Արմենուհի Կյուրեղյան. «Փորձելու եմ գտնել հասարակությանը հուզող խնդիրների ալգորիթմը»

 

Վանաձորի ավագանու անդամ, ԱԺ պատգամավորի թեկնածու  Արմենուհի Կյուրեղյանը  Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության  համապետական ցուցակում զբաղեցնում է  4-րդ հորիզոնականը:  Նա նաև տարածքային ցուցակով Վանաձորի  թիվ 9  ընտրատարածքում  ընդգրկված թեկնածուներից մեկն է:Մասնագիտությամբ մաթեմատիկոս է, ֆիզմաթ գիտությունների թեկնածու,Վանաձորի պետական համալսարանի դասախոս,  Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի անդամ:

 

-Ըստ Ձեզ, որո՞նք են Հայաստանի առաջնահերթ լուծում պահանջող կարևորագույն խնդիրները:

 

-Սոցիալական արդարության կայացումը, համամասնական ընտրակարգի արդյունքում ձևավորվող իշխանության երեք անկախ ճյուղերի  կայացումն ու տնտեսության զարգացումը: Ամենակարևորը այս երեք  բաղադրիչներն են  և իհարկե, ազգային անվտանգության  հիմնախնդիրը: Մենք համոզված ենք, որ ազգային անվտանգության խնդիրն էլ է լուծվելու  քաղաքական մենաշնորհից ազատվելուց  հետո:

 

-Ինչպե՞ս ստացվեց, որ  ցուցակի  4-րդ հորիզոնականում ընդգրկվեցիք:

–  Համամասնական ընտրական ցուցակում ինձ ներգրավելու որոշումը կայացվել է Գերագույն մարմնի կողմից, իհարկե, իմ համաձայնությամբ: Եթե դա լիներ ոչ թե չորրորդ, այլ 14-րդ, 40-րդ հորիզանականը, միևնույնն է, դա իմ կուսակցության Գերագույն մարմնի որոշումը կլիներ  ու ես հազիվ թե հրաժարվեի, սակայն 4-րդ հորիզոնականում  հայտնվելը շատ մեծ պատասխանատվություն է և ես պետք է փորձեմ ամեն ինչ անել, որպեսզի արդարացնեմ այդ պատասխանատվությունը:

 

-Կարո՞ղ ենք սա համարել Վանաձորի ավագանու անդամությանը հաջորդող բնականոն քայլ:

-Այո՛, կարող ենք համարել: Սակայն դրան նախորդել է ոչ միայն իմ  քաղաքական, այլ  նաև հասարակական գործունեությունը, որը  շատ ավելի վաղ է սկսվել : 20 տարուց ավել է ինչ  Համալսարանական կրթությամբ կանանց  ասոցիացիայի  անդամ եմ  և  ակտիվ մասնակից եմ  եղել  նրա  գործունեությանը Վանաձորում: Բազմիցս մասնակցել եմ բոլոր այն քննարկումներին, որոնք վերաբերել են հենց որոշումների կայացման մակարդակում կանանց ներկայացվածության խնդիրներին և  ուղղված են  եղել  աջակցող  մեխանիզմների , մասնավորապես, քվոտաների ներդրման անհրաժեշտությանը: 

 

-Ի՞նչ կտա կանանց  թվի ավելացումը խորհրդարանում:

-Համոզված եմ,  որ կանանց ու տղամարդկանց հավասար ներկայացվածության ապահովումը որոշումների կայացման մակարդակում վաղուց արդեն  անհրաժեշտություն է: Ցանկացած որոշում, որ կայացվում է խորհրդարանում, կայացվում է հանրության համար, իսկ հանրության կեսից ավելին կանայք են և հաշվի չառնել նրանց շահը կամ  չօգտագործել հանրության կեսից ավելիի  հզոր ներուժը որոշումներ կայացնելու գործընթացում, համաձայնվեք, որ  սխալ է: Հարցը նրանում չէ, որ կանայք ավելի լավ են մտածում, ավելի լավ լուծումներ են առաջարկում, նրանք ուղղակի այլ կերպ են մտածում: Եվ հանրության վերաբերյալ որոշումները կայացնելու ժամանակ այդ կարծիքը նույնպես պետք է լսելի լինի:  Ասեմ, որ  Ընտրական օրենսգրքի ու Սահմանադրության  փոփոխությունները մեծ հնարավորություններ ստեղծեցին կանանց ներկայացվածությունն Ազգային ժողովում  ընդլայնելու առումով , սակայն  այսպես կոչված ռեյտինգային համակարգի ներմուծումը  հետքայլ էր  այդ առումով: 

 

– Կարո՞ղ ենք  նորընտիր խորհրդարանում  քվոտայի չափով , այսինքն  25 տոկոս  կանանց   ներկայացվածություն  ակնկալել …

– Ըստ էության ոչ: Հաշվի առեք, որ նշված 25 տոկոսը մանդատների  բաշխման ժամանակ  կիսվում է  համապետական և տարածքային  ցուցակների թեկնածուների  միջև, այնպես որ առնվազն 12.5 տոկոսը պետք է անցնեն ռեյտինգային ցուցակով, եթե հնարավորություններ ստեղծվեն: Բայց երևի ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կանանց համար տարածքային  ցուցակներով հաղթելն շա՜տ-շա՜տ ավելի դժվար է, քան տղամարդկանց համար: Կարծում եմ, շատ քիչ կանանց կհաջողվի հաղթահարել այդ պատնեշը, բայց ես միևնույն է  պայքարելու եմ :

 

-Ինչո՞ւ պետք է ընտրեն հենց Ձեզ ու Ձեր կուսակցությանը:

-Ոչ թե հենց ինձ, այլ հենց իմ կուսակցությանը: Ինչո՞ւ: Որոշ կուսակցություններ խոսում են այսօրվա ծանր իրավիճակի մասին և անընդհատ քննադատում այս վիճակը, մյուսները  խոսում են այն մասին, թե ինչ երկիր են կառուցելու, եթե իրենք գան իշխանության, իսկ մենք  ասում ենք, թե այս վիճակից դուրս գալու ու  ցանկալիին հասնելու համար ինչ քայլեր են առաջարկում: Կուսակցությունը հետևողական է իր այն  դիրքորոշման  մեջ, որ երկրի այս իրավիճակից դուրս գալու առաջին ելքը խորհրդարանական համակարգն է: Այսօր անցումը  խորհրդարանական կառավարմանը  ամրագրված է  ՀՀ Սահմանադրությամբ, ինչն անշուշտ մեծ  քայլ առաջ է: Իհարկե, ռեյտինգային  համակարգը դա մեր ցանկությունը չէր բոլորովին, դա ինչ-որ ավելցուկ էր, որ կցվեց համամասնական  համակարգին,  ու հաջորդ հնգամյակում մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի հրաժարվենք  ռեյտինգային այս  համակարգից: Մեր համոզմամբ,   լիակատար  համամասնական  համակարգը հնարավորություն  է  ընձեռում  ազատվելու քաղաքական մենաշնորհից, ինչը իր հետևից կբերի տնտեսական մենաշնորհից ազատում և դրանից բխող  նոր հնարավորությունների ստեղծում  տնտեսության աճի, աշխատատեղերի ստեղծման ու այլ առումներով:

 

– 2016-ի  Վանաձորի  ավագանու  ընտրությունների քարոզարշավի ժամանակ ի՞նչ խնդիրների եք հանդիպել  որպես կին և ի՞նչ հնարավոր խնդիրներ ու ռիսկեր եք տեսնում ԱԺ ընտրություններին ընդառաջ:

– Իմ հասարակական գործունեության  ընթացքում՝   զբաղվելով կանանց ներկայացվածության հիմնահարցերով, ինքնս եմ  սեմինար-պարապմունքներ անցկացրել ՏԻՄ կին-ներկայացուցիչների համար. ինչպե՞ս կազմակերպել  քարոզարշավը, ի՞նչ դժվարությունների կարող են հանդիպել,   ինչպե՞ս հաղթահարել դրանք: Այս ամենի արդյունքում ես ինչ-որ չափով նաև պատրաստ եմ եղել դժվարություններին: Բնական է,  որ քարոզարշավի ժամանակ բոլորի մոտ էլ դժվարություներ լինելու են, բայց  որպես կին վաղուց իմ մեջ հաղթահարել ու անցել եմ այդ փուլը: Այո, դժվարություններ կան և կլինեն,  բայց դրանք հաղթահարելի են:

 

-Գիտությամբ զբաղվելը որքանո՞վ կօգնի կամ կխանգարի Ձեզ քաղաքական դաշտում:

-Չեմ կարծում, որ գիտությունը կխանգարի քաղաքականությանը: Իմ մասնագիտությունը մաթեմատիկական տրամաբանություն  և ալգորիթմների տեսությունն է: Իսկ ի՞նչ է  պետք քաղաքական գործչին. տրամաբանել ու ալգորիթմներ մշակել: Ալգորիթմը հենց ունեցածից ցանկալիին հասնելու հերթական  քայլերի ճշգրիտ նկարագրությունն է: Այսինքն, իմ մասնագիտությունը այս պարագայում ինձ շատ է  օգնելու, որովհետև  խնդիրը կարելի է  ձևակերպել նաև  հասարակությանը հուզող հարցերի  շուրջ  և փնտրել  լուծումներ պարունակող  ալգորիթմը:

 

-Ինչպե՞ս է վերաբերվում ընտանիքը Ձեր՝ մեծ քաղաքականություն մուտք գործելուն:

-Երեք երեխաների մայր եմ,ամուսինս բժիշկ է: Մենք ընտանիքում վաղուց իրար նման ենք մտածում,  իմ երկարամյա   հասարակական-քաղաքական ակտիվությունը դրա ապացույցն է:  Ունեմ եղբայրներ,քույր և իրենք նույնպես, ինչպես ընտանիքիս մյուս անդամները, իմ մեջ տեսնում են այն ներուժը, որ ես կարող եմ քաղաքականության մեջ որևէ դրական ներդրում ունենալ  ի օգուտ ժողովրդի: Ընտանիքիս անդամները մշտապես իմ կողքին են: Սակայն, ուզում եմ շեշտել, որ  եթե  ես որևէ խնդիր չունեմ իմ ընտանիքում, դա դեռ չի նշանակում, որ բոլոր կանայք չունեն այդ խնդիրը:

 

– Ո՞րն է ամենակարևոր խորհուրդը, որ ստանում եք ընտանիքի անդամների կողմից:

-Երբեք չընկճվել, համառորեն դուրս գալ պայքարի և հաղթանակի դեպքում  չմոռանալ, որ խոսքն ու գործը պետք է համապատասխանեն իրար:

                                                                                    

Գայանե Սարգսյան

Դիտումների քանակը` 4356

Գլխավոր էջ