Արծվիկ Մինասյան. «Դատապարտում եմ երևույթի անհարկի քաղաքականացումը»
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «DIY» ակումբի ղեկավար Արմինե Օգանեսովան (Ծոմակը) հայտարարել է, թե իր ակումբը պայթեցնողների ազատ արձակման գրավի համար վճարել են դաշնակցական պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Հրայր Կարապետյանը: Բացի այդ նա հայտարարել է, որ իր ձեռքի տակ եղած բոլոր փաստերը տանում են նրան, որ իր ակումբը պայթեցնողների թիկունքում դաշնակցականններն են կանգնած: «Ես գնացել էի Թուրքիա՝ համերգի, ու ներկա եմ եղել միասեռականների պարադին, որն ինձ համար շատ հետաքրքիր էր. Հիմնական պատճառը սա էր, դրանից հետո «Երկիր մեդիան» ինձնից հարցազրույց վերցրեց ու կարելի է ասել՝ ինձ լավ խաբեցին՝ ասացին շատ կարեւոր քայլ եք արել, ուզում ենք լուսաբանել: Բայց որ տեսա, թե եթերում ոնց են աղավաղել ու ինձ դարձրել թշնամի… Իմ խնդիրները այդ հարցազրույցից հետո են առաջացել: Այս ամենը լավ պլանավորված էր», – ասել է Ծոմակը:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նույն օրը պատասխան հայտարարությունով է հանդես եկել.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հաշվի առնելով DIY ակումբի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ տարածված տեղեկատվությունը` հարկ եմ համարում հանդես գալ հետևյալ հայտարարությամբ.
1. Դատապարտում եմ ակումբի սեփականատերերի և նրանց աջակիցների կողմից երևույթի անհարկի քաղաքականացումը և հատկապես ՀՅԴ անվան շահարկումը:
2. Եթե ակումբի գործունեության մեջ շահագրգիռ անձինք փորձում են այդպիսի գործելակերպով ճանաչում ձեռք բերել և իրենց վրա հրավիրել հանրության ուշադրությունը, ապա խորհուրդ կտամ զերծ մնալ մերկապարանոց հայտարարություններից, առավել ևս երբ իրենց արդեն հաջողվել է ճանաչում ձեռք բերել իրենց ավելի«հարազատ միջավայրում»:
3. Իբրև Ազգային Ժողովի պատգամավոր բազմիցս եմ նշել, որ Հայաստանում կալանավորումը` որպես խափանման միջոց, պետք է կիրառվի խիստ հազվագյուտ դեպքերում, այլ ոչ թե դառնա հաճախ կիրառվող պրակտիկա: Այս անձնական համոզումս ժամանակին հիմք է հանդիսացել, որ անձնական երաշխավորությունը կամ գրավը որպես կալանավորման այլընտրանքային միջոց կիրառելու նախաձեռնությամբ հանդես գամ թե՜ օրենսդրական առաջարկների ձևով, և թե՜ մասնավոր դեպքերում:
4. Դրական համարելով դատարանի կողմից այլընտրանքային խափանման միջոց կիրառելու որոշումը` հույս ունեմ, որ Հայաստանի իրավական համակարգը, ինչպես մինչդատական վարույթի, այնպես էլ դատական քննության ընթացքում ի զորու կլինի երևույթին տալ իրավական ճշմարիտ գնահատական: Ուստի առաջարկում եմ չփորձել ավելորդ ճնշում գործադրել արդարադատության համակարգի նկատմամբ:
ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
P.S.Ա յս հայտարարությանը միացել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Աղաբեկյանը:
Դիտումների քանակը` 4960