Արցախի կանայք` իտալացի լուսանկարչի աչքերով

«Երազելով անկախության և խաղաղության մասին»

Իտալացի լուսանկարիչ Կարլ Մանչինին ֆոտոռեպորտաժ է հրապարակել Արցախի կանանց մասին, խորագիրն էլ՝ «Երազելով անկախության և խաղաղության մասին»:  Լուսանկարների մեկնաբանություններում Echo Photojournalism-ի լուսանկարիչը պատմել է ղարաբաղյան հակամարտության մասին, որն արդեն քառորդ դար է շարունակվում է, և, մասնավորապես, անդրադարձել Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային Արցախի դեմ 2016-ի ապրիլին:

PanARMENIAN.Net ի հետ զրույցում Կարլ Մանչինին նշեց, որ իր ռեպորտաժներն Արցախի կանանց մասին կարևոր են իր համար և մեծ արժեք ունեն, քանի որ նրան շատ է դուր եկել Արցախը: Նրա խոսքով, սա Ղարաբաղին նվիրված իր առաջին աշխատանքը չէ. ավելի վաղ նա ֆոտոլրագրող Ժանմարկո Մարավիլյայի հետ համատեղ ներկայացրել էր «Ծաղկունքը սև այգում»լուսանկարչական նախագիծը, որը հրատարակվել է Newsweek (ԱՄՆ), Internazionale (Իտալիա) և La Croix (Ֆրանսիա) հանդեսներում:

 

«Ես առաջին հայացքից սիրահարվեցի Երևանին, իսկ հետո` Ղարաբաղին: Բոլորը շատ բարի էին իմ հանդեպ և աջակցում էին աշխատանքիս առաջին իսկ քայլերից»,- ասաց լուսանկարիչը` նշելով, որ վերջին 12 տարում եղել է 87 երկրում, որտեղ ռեպորտաժներ է արել տարբեր սոցիալական թեմաներով. կանանց հանդեպ բռնություն, ցեղասպանություններ, փոքրամասնությունների հալածանքներ, պատերազմների հետևանքներ և այլն:

Մանչինին կարևորում է ղարաբաղյան կնոջ դերը հակամարտությունում, քանի որ գրեթե յուրաքանչյուր արցախցի կին ռազմաճակատում ամուսին, հայր կամ եղբայր ունի: Ոմանց ընտանիքի գրեթե բոլոր անդամները ծառայում են ԼՂՀ ՊԲ շարքերում: Արցախի կանայք համբերատար սպասում են իրենց տղամարդկանց, և գուցե հենց նրանց շնորհիվ է, որ կյանքը երկրում շարունակվում է, պահպանվում են նորմալ գոյատևման համար անհրաժեշտ պայմանները:

«Կանայք ուղղակի զարմանալի են: Նրանց սերը հավերժ է, շատ խիզախ են ու միևնույն ժամանակ այնքան փխրուն: Ինձ դուր է գալիս ռեպորտաժներ պատրաստել կանանց մասին, քանի որ նրանք չեն ամաչում ցուցադրել իրենց կյանքն ու բացել սիրտը: Ավելի խիզախ են տղամարդկանցից, որոնք հաճախ ձևացնում են ավելի ուժեղ ներկայանալու համար, քան կան իրականում: Կանանց դա հարկավոր չէ: Նրանք սովոր են ամենօրյա պայքարին և աշխարհի չորս կողմում ամեն օր բախվում են հանրության թշնամական վերաբերմունքին»,- ասում է  Մանչինին` հավելելով, որ ինքն էլ մեծացել է կանանց շրջապատում, քանի որ միակ տղամարդն ընտանիքում հայրն էր: Լուսանկարիչը պատմել է, որ մինչև օրս նրա շրջապատի 95%-ը կանայք են, ինչն իրեն հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ կանանց:

 

Եզրափակեց նա նրանով, որ ղարաբաղցի կանանց դիմանկարներն իր համար ուղղակի գործեր չեն` յուրաքանչյուր դիմանկար նվեր է կնոջն այն գեղեցկության համար, որ վերջինս նվիրել է:

 

Նյութն ամբողջությամբ  PanARMENIAN.Net

Լուսանկարների շարքն ամբողջությամբ այստեղ

 

Դիտումների քանակը` 3592

Գլխավոր էջ