Արմավիրում երեխաների թունավորման դեպքեր . Ի՞նչ է պարզել նախաքննությունը

 

Արմավիրի մարզում իրար հետևից գրանցված թունավորումներն ու աղիքային վարակիչ հիվանդությունները, որոնք նույնիսկ մեկ երեխայի մահվան պատճառ դարձան, ստիպեցին առողջապահության նախարարությանը հանդես գալ հանգստացնող  հայտարարությամբ` Հայաստանում համաճարակային իրավիճակ չկա:

 

Կառավարությունն էլ ստիպված էր փոփոխություն կատարել իր որոշումներից մեկում ու հանել դպրոցներում ու մանկապարտեզներում առողջապահական պետական տեսչության կողմից ստուգումների իրականացման արգելքը:

 

Արմավիրում գրանցված աղիքային վարակիչ հիվանդության վերջին դեպքերը հունիսի 16-ին էին, Ջրաշեն ու Նորապատ համայնքներում: Նույն օրը ցերեկը աղջնակի  ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք ընդունված  4-ամյա աղջնակի կյանքը փրկել չհաջողվեց: Ռեանիմոբիլով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխված տղայի վիճակն էլ ծայրահեղ ծանր է:

 

Վարակի աղբյուրը պարզելու նպատակով իրականացվում են նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումներ։ Համաճարակաբանական ուսումնասիրությունների արդյունքում մասնագետներն արձանագրված դեպքերի միջև փոխկապակցվածություն չեն տեսնում։

 

Հունիսի 18-ի դրությամբ Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում փաստացի առկա է եղել 14 հիվանդ, որից 13-ը` 0-18 տարեկան երեխաներ:

 

Արմավիրի մարզի Ալաշկերտի գյուղապետ Կարեն Հովհաննիսյանը WomenNet.am-ին ասաց, որ գյուղի մանկապարտեզը երեխաների շրջանում տեղի ունեցած թունավորումից հետո չի գործում: Հաստատությանը առողջապահության նախարարության մասնագետների ներկայացրած պահանջների բավարարման դեպքում միայն կթույլատրվի դրա շահագործումը: Գյուղապետն ասաց, համայնքն ի վիճակի չէ մանկապարտեզում աշխատանքներ իրականացնել, կազմել են նախագիծ, նախահաշվարկ, խոստացել են պետպատվերի շրջանակում իրականացնել վերանորոգումը: Թե երբ մանկապարտեզը կսկսի գործել, գյուղապետը դժվարանում է ասել:

 

Հիշեցնենք, որ 2015թ. մայիսի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքից Արմավիրի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունք է հոսպիտալացվել 6, այնուհետև` 5 երեխա, և բոլորի մոտ եղել են նույն ախտանշանները` լուծ, փսխում, ջերմություն, ընդհանուր թուլություն։

 

Արմավիրի քաղաքապետարանից փոխանցեցին, որ թիվ 9 և թիվ 6 մանկապարտեզներն արդեն գործում են: Այստեղ էլ երեխաներ էին թունավորվել:

 

Օրեր առաջ Քննչական կոմիտեն հրապարակեց Ալաշկերտի մանկապարտեզում տեղի ունեցած թունավորումների փաստի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ մանրամասներ: Նշանակված  դատաբժշկական փորձաքննությունների արդյունքների համաձայն՝ մանկապարտեզի սաների մոտ ախտորոշվել է «Սուր աղիքային ինֆեկցիա անհայտ ծագման, գաստրոէնտերոկոլիտիկ տարբերակ, միջին ծանրության ձև», որն առողջությանը պատճառել է թեթև վնաս: Խոհանոցում կատարված հետազոտության արձանագրության համաձայն՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) են հայտնաբերվել սառնարանի միջից, պանրի և կարագի ամաններից, մաքուր ափսեներից, բաժակներից, գդալներից և դանակներից, կտրատած տավարի մսից, փլավի կաթսայից, խոհարարի ձեռքերից, հագուստից և խալաթից:

 

Քննություն է տարվում՝ պարզելու վարակի առաջացման աղբյուրը, տարածման եղանակը, նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների, սանիտարական կանոնների և նորմերի պահպանման համար պատասխանատու անձանց շրջանակը։

 

Թունավորումներից հետո մարզի բոլոր մանակապարտեզներում ստուգումներ են իրականացվել:  ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանն ավելի վաղ խոսելով դրանց արդյունքների մասին, հայտարարել է, որ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ թիրախային երեք ու մի քանի այլ մանկապարտեզների խոհանոցներում սննդի ընդունման, պահպանման, մակնշման պայմանները բավարար չեն եղել, որոշ տեղերում էլ տաք ջուր չի եղել. «Նույնիսկ երեխաներին չթույլատրված սնունդ են տվել, օրինակ խինկալի, ոչ տապակած կոտլետ, պետք է կոտլետը լինի ջեռոցում եփած, ոչ թե ձեթի մեջ տապակված, դա նույնպես հայտնաբերվեց, նախազգուշացվեց: Պարզվեց, որ երեք մանկապարտեզներում էլ տաք ջուր չի եղել, դրա համար էլ նախարարությունն առաջարկեց առաջին հերթին խոհանոցներն ապահովել տաք ջրով»:

 

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն էլ հայտարարել է, որ նախատեսվում է դպրոցական և նախադպրոցական կազմակերպություններում բարելավել խոհանոցային պայմանները: Իսկ մինչ այդ դեռ ուսումնասիրություն պիտք է իրականցվի` պարզելու որքան գումար է հարկավոր այդ բարեփոխումների համար:

 

Ինչ վերաբերում է մայիսի 21-ին կառավարության որոշմանը, ապա սահմանվեց, որ ստուգումների արգելքը չի տարածվում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կողմից հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական կազմակերպություններում իրականացվող  ստուգումների  վրա:

 

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2014 թվականին տեղի են ունեցել մի շարք դեպքեր, մասնավորապես՝ Եղվարդի մանկապարտեզում երեխաների շրջանում արձանագրված մասսայական թունավորումներ, կապված ՀՀ սանիտարական օրենսդրությամբ սահմանված սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պահանջների չպահպանելու հետ: Նշված ոլորտում վերջին տարիներին շարունակական վերահսկողության բացակայության հետևանքով ի հայտ են եկել և ներկայումս առկա են լուրջ խնդիրներ:

 

Կառավարությունում հույս ունեն, որ այսուհետ՝ ստուգումների արգելքը հանելով,  բոլոր  հնարավորություններն  կունենան  երեխաների առողջության հետ կապված ոլորտի անվտանգությունն ապահովելու  և հնարավոր ռիսկերը կանխարգելելու համար: Հարց է ծագում սակայն,  թե ինչու պաշտոնական այրերն մտահոգվել են ոլորտն պատշաճ ձեւով վերահսկելու խնդրով միայն երեխաների թունավորումներից հետո:

 

Հ. Կարապետյան

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ինչպե՞ս բացառել մանկապարտեզներում երեխաների թունավորման դեպքերը

 

 Հեղինե Բիշարյան. «Բա ես չիմանա՞մ՝ ինչ եմ ուտում, էս ո՞ր դարն է»

 

Թունավորվել են թթից թե թթի միջոցով՝ ինչո՞ւ

 

Վահան գյուղի տասնյակ բնակիչներ թունավորվել են թթից

 

Ամեն օր մարդիկ սնունդ են թափում ու ամեն օր մարդիկ սոված են քնում

 

Առողջ սնվելու օր. հիվանդությունների 90 տոկոսը ոչ ճիշտ սնվելու արդյունք է

 

500 հազար դրամ տուգանք` մանկապարտեզներին քիմիական նյութերով մշակած հավեր մատակարարողին

 

Երկու ծայրահեղություն` թերքաշություն ու գիրություն

 

Հայաստանի բնակչության 60 տոկոսը ստանում է օրական 2100 կալ ցածր սնունդ

 

Ի՞նչ են ուտում Հայաստանի բնակիչները

 

«Յուրաքանչյուր հինգերորդ երեխան Հայաստանում թերաճ է»

 

Մանկական աղքատություն

 

Դիտումների քանակը` 6160

Գլխավոր էջ