոմատ կերպով դառնում են Վեհաժողովի Բյուրոյի անդամներ:

 

Հ. Կարապետյան

 

Դիտումների քանակը` 4158

Գլխավոր էջ