Արեգնազ Մանուկյան. «Իսկ ո՞ւմ համար է քաղաքականությունը, եթե ոչ կնոջ»

Այն, որ լրագրողներն ակտիվ  մտնում են քաղաքական դաշտ, կարծես թե, օրինաչափություն է դառնում: Եվ դա   ոչ մեկին չի զարմացնում, քանզի  հատկապես քաղաքական լրագրողների  տեղեկացվածության աստիճանը  երկրում տիրող իրավիճակի  և իրադարձությունների մասին հիմք են  հանդիսանում  ոչ միայն  ակտիվ  քաղաքացիական , այլ նաև քաղաքական  դիրքորոշում ցուցաբերելու համար: Բացի այդ  լրագրողական փորձը  որոշակի առավելություններ  է տալիս  կուսակցական աշխատանքի անցնելիս:  Նախկինում լրագրող, այժմ «Համախմբում» կուսակցության անդամ և  մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը  հայտնի է իր երկարամյա լրագրողական գործունեությամբ` նախ հեռուստաընկերությունում, իսկ այնուհետ նաև համացանցային լրատվամիջոցներում: Վերջին երկու տարիների ընթացքում Արեգնազ Մանուկյանը  համատեղել է լրագրությունը  քաղաքական գործունեության հետ և առաջիկայում՝ հաշվի առնելով այն փաստը, որ   ներկայացված  է «Օհանյան – Րաֆֆի – Օսկանյան» դաշինքի համապետական  ցուցակի 13-րդ հորիզոնականում,  հնարավոր է շարունակի  քաղաքական կարիերան  նաև օրենսդիր մարմնում:

 

Լրագրողի երկար ճանապարհ եք անցել, ինչո՞ւ եք ուզում Ձեր գործունեությունը շարունակել որպես  պատգամավոր:

 

 –Պատգամավոր դառնալը երբեք իմ նպատակը չի եղել։ Երբևէ չեմ էլ մտածել, որ կարող եմ հեռանալ իմ սիրած մասնագիտությունից և այլ ուղի ընտրել։ Սակայն, երկրում ստեղծված ծայրաստիճան մտահոգիչ իրավիճակը, առավել ևս, երբ գործի բերումով թերություններն ամբողջապես հենց «ներսից» էի տեսնում, չէր կարող ինձ անտարբեր թողնել։ Անկեղծ եմ ասում, շատ դժվար եմ կայացրել որոշումս՝ հրաժարվել լրագրողի աշխատանքից և մտնել քաղաքականություն։ Բայց տարիների փորձը  ցույց տվեց, որ խնդիրները միայն լուսաբանելով և դրանք վեր հանելով՝ այդպես էլ լուծում չեն ստանում։ Որոշեցի փորձել այլ ուղի, որը  առավել մեծ հնարավորություններ կտա  այդ խնդիրներին լուծում տալու և ավելի արդյունավետ գործունեություն ծավալելու համար։ 

 

-Օրենսդիր մարմնի աշխատանքը  լուսաբանելիս շատ լավ  եք պատկերացնում  այն թերություններն ու բացթողումները, որոնք թույլ են տրվում բարիկադներից այն կողմ: Կարո՞ղ եք դրանցից խուսափել:

 

Այս հարցի շուրջ ինքս էլ եմ շատ մտածել՝ կեցությո՞ւնն է թելադրում գիտակցությունը, թե՞ հակառակը։ Ինչո՞ւ է մեր օրենսդիրների մեծամասնությունն օրենքները խախտում, իրենց համարում անպատժելի և ամենակարող, իրենց  բնո՞ւյթն է այդպիսին, թե՞ ամենաթողության և վերևից ստացած հովանավորությունն է նրանց այդպիսին դարձրել։ Կարծում եմ, որքան էլ մարդն իր բնույթով թերի լինի, եթե բարձրագույն իշխանությունների կողմից համընդհանուր կարգուկանոնի մթնոլորտ ձևավորվի, հասարակության մյուս շերտերն ինքնըստինքյան կենթարկվեն և կհետևեն այդ դրվածքին։ Այդ իսկ պատճառով ես իշխանափոխության կողմնակից եմ։ 

 

-Պատրա՞ստ եք պաշտպանել կանանց շահերը խորհրդարանում, ինչպե՞ս եք վերաբերվում կանանց նկատմամբ խտրականությանը  և անհավասարության դրսևորումներին:  

 

Կանայք պաշտպանության կարիք չունեն։  Կինը պաշտպանության կարիք ունի միայն այն ժամանակ, երբ ինքը չի գիտակցում իր ուժն ու հզորությունը, երբ թույլ է տալիս, որ իրեն նսեմացնեն կամ արհամարհեն։ Իսկ հաղթանակի դեպքում եթե լինեմ խորհրդարանում, բնականաբար, պատրաստ եմ ներկայացնել կանանց շահերը, բայց, կարծում եմ, ամենամեծ պաշտպանությունը հենց իմ և մյուս բոլոր կին թեկնածուների ներկայությունը կլինի օրենսդիր մարմնում, որպես ապացույց, որ կինը միաժամանակ կարող է և՛ ընտանիքի մայր լինել, և՛ ակտիվ քաղաքական ու հասարակական գործունեություն ծավալել։

 

 

– Համամի՞տ եք բոլոր ոլորտներում կին-տղամարդ  50/50 գաղափարի հետ և պատրա՞ստ եք արդյոք այն պաշտպանել:

 

Մշտապես դեմ եմ եղել արհեստական ամեն ինչին։ Այսինքն, եթե կինը լավ մասնագետ չէ, սխալ եմ համարում նրան աշխատանքում արհեսատականորեն ներգրավելը։ Նույնը նաև՝ տղամարդկանց պարագայում։ Կարծում  եմ, ազնիվ, պարտաճանաչ, սրտացավ և ակտիվ լինելը բոլորովին պայմանավորված չէ մարդու սեռով։  Մտավախություն ունեմ, որ  50/50 գաղափարը  կարող է  խտրական վերաբերմունքի հանգեցնել .  երբ, ասենք,  որևէ տղամարդ ավելի լավ մասնագետ է, քան իգական սեռի ներկայացուցիչը, բայց նրան չեն ընդունում աշխատանքի, որովհետև պետք է 50/50 բանաձևը   կիրառեն:

 

-Այդ դեպքում,  ձեր պատասխանը «Քաղաքականությունը կնոջ գործը չէ»  արտահայտությանը, որը բացառում է 50/50 գաղափարը:

 

– Հարցով պատասխանեմ՝ իսկ ո՞ւմ համար է քաղաքականությունը, եթե ոչ կնոջ։ Այն մտքի սրությունը, կանխազգալու  կարողությունը, բազմաշերտ մտածելակերպն ու ճկունությունը գրեթե ոչ մի տղամարդ չունի, բայց և կանանց մեծ մասն էլ չունեն տղամարդկանց սառնասրտությունը, տեղում սթափ դատելու և բարդ իրավիճակներում արագ ու առանց զգացականության կողմնորոշվելու կարողությունը։ Այնպես որ, ամեն ինչ փոխլրացվող է. քաղաքականությունում, ինչպես ամենուր, տեղ ունեն և՛ կանայք, և՛ թե տղամարդիկ։   

 

Զրուցեց Լիա Խոջոյանը

Դիտումների քանակը` 4834

Գլխավոր էջ