Արուսյակ Պողոսյան. «Հաջողությունն ինձ համար մի բանաձև ունի՝ աշխատասիրություն»
Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում այս անգամ բավականին շատ նոր անուններ կան, հիմնականում երիտասարդների: Նրանց թվում շատ են նաև երիտասարդ կանայք, որոնք արդեն որոշակիորեն ճանաչելի են հանրության կողմից՝ այս կամ այն ոլորտում նախկինում ծավալած գործունեության շնորհիվ: Այդպիսինն է նաև Արուսյակ Պողոսյանը, ով համատեղում է իր՝ Երևանի պետական բժշկական համալսարանի Դեղագործության կառավարման ամբիոնում դասախոսի գործունեությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամում ծրագրերի իրականացման ծառայության բաժնի ղեկավարի գործունեության հետ: WomenNet-ի հետ զրույցում ՀՀԿ ընտրական ցուցակում 38-րդ հորիզոնականը զբաղեցնող Արուսյակը ներկայացրեց իր մոտեցումներն ու տեսակետները:
– Երկար ժամանակ հասարակական գործունեություն եք ծավալում: Ինչո՞ւ եք ուզում պատգամավոր դառնալ:
-Հասարակական գործունեությամբ զբաղվում եմ 2009 թվականից ու այսօրվա պես հիշում այն առաջին ծրագիրը, որին մասնակցել եմ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հետ՝ այցելություն էր մանկատուն, հետո` ծերանոց։ Ներաշխարհս տակնուվրա էր եղել, բայց հասկացա, որ նման ապրումներն են քեզ ստիպում հասարակությանն օգտակար լինելու քայլեր անելու։
Ինչո՞ւ եմ ուզում դառնալ պատգամավոր. հարցը կվերաձևակերպեմ՝ ինչպե՞ս ստացվեց, որ պատգամավորների թեկնածուների ցուցակում եմ։ Հենց նույն այդ հասարակական աշխատանքի արդյունքում։ Շատ եմ սիրում աշխատել մարդկանց հետ, լսել նրանց, հնարավորության դեպքում լուծել դիմացինի խնդիրը։ Երբևէ չէի պատկերացնում, որ կլինեմ քաղաքականության մեջ, բայց կյանքը ոչ միշտ է նախօրոք գրված սցենարով ընթանում, այն իրադարձությունների շարան է, որտեղ դու պետք է գտնես քո անելիքը։
–Աշխատել ու ակտիվ գործունեություն եք ծավալել Հայաստանի երիտասարդական հիմնադրամում, եղել եք երիտասարդներին հուզող խնդիրների էպիկենտրոնում: Ձեր կարծիքով՝ ի՞նչ խնդիրներ են հուզում հատկապես երիտասարդ կանանց:
–Հիմնադրամի ծրագրերի ծածկույթն այնքան մեծ է ու բազմաճյուղ, որ շփվում ես հազարավոր երիտասարդների հետ՝ իրենց հազարավոր գաղափարներով։ Հանգել եմ այն կարծիքին, որ երիտասարդների համար կարիք չկա խնդիրների պատրաստի լուծումներ առաջարկել , պետք է նրանց համար ստեղծել հնարավորություն և պայման այդ խնդիրները սեփական ուժերով լուծելու համար։ Իսկ ինչը կարող է ավելի կարևոր լինել, քան տալ հնարավորություն լուծել ոչ միայն սեփական, այլ նաև ուրիշի խնդիրները։ Դրա համար էլ, կարծում եմ, որ երիտասարդների պատասխանատվության չափը պետք է մեծանա, ինչը կբերի նրանց ներգրավվածությանը տարբեր ոլորտներում։ Այսօր ավելի շատ են ակտիվ ու իրենց քաղաքացիական դիրքորոշումն ունեցող երիտասարդները, և ուրախ եմ, որ աշխատում եմ մի կառույցում, որտեղ իրականացվում են հարյուրավոր ծրագրեր, որտեղ գաղափարներ են գեներացվում հենց իրենց՝ երիտասարդների կողմից։
Ես չէի տարանջատի երիտասարդ կանանց խնդիրները։ Երիտասարդն ունի ինքնադրսևորման կարիք, և ուրախ եմ, որ այսօր դա լուծելի է, ու գրեթե բոլորը, ովքեր ուզում են աշխատանք ծավալել այս կամ այն ոլորտում, կարող են դա անել։ Ի դեպ փաստեմ իմ փորձից, որ երիտասարդ աղջիկները կարծես ավելի նպատակասլաց են, ավելի մեծ է հենց նրանց ներգրավվածությունը, թե ծրագրերի ներկայացման , թե իրականացման առումով:
–Տեսնո՞ւմ եք Ձեզ, արդյոք, կանանց իրավունքների և շահերի պաշտպանության ոլորտում:
-Ես տեսնում եմ ինձ այնտեղ, որտեղ կա քաղաքացու իրավունքի խնդիր։ Ուզում եմ մի օր ունենալ այնպիսի հասարակություն, որտեղ մարդու իրավունքները չբաժանվեն, և առանձին խմբերը ստիպված չլինեն պայքարել իրենց՝ կանանց, երեխաների կամ ասենք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար։ Մենք պիտի ձգտենք նրան, որ մարդն, անկախ իր սոցիալական կարգավիճակից, սեռից կամ տարիքից ոչ թե պաշտպանի իր իրավունքները, այլ օգտվի դրանցից։
-Համաձա՞յն եք, որ մեր պետությունը կանանց ներուժը արդյունավետ չի օգտագործում:
-Գուցե կա դեռևս որոշակի կարծիք այդ առումով, բայց համաձայնեք, որ առաջընթացն ակնհայտ է և այսօր շատ ոլորտներում, այդ թվում և ուժային, ավելանում են իգական սեռի ներկայացուցիչները։ Պետք է խոստովանեմ, որ ինքնս երբեք չեմ զգացել որևէ խտրականություն այն պատճառով, որ իգական սեռի ներկայացուցիչ եմ։ Ամենասխալն եմ համարում սեռերի միջև պայքարը։ Աշխարհում այնքան անելիք ու գործելու ոլորտ կա, որ բոլորը կգտնեն իրենց տեղն ու դերը, եթե միայն աշխատելու ցանկություն լինի։
Կանանց ներուժի արդյունավետ օգտագործման առումով, ասեմ, որ շուրջ 9 տարի է դասավանդում եմ բժշկական համալսարանում, և ակնհայտ է, որ կոլեկտիվում գերակշռում են հենց կանայք, իսկ մանկավարժությունը պակաս կարևոր ու պատասխանատու գործ չէ: Ուստի, գուցե ավելի տեղին է խոսել կանանց և տղամարդկանց ներուժի ըստ ոլորտների համաչափ բաշխման մասին:
-Կին քաղաքական գործչի հաջողության Ձեր բանաձևը: Ի՞նչ հատկանիշներ են հարկավոր կնոջը Հայաստանում առկա խոչընդոտները հաղթահարելու համար:
-Ցանկացած ոլորտում հաջողությունն ինձ համար ունի նույն բանաձևը՝ աշխատասիրություն։ Խոչընդոտները հաղթահարելու համար պետք է հավատալ այն գաղափարին, որի համար արժե հաղթահարել այդ խոչընդոտները։ Նաև պայքարելիս կարևոր է չմոռանալ կին լինել։
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 3844