Արմինե Հովակիմյան. «Թե՛ գյուղում շատ անելիք կա, թե՛ ես անելիք ունեմ…»
Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում ավագանու անդամ դառնալու համար ընտրապայքարի մեջ մտած 7 թեկնածուից երկուսը կին են: Նրանցից մեկը ՝ մանկավարժ, ՀՀԿ անդամ Արմինե Հովակիմյանն է, ով գործող ավագանու անդամ է:
WomenNet-ի հետ զրույցում Արմինե Հովակիմյանը պատմեց, որ նախորդ ընտրություններում առաջադրվել էր գյուղապետի հորդորով, մինչդեռ ինքը այդքան էլ կողմ չէր այդ մտքին: Իր խոսքով, թե՛ համայնքապետը, թե՛ դպրոցի տնօրենը պնդեցին, որ ավագանիում ուսուցչուհու ներկայությունը շատ կարևոր է.
«Համաձայնվեցի ու ընթացքում զգացի, որ իսկապես հենց այնպես չեմ այնտեղ: Մեր գյուղապետը շատ լավ ղեկավար է, նվիրված գյուղին ու երևի թե հենց դա է պատճառը, որ իր հետ առաջադրված թեկնածուն ինքնաբացարկի է դիմել: Բայց այնքան խնդիրներ կան դպրոցում, որ գյուղապետը, եթե ես ավագանիում չլինեի, տեղյակ չէր էլ լինի, մինչդեռ հիմա շատ հարցեր կան, որ բարձրացնում ենք ու լուծում են ստանում»,- ասաց նա: Արմինե Հովակիմյանի խոսքով՝ ավագանու դերը հենց դրանով է կարևոր, որ համայնքապետի ու բնակչության միջև կապը հաստատվի ու դրա միջոցով խնդիրների լուծումներ գտնվեն: Իր օրինակը բերելով ավագանու անդամը նշեց, որ ինքը միջնորդ է հանդիսացել դպրոցի ու համայնքապետարանի միջև, ծնողները շատ հարցերով արդեն իրեն են դիմում, որոնք էլ հետագայում քննարկվում են ավագանու նիստում:
Ասում է, որ երեք տարի առաջ, երբ դեռ նոր էր ավագանիում ստանձնում իր պարտականությունները, բնակչության մեծամասնությունը չգիտեր, թե ինչ է իրենից ներկայացնում այդ ինստիտուտը, բայց այսօր իրավիճակը դրական իմաստով փոխվել է: Ինչ վերաբերում է այս տարի ևս իր առաջադրմանը, տիկին Հովակիմյանը նշեց, որ պատճառներից մեկը նա է, որ սեփական փորձով համոզվել է, որ ավագանու միջոցով հնարավոր է խնդիր լուծել, իսկ գյուղը, թեև փոքր է, իսկապես շատ խնդիրներ ունի: Ու բացի այդ՝ կապ չունի՝ կնոջ ձայն է, թե տղամարդու, եթե ճիշտ բան ես ասում, այն անպայման լսելի է դառնում.
«Թե՛ գյուղում շատ անելիք կա, թե՛ ես անելիք ունեմ: Հասկացա, որ նորից ուզում եմ ուժերս փորձել, այնպես որ առաջադրվեցի»,- ասաց նա, նշելով, որ գյուղապետն էլ նորից առաջարկեց, դպրոցի տնօրենն էլ խորհուրդ տվեց շարունակել աշխատանքը ավագանիում:
Իսկ հարցին՝ տեսնո՞ւմ է իրեն համայնքի ղեկավարի պաշտոնում, Արմինեն արձագանքեց.
«Չեմ մտածել այդ մասին… կողքից ինձ ասում են, որ ես ունեմ այդ կարողությունը, կազմակերպչական ջիղը զարգացած է, բայց դեռ գյուղապետի դերում ինձ չեմ պատկերացնում»,-հավելեց նա:
Լիա Խոջոյան
Հ.Գ. Նշենք, որ Արմավիրի մարզում ընդհանուր առմամբ 847 մարդ է ցանկանում ավագանու անդամ դառնալ, նրանցից 142-ը կանայք են: Արմավիրում կանայք պայքարում են 76 համայնքներում՝ Ալաշկերտ, Ակնալիճ, Ակնաշեն, Աղավնատուն, Ամասիա, Ամբերդ, Այգեկ, Այգեշատ, Այգեվան, Ապագա, Առատաշեն, Արագած, Արազափ, Արաքս, Արգինա, Արևիկ, Արմավիր, Արշալույս, Արտամետ, Արտաշար, Բաղրամյան, Բերքաշատ, Գեղակերտ, Գրիբոյեդով, Դողս, Դալարիկ, Երասխահուն, Զարթոնք, Լեռնագոգ, Լեռնամերձ, Լուկաշին, Խանջյան, Խորոնք, Ծաղկունք, Ծիածան, Հայկաշեն, Մայիսյան, Մարգարա, Մեծամոր, Մյասնիկյան, Մրգաշատ, Մրգաստան, Նալբանդյան, Նոր Արմավիր, Նորապատ, Նորավան, Շահումյան, Շենիկ, Ոսկեհատ, Ջրառատ, Ջրարբի, Սարդարապատ, Վարդանաշեն, Տարոինիկ ու այլ համայնքներում: Արմավիր քաղաքում 18 թեկնածու կա, նրանց թվում կին չկա: Գործող ավագանու 15 անդամների թվում էլ կանայք չկան:
Դիտումների քանակը` 2636