Արմինե Արսենյան. « Մի բան է հստակ`պետք է ծառայես քո ժողովրդին»

Արմինե Արսենյանը Ջերմուկի ավագանու անդամ ընտրվում է երկրորդ անգամ: Առաջին անգամ Ջերմուկի միջնակարգ դպրոցի տնօրենին հարեւանները, ծանոթներն ու աշխատակազմն են առաջարկել, որպեսզի առաջադրի թեկնածությունը: Մասնագիտությամբ մաթեմատիկ Արմինեն էլ համաձայնվել է: Առաջադրվել, ընտրվել եւ հպարտությամբ հայտարարում է, որ 2005-ին մարզի կտրվածքով ավագանու միակ կին անդամն էր:

 

«Անկեղծ ասած, սկզբում չէի էլ կռահում, թե ի՞նչ աշխատանք է ինձ սպասվում եւ ես ո՞ւր եմ գնում, ի՞նչ պետք է անեմ: ՏԻՄ աշխատանքների գործունեությանն այդքան էլ ծանոթ չէի: Երբ դու գնում ես գործի մի տեղ, որից անտեղյակ ես ու անելիքդ էլ չգիտես, մի տեսակ լարվում ես, անհանգստանում: Բայց մարդու ցանկությունից է կախված: Եթե ուզում ես աշխատես, եթե ուզում ես հաղթահարես, ապա միանշանակ, կարող ես: Չորս տարին քիչ ժամանակ չէ եւ չորս տարվա աշխատանքն էլ նպաստել է իմ կայացմանը որպես ավագանու անդամ: Ժամանակի ընթացքոմ կռահում ես ի՞նչ ես անում, ո՞ւր ես գնում, ո՞ւմ դիմես, որ հարցը լուծվի, ինչպե՞ս խոսես խնդրի մասին, որ թիմակիցները քեզ աջակցեն: Մի բան է հստակ`պետք է ծառայես քո ժողովրդին: Նրանց ձայներն ես ստացել, նշանակում է` նրանք հավատում են, վստահում են, հույս են կապում քեզ հետ: Այս չորս տարվա ընթացքում, բազմաթիվ հարցեր եմ բարձրացրել: Ժողովրդի հետ միշտ կապերի, շփումների մեջ եմ եղել: Նրանց հետ հանդիպումների ժամանակ հնչած խնդիրները բարձրացվել են ավագանու նիստերին եւ դրանց որոշակի մասը, մեր հնարավորության սահմաններում, լուծվել են»:

 

Ըստ Արսենյանի, ավագանու ինստիտուտի կայացման եւ արդյունավետ աշխատանքին պետք է նպաստեն ավագանու անդամների ինտելեկտն ու կրթությունը:

 

«Նախորդ ավագանին լուրջ կոնտինգենտից էր կազմված: Ես դպրոցի տնօրեն էի, մյուս ` «Փարոս» համակարգի, երրորդը` մեկ այլ համակարգի տնօրեն էր: Այսինքն, հավաքվել էին լուրջ եւ բանիմաց մարդիկ, ովքեր տեղյակ էին համայնքի խնդիրներից եւ եկել են ավագանի աշխատելու համար»,- ասում է Արսենյանը` հավելելով, որ ավագանու անդամի թեկնածուի համար պետք է մշակվեն մի շարք դրույթներ եւ միայն այդ դրույթներին համապատասխանող անձինք առաջադրվեն:

 

«Հիմա դուք կասեք, որ երբ ես առաջադրվեցի եւ հաղթեցի, տեղյակ չէի ՏԻՄ գործունեությանը, համամիտ եմ, սակայն ես ունեի կրթություն, իմ աշխատանքում կայացած անձնավորություն էի, ունեի ղեկավարման փորձ եւ դա ինձ օգնեց որպեսզի կարողանամ ավագանու անդամի պաշտոնում էլ հաստատվել: Բայց այսօր ավագանու թեկնածություն են առաջադրում երիտասարդ տղաներ, ովքեր անտեղյակ են առաջնորդությունից, հարց բարձրացնելուց: Չիմացությունը բացասաբար է անդադառնում գործի ընթացքին»:

 

Արմինե Արսենյանն ասում է, որ ավագանու աշխատանքի լավագույն գնահատականը Ջերմուկ քաղաքն է, որ այսօր զարգացում եւ ծաղկում է ապրում:

 

«Այս պարագայում պարտադիր է շեշտել ավագանու դերակարատությունն, քանի որ մեր ու քաղաքապետի ճիշտ համագործակցության արդյունքում է, որ քաղաքը զարգանում է: Իհարկե, առկա է պետական այրերի ուշադրությունը, բայց կա նաեւ ուղղորդում, որի շնորհիվ Ջերմուկը վերածվում է եվրոպական քաղաքի: Ջերմուկը եզակի քաղաքներից է, որտեղ բոլոր տանիքները նորոգվեցին, փողոցները լուսավորվեցին, վերանորոգվեցին ճեմուղիները: Ջերմուկը ոչ միայն առողջարանային կենտրոն է, այլեւ զբոսաշրջային եւ յուրաքանչյուր լումա պետք է ճիշտ տեղում ծախսվի, որպեսզի քաղաքն իսկապես ծառայի իր նպատակին»:

 

Արսենյանը հավելում է, որ այս ընտրություններից հետո էլ, ավագանու միակ կին ներկայացուցիչն ինքն է: «Խմբում միակ կին լինելը չի խանգարում իմ արդյունավետ գործունեությանը: Երբեք վախ ու մտահոգություն չեմ զգացել, քանի որ ունեմ ղեկավարման երկար տարիների փորձ, ինձ համար երբեք խնդիր չի առաջացել տղամարդկանց հետ հարց քննարկելը, հստակ ներկայացնել խնդիրն ու դիսկոմֆորտ զգալ»,- ասում է նա` հավելելով, որ այժմ նախապատրաստվում է քառամյա ծրագրի մշակմանն ու քննարկմանը:

 

«Ունեմ բազմաթիվ առաջարկություններ, բազմաթիվ ծրագրեր, կրթական, սոցիալական, երիտասարդներին վերաբերող: Ես դրանք միայնակ չեմ կարող լուծել, հետեւաբար պետք է կարողանամ ճիշտ ներկայացնել, գտնել համախոհների, որպեսզի թիմային աշխատանքի արդյունքում հասնենք լուրջ հաջողությունների»:

 

Արդեն ավագանու անդամի պաշտոնում հաստատված դպրոցի տնօրենը հավաստիացնում է. լուրջ հաջողություններ իր կյանքում չէին գրանցվի, եթե ընտանիքն իրեն չօգներ:

 

«Ընտանիքն անպայման պետք է աջակցի կնոջը, որ նա կայանա: Եթե քաղաքականությունում, հասարակական աշխատանքում չունենաս ամուր թիկունք, աջակցություն, դու չես կարող հաղթահարել դժվարություններն ու չես կարող օգնել ուրիշներին: Շատ հաճախ եմ ամուսնուս, ծնողներիս հետ խորհրդակցում: Ամուսինս ցանկացած հարցում ինձ աջակցում է, խորհուրդ տալիս, երբեմն ինձանից ավելի շատ ոգեւորովում այս կամ այն հարցի ծրագրման ժամանակ եւ շատ ավելի ուրախանում երբ այդ խնդիրը լուծում է  ստանում»:

 

Հասմիկ Հարությունյան

Ջերմուկ-Երեւան

Դիտումների քանակը` 3215

Գլխավոր էջ