Արժանապատիվ ծերության սպասելիս

Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է

tarec-1

 

Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է (International Day of Older Persons): Այն հռչակվել է 1990 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ:  Հայաստանում Տարեցների միջազգային օրը նշվում է 1993թ-ից:

 

1991թ-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասմաբլեան ընդունեց  Տարեց մարդկանց նկատմամբ ՄԱԿ-ի սկզբունքները, այնուհետև 1992-ին ընդունվեց  Ծերացման հարցերով  հռչակագիրը և վերջապես 2002-ին ՄԱԿ-ի անդամ պետությունները համաձայնության եկան  Ծերացման Մադրիդյան Ռազմավարության շուրջ, որը  հիմք է հանդիսացել  նաև   Հայաստանի համար մշակելու իր ազգային ռազմավարական ծրագիրը:

 

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ մեր բնակչության թիվը կազմում է 2 մլն 995 հազար, որից   387 հազարը տարեց է ՝ Այսինքն` բնակչության 12,9 տոկոսը տարեցներն են՝ 63 տարին լրացած :

 

 

Տարեցների 70 տոկոսը քաղաքաբնակ է:  Տարեցների ընդհանուր թվում կանայք գերակշռում են՝ 59 տոկոս են,  ինչը հետևանք է կանանց կյանքի միջին տևողության համեմատաբար ավելի բարձր ցուցանիշի: Մեր երկրում կյանքի միջին տևողությունը կազմում է 74,8, կանանց մոտ՝ 77,9, տղամարդկանց մոտ՝ 71,5:

 

Հայաստանում աշխատունակ տարիքի բնակչին բաժին է ընկնում 314 տարեց, ինչը տնտեսական առումով լավ ցուցանիշ չէ:

 

Հաշմանդամություն ունեցող անձանց ընդհանուր թվից (198619 մարդ) տարեց մարդիկ կազմում են 31,3 % (62119 մարդ), կամ տարեցների ընդհանուր թվի 15.6 %-ը:

 

Հայաստանում ապրում է 90 տարեկանից բարձր տարիքի 6  550 մարդ,  100 տարեկանից բարձր տարիքի 102 մարդ և 115 տարեկան երկու անձ, որոնք ապրում են Արարատում:

 

 

Ի՞նչ է անում պետությունը արժանապատիվ ծերություն ապահովելու համար

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանի խոսքերով՝ Հայաստանը համալրել է ծերացող երկրների շարքը և հնարավոր է, որ մոտ ապագայում արդեն համարվենք ծեր երկիր: «Ինչքան էլ ասենք, որ տարեցները մեր հարստությունն են, բայց ծերությունն իր հետ բերում է տնտեսական, սոցիալական խնդիրներ, որոնք կապված են՝ տարեցների խնամքի, առողջապահական ծառայությունների հետ»,- ասաց   Անահիտ Գևորգյանը, նշելով, որ պետությունը քայլ առ քայլ փորձում է լուծել տարեցների հետ կապված խնիրները:

 

Անդրադառնալով   տարեցների համար գործող խնամքի կենտրոններին, Անահիտ Գևորգյանն ասաց, որ այսօր Հայաստանի տարածքում գործում են տարեցների շուրջօրյա խնամքի 10 հաստատություն: Այդ հաստատություններում բնակվում է 1230 տարեց անձ: Բացի այդ, հանրապետությունում տնային պայմաններում խնամքի ծառայություն  է ստանում 4000 մարդ, ցերեկային կենտրոններում` 2000:

 

«Մեր հետագա քայլերն ուղղված են լինելու նրան, որ այդ խնամքի ծառայություններ մատուցող կենտրոնները լինեն փոքր և համայնքային տիպի: Դա կնպաստի, որ մարդը մնա իր հարազատ միջավայրում, իր համայնքում ստանա այդ ծառայությունը, այլ ոչ թե կապանցին գա Երևան, կամ երևանցին գնա այլ քաղաք: Պետք է զարկ տանք համայնքային ծառայություններին»,-ասաց Անահիտ Գևորգյանը, նշելով, որ այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու համար պետությունն ակտիվ համագործակցում է հասարակական կազմակերպությունների հետ:

 

«Այսօր պետության որդեգրած սոցիալական քաղաքականության նպատակը ծերերի համար արժանապիվ կենսապայմաններ ապահովելն է: Մեր հետագա քայլերն ուղղված են լինելու նրան, որ այդ խնամքի ծառայություններ մատուցող կենտրոնները լինեն փոքր և համայնքային տիպի: Դա կնպաստի, որ մարդը մնա իր հարազատ միջավայրում, իր համայնքում ստանա այդ ծառայությունը, այլ ոչ թե կապանցին գա Երևան, կամ երևանցին գնա այլ քաղաք: Պետք է զարկ տանք համայնքային ծառայություններին»,-ասաց Անահիտ Գևորգյանը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է  նաև աշխատանք տանել կամավորների մշակույթը հասարակության մեջ ներդնելու ուղղությամբ:

 

 

Ի՞նչ են պատմում տարեցները  

 

Տարեցների օրվա առթիվ WomenNet.am-ը փորձեց  պարզել, թե  ինչպե ս են ապրում  մեզանում տարեց մարդիկ:  Գո՞ հ են   իրենց կյանքից , կենսաթոշակի չափից, առողջապահական համակարգից ու սոցիալական վիճակից:  Ցավոք, մեզ հետ  զրույցում դժգոհությունների  թիվը գերազանցում էր …
«Ես չեմ համարում, որ վայելում եմ իմ ծերությունը, հիմա ոչնչի կարիք չպետք է ունենայի, բայց հակառակը՝ կարիքի մեջ եմ: Ստացածս թոշակով  հազիվ կարողանում եմ հաց ու պանիր գնել, մեկ-մեկ էլ թթվասեր ու կաթ, մսի մասին ընդհանրապես չեմ խոսում: Ի՞նչ արժանապատիվ ծերության մասին է խոսքը»,- նշեց 78-ամյա միայնակ թոշակառու տիկին Լարիսան:

 

75-ամյա Մուշեղ Գասպարյանը նույնպես դժգոհ է իր թոշակից: «Ամբողջ կյանքում աշխատեմ, վերջում 42 հազար դրամ թոշակ ստանամ: Բա դա անելու բա՞ն է: Բախտս էնքանով ա բերել, որ ոտով-ձեռով եմ, գնում եմ պահակություն եմ անում ու դեռ մի բան էլ էրեխեքիս ու թոռներիս օգնում»,- նշեց Մուշեղ պապը:

 

Նրա խոսքերով՝ պետությունը պետք է և պարտավոր է արժանապատիվ ծերություն ապահովի թոշակառուների համար. «Բայց կանե՞ն, հազիվ իրանց գրպանները լցնեն, որ նորմալ հարկեր հավաքեն, մենք էլ ապահով կապրենք»:

 

72-ամյա Ասյա Սիմոնյանը երիտասարդ տարիքում ամուսնուն կորցնելուց հետո մենակ մեծացրել է իր 2 երեխաներին: Բայց հիմա` օր ծերության, նա մենակ է մնացել: Աղջիկն ու որդին  ապրում  են  Ռուսաստանում, հազիվ կարողանում են իրենց ընտանիքը պահել, հազվադեպ են կարողանում մորը ֆինանսապես օգնել: Տիկին Ասյան էլ հազիվ է ոտքի վրա կանգնում, ճնշման հետ կապված խնդիրներ ունի:

 

Բժիշկներն ասում են, որ նա պետք է վիտամիններով հարուստ սնունդ ընդունի, մինչդեռ  րա կենսաթոշակը միայն բավարարում է, որ վճարի կոմունալ վարձերը ու ցամաք հաց գնի: «Ձմռանը հատկապես թոշակս չի հերիքում` կամ պիտի սոված նստեմ, կամ էլ ցրտից սառչեմ», – ասում է նա:

 

Առողջական վիճակի պատճառով նա նաև չի կարողանում  իր տան դիմաց գտնվող փոքրիկ այգին մշակի.  «Գոնե յոլա կգնայի, մի բան էլ էրեխեքիս կօգնեի:

 

Զրուցեցինք նաև խնամքի կենտրոններում ապրող տարեցների հետ: Թեև տարեցների միջազգային օրը նրանք ուշադրություն պակաս չեն զգում, նրանց այցի են գալիս պաշտոնյաներ, նրանց համար տարբեր միջոցառումներ են կազմակերպում, բայց  հետո երբ հիշում են որտեղ են ու ինչ պայմաններում են այդտեղ հայտնվել՝ դեմքներն անմիջապես մռայլվում է:

 

Նրանք հիշում են իրենց անցած-գնացած կյանքը,  լավ ու բարի ժամանակները… Այս ծերերից շատերն իրենց կամքով են ընտրել ծերանոցը, իսկ ոմանք էլ` ծերանոցում են հայտնվել հարազատների պարտադրանքով:

 

Տուն-ինտերնատում գտնվող տարեցների մեծ մասը զավակներ ունեն, բայց երբեք չեն մեղադրում իրենց երեխաներին: «Ես իմ երեխաներին չեմ մեղադրում, ես եմ խնդրել, որ ինձ այստեղ բերեն: Չեմ ուզում բեռ դառնալ: Թող իմ երեխաները, թոռները առողջ լինեն, ես էլ այստեղ հանգիստ կապրեմ»,- ասում է արդեն 5 տարի տուն-ինտերնատում  ապրող Լուսյա տատը:

 

Նրա հարևանուհին՝ Աշխենը  նույնպես չի մեղադրում որդուն՝ «հիվանդ է, հազիվ յոլա է գնում, ինքն էլ չի աշխատում՝ կնոջ ձեռքին է նայում» խոսքերից հետո խոր հոգոց է հանում ու դուրս գալիս սենյակից…

 

Մ.Մարգարյան

 

Լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի    «Մեր տարեցները » շարքից

 

 

Դիտումների քանակը` 2546

Գլխավոր էջ