…Այստեղ անասուններին կանայք են արածեցնում, մահացածին կանայք են թաղում, այստեղ «տղեքին կբիրեն, աղջկեքին՝ խանեն թափեն»…

 

Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում բնակվող կանանց մասին է պատմում  «Առավոտ»-ի  լրագրող Նելլի Բաբայանը…   

 

 «Աղջի Արմինե, լա արի մոտըս, աղջի Ժուլետ, դու էլ արի, մարդ ա եկած Երեւանից, լրագրող ա, էկեք օբշիժիտ նկարվինք». Արծվանիստի կանայք են. գյուղամիջում մեկը մյուսին ձայն է տալիս, հավաքվում են շուրջս: Համագյուղացիների ասած՝ տիկին Ժուլետը, որ անձնագրով Ջուլիետա է, ինձ հարցնում է. «Մեռնեմ քե, էտի ինչի՞ խամար ա կըլըրագրես, ի՞նչ խաբար ա»: Ասում եմ՝ գյուղի մասին եմ ուզում գրել: «Նկար ա, նկար ա. ըհըն՝ էս նըխշուն էրեխեն հորից կարոտ ա, էն նըխշունն էլ հորից ու պապից կարոտ ա, էս քյոռփեքին, որ տեսնում ես, մեկ, էրկու, իրեք, չորս, խինգ, բոլորը հերերից կարոտ են: Տարին մի կամ էրկու անգամ կըտեսնին: Էսի ապրելու տեղ ա՞, մեր գեղի նման ոչ մի գեղ նման չի: Ստեղ բան չի կա»,- արձագանքեց տիկին Ժուլետը:

 

Ու սկսում են կանայք իրար հերթ չտալով պատմել, թե որի ամուսինը քանի տարի է Ռուսաստանում. մեկինը՝ Վոլգոգրադում է, մյուսինը՝ Տյումեն, երրորդինը՝ Պերմ: Տղամարդիկ մեկնել են արտագնա աշխատանքի: Կանանցից մեկն ասում է. «Ջոջս հենց դառավ 15 տարեկան, մարդս առավ խետը տարավ Ռուսաստան, մնաց ընդեղ, պսակվեց ռուսի խետ»: Գեղարքունիքի մարզի շատ գյուղերի նման՝ Արծվանիստն էլ կանանց ու խոպանչիների գյուղ է: «Էնքան կան, որ ընտանիքովներով գացած Ռուսաստան, շատերին էլ խաբում ին՝ փող չի տան: Լրիվ խարս ու թոռներ մացած էս գեղում, հենա իմ մարդն էլ էսա 10 տարի գացած Ռուսաստանի քուչեք, չուզե գա, մնացած եմ մենակ: Գրա, որ էս գեղում տոկոսները վըրնեքս կճռռանք, ժողովուրդ մացե տոկոսների տակ, վարկ ենք վերցել, որ գոյություն պախենք, հող մշակելու հըմար վարկ վերցուցած ենք, օգուտ չեղավ, տոկոսը կուտակվել ա, Ռուսաստանից գումար եկավ՝ հերիք չըրավ վարկին, հըմի վարկի «սոչիկը» ֆռում ա: Մենք ստեղ էշություն կընինք, մեր մարդիք էլ ընդեղ էշություն կընեն, որ բանկի տոկոս տանք»:

 

Արծվանիստում կանայք են անասուններին արածեցնում, հողը մշակում, խոտը հնձում, ասում են՝ եթե մարդ է մահանում, կանանցով են հուղարկավորությունն անում:  Ճանապարհիս կանանց էի հանդիպում, մեկը՝ ուսերին թունաքիմիկատով պարկը, մյուսը՝ եղանը, գերանդին ու բահն առած գնում էին դաշտեր: «Մարդ որ կըմահանա, կնիկն ա տանըմ թաղըմ: Տղամարդ չկա, գյուղըն աշխատանք չկա, բա ի՞նչ ընենք: Ինձի խետ մի կնիկ էլ վերցուցիմ, որ անասուններին տանենք սարը՝ արածեցնենք: Հենց նոր գերանդին դրեցի, իջամ ստե, մե քիչ խոտ կար, հնձեցի: Մեռնիմ քեզի, ռուսականն էլ, որ մեր մարդիքը կուղարկեն, խողին խավասար ըլավ, խըրգածը բան չէր: Աթարը մենք ենք շարում, խոտը մենք կքաղինք գերանդիով ու տուկերը կըշարինք, ձմեռվա խամար ա կանինք, տղամարդու գործը մենք ա կանինք»,- տիկին Անժիկն է պատմում:

 

 Ասում են՝ կանայք՝ թե՛ նորահարս, թե՛ մեծ, իրենց ամուսիններին կարոտ են մնում, բայց ճար էլ չունեն, հաշտվել են, չեն էլ խանդում, որ ամուսինները «ռուսաստաններում» ամենքը մի ռուս կին է գտել: «Որ գան մեզի գրկեն, ու սոված քնենք, սոված զարթնենք, ո՞ւմ է պետք: Դե, տղամարդ են, կարող ա էթան ման էլ գան, կարեւորը ընտանիքը պախեն, էնտեղ կաշխատին, բերին մեզի էստի ծերը ծերի պախեն, որ խանդինք՝ ի՞նչ պիտի անինք, «սաղ-սըլամաթ» մնան, լավ ա: Մեզի Ռուսաստան կըպախե, որ էդ էլ չըլնի, հողով ու անասունով չենք ապրի»,- ասում են Արծվանիստի կանայք: Ուզում էի կանանց անուններն առանձին-առանձին մոտս գրի առնել, ու հանկարծ նրանցից մեկն ինձ ասում է. «Կարաս սաղիս մի անունով գրես, տարբերություն չի կա, սաղըս էլ նույն բախտից ենք: Առավոտը լուսը կըբցվի՝ խողը կիմիտնենք, մութն կընգնի՝ խողից դուրս ա կիգանք, իմ աղջիկ»:

 

Երբ հավաքվում են սրճելու, կանանց խոսակցության թեման է՝ այս տարի կարտոֆիլի բերքն ինչպիսին էր, ում կովն ինչքան կաթ տվեց: Այս տարի, ասում են կանայք, կարտոֆիլի բերքը հաջող չէ. «Անձրեւ չեղավ, շոգ եղավ, ջուր չի կա, նենց էլ ցուրտ եղավ ձմեռը: Բիբար ա ցանած եմ, քյալամ, պամիդոր, էտի իմ տան մոտը, խմելու ջրով եմ ջրում, բայց կարտոլները դաշտերում մացել ա, ջուրա չի կա: Ներքեւ ծովից ջուր են հանում, մեզի մոտ չի հասնում: Ջուրըմ քիչ ա, հողը քաշում ա, չի գալըմ ստեղ: Ժողովուրդն իրան սպանելով, կոտորելով ցանել ա կարտոշկան, սրսկում ենք անում, բայց հնարավորություն չունենք ջրենք»: Թե ինչո՞ւ ոռոգման ջրի հարցը գյուղապետի մոտ չեն բարձրացնում, իմ այս հարցի վրա կանայք միասին ծիծաղեցին. «Մեր մոտի կանայք ձայն չունեն, տղամարդիկ գացին գյուղապետարան, մենք կնիկ ենք, մեզի թույլ չի տան, որ գյուղապետարան գնանք, կնիկ արմատ ձայն չունի, հիմա էլ խոսամ, կուգան կասին՝ գետին մըտիս դու, քեզի մարդ չկա՞, որ էլել խոսիս, տղամարդու պատիվ պախելու հըմար չենք խոսի: Տան ղեկավարն էլ տղամարդն է, որ խնդիր էլ կա, պըտի ձեն չըհանի, ծեծի էլ, լեզուն պըտի քաշի իրան ու ձեն չի հանի, որ հարեւան չիմանա»:

 

Արծվանիստի «ձեն չհանող» հարսներից մեկն էլ՝ 32-ամյա Արմինեն, երկար լռելուց հետո միջամտեց գյուղի իրենից մեծ կանանց խոսակցությանը. «Ես իմ կյանքից բան չեմ հասկացել, բայց կարա՞մ բողոքեմ, ո՞նց բողոքեմ»: Արմինեն 3 երեխա ունի, ինչ ամուսնացել է, ամուսինն ամեն տարի արտագնա աշխատանքի է մեկնում: Արմինեն ասում է՝ ամուսնուն տարվա մեջ 2-3 ամիս է տեսնում, 3 ամսով էլ որ մնում է գյուղում՝ ընտանիքի հետ, երջանկություն է Արմինեի համար: Մազերն ու մաշկն արեւից խանձված, մաշկը արեւայրված ու կնճռոտված Արմինեն ամաչում է ժպտալ, ասում է՝ լիաթոք չի էլ ծիծաղում. «Ամաչում եմ բերանս բացեմ՝ ատամ չկա: Էդ փողը, որ պիտի տամ ատամ քցեմ, բա էրեխեքիս ինչո՞վ կերակրեմ»: Կանանցից մեկն էլ ցույց է տալիս իր ոսկե ատամներն ու ասում. «Սրանք սովետի վախտ եմ քցել, էն հետեւը ատամ չկա, սաղիս մոտ էլ նույնն ա: Գրա՝ անատամ գյուղացիք»: Արմինեն ասում է, որ շատ կուզեր երեխաների հետ գնար միանար ամուսնուն: Թե ինչո՞ւ չի գնում՝ մեր այս հարցին Արմինեի փոխարեն մեծ կանայք են պատասխանում. «Բա հիվանդ կեսրայրին ո՞վ պախա: Կեսուր չունի: Կեսրայրին ինքը պըտի նայա, էն էլ ծնող ա, տղա է պախել, ջոջըցրել, որ հիմա տղեն ստեղ չի, խարսը պըտի պախա»:

 

Հետո ասում եմ՝ Գեղարքունիքի մարզում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները ամենաբարձր ցուցանիշներն են: Կանայք զարմացած հարցնում են. «Էդ ինչ կուլտուրական բառեր ես ասում, մարդավարի խոսա, բան հասկընանք»: Ասում եմ՝ ձեր մարզում աղջիկ երեխաներին ամենաշատն են աբորտ անում, երիտասարդ կանանցից մեկն անմիջապես արձագանքում է. «1 տղա 2 աղջիկ ունեմ, տղես առաջինն ա, փող չկար՝ 2-րդ աղջկաս աբորտ անեի, բերեցի»: Ապա մյուս կանայք են շարունակում. «Շատ չեն կարա պախեն, կուզեն տղա, որ կըրնա հետո ծնողներին պախա: Մըկա ապրելակերպը տենա՞ս ինչքան դժվար ա, ըտոր խըմար տղեքին կբիրեն, աղջկեքին՝ խանեն թափեն»…

 

Գյուղի կանանց հրաժեշտ տալիս տիկին Ժուլետն ինձ ասում է. «Հըմը, որ լըրագրիս, մեր մարդիքը խոպանեն կուգա՞ն, մեր ատամները կաճե՞ն, կարտոշկեն կըրնա՞նք ջրինք»: «Չէ, տիկին Ժուլետ, ես էլ՝ վարչապետի պես, կախարդական փայտիկ չունեմ»,- ասում եմ ու փորձում հեռանալ: Ու տիկին Ժուլետը հետեւիցս կանչում է. «Էդ վարչապետին ըսա՝ մի օր գա մեր ապրուստը տենա, վայթեմ էս փլած ճամփեքին ու արեւին չդիմանա»…

 

 

Նելլի Բաբայան

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝  http://www.aravot.am/2017/08/03/900557/

 

Դիտումների քանակը` 3333

Գլխավոր էջ